Արամ Խաչատրյանը, որը շուրջ մեկ տարի է՝ կալանքի տակ է, հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով «քննիչի ապօրինի գործողությունների» դեմ: Արամ Խաչատրյանին ու ևս երկու անձի մեղադրանքն առաջադրվել է մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ սպանություն կատարելու համար: Նրանք երեքը մեղադրանքն առաջադրվելուց հետո կալանավորվում են, սակայն չորս ամիս անց բացի Խաչատրյանից, մյուս երկուսը ազատ են արձակվում, քանի որ դատարանը հիմնավոր է համարում կասկածը, թե նրանք երկուսը գործողությունը պարտակողներ են եղել և ոչ թե դրա մասնակից:

Սակայն դեպքից գրեթե մեկ տարի անց ՀՀ Քննչական Կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Արման Չոբանյանը պաշտպանական կողմի համար անսպասելի լրացրել է մեղադրանքը՝ Խաչատրյանին մեղադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Եվ ուշագրավ է, որ մեղադրանքը, առաջադրվել է առանց փորձագիտական եզրակացության ու հիմնավորումների:

«Այս քննչական բաժնում «բեսպրեդելը» սահմաններ չունի, մարդու կյանքը զրո արժեք ունի։ Պաշտպանյալս ցանկանում է  ցուցմունք տալ երկրորդ մեղադրանքի վերաբերյալ, ցանկանում է դիրքորոշում հայտնել, սակայն առանց նրան լսելու մեղադրանքն առաջադրել են ու ասում են՝ նախաքննությունը ավարտվում է, պետք է գործը գնա դատարան», -Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է Արամ Խաչատրյանի փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Նա ասում է՝ գործը հսկող դատախազին միջնորդել են նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք սեքսուալ բնույթի գործողության հետևանքով եղել են հետքեր և եթե այո, ապա ինչ հետքեր են դրանք: Նաև միջնորդել են կազմակերպել առերես հարցաքննություն մյուս մեղադրյալների հետ: Սակայն դատախազությունից ոչ մի պատասխան չկա, փոխարենը քննիչը հայտարարել է, թե պետք է ավարտել նախաքննությունը և գործը ուղարկել դատարան: «Օրենսդրությամբ ունեն ժամկետ, եթե այդ ժամկետում չուղարկեցին դատարան, իրանք խնդիր են ունենալու, դրա համար ամեն գնով քննիչ Արման Չոբանյանը փորձում է լուծել գործը: Հարց է առաջանում՝ մեկ տարի ի՞նչ էիր անում, որ էդ գործողությունները չես արել», -հարց է բարձրացնում փաստաբանը:

«Իմ իրավունքները ոտնահարվում են, իմ անմեղությունը ապացուցելու համար միջնորդել եմ, որ քննչականը գործողություններ կատարվեն, սակայն դրանք չեն արվում», -հացադուլի իր հայտարարության մեջ նշում է կալանքի տակ գտնվող Արամ Խաչատրյանը:

Գալիկյանն ասում է՝ իր փաստաբանական շուրջ երկու տասնյակ տարիների գործունեության ընթացքում քննիչի կողմից նման անօրինական գործողություն չի տեսել՝ ինչպես է հնարավոր առանց ցուցմունք լսելու մեղադրանքն առաջադրել ու մտնել դատարան:

«Ստացվում է ՝ այս քննչական բաժնի համար գլխավորը ոչ թե արդարադատություն իրականացնելը կամ օբյեկտիվ քննությունն է, այլ պարզապես այնպես են անում, որ անձը կալանքի տակ մնա, իսկ իրենք հավելյալ պարգևավճար ստանան: Դա՞ է Հայաստանի արդարադատությունը: Քո գործողությունների արդյունքում, քննիչ, մարդը հացադուլի մեջ է: Նա չի ասում՝ ինձ ազատ արձակեք, նա ասում է՝ օբյեկտիվ քննություն արեք, ես մեղավորություն չունեմ, ես շարժառիթ ու դրդապատճառ չեմ ունեցել այդ մարդուն սպանելու», -նշում է Գարիկ Գալիկյանը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest