Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է. «Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում ենք քաղաքացիների համար»: Սա նույնն է, որ տեռորիստը երեխաներին պատանդ վերցնի ծնողների համար:

Նույնն է, որ ատոմային ռումբ պայթեցնեն շրջակա միջավայրի պահպանության համար: նույնն է, որ Ուկրաինայի վրա հարձակվես հենց Ուկրաինայի համար: Նույնն է, որ Սահմանադրությամբ ցմահ իշխանություն սահմանես պետության բարօրության համար: Նույնն է, որ Ծաղկաձորի անտառները կոտորես ընդդեմ գլոբալ տաքացման: Սա նույնն է, որ մթերային ապրանքների գները թանկացնես ընդդեմ շատակերության:

Ո՞վ է այդ մարդուն խնդրում պատճառաբանել, թե ինչի ես բարձրացնում: Պարզ չէ՞՝ բարձրացնում ես, որ չինովնիկները քեզ գերադասեն քաղաքացուց: Նույնը նաև դատավորների դեպքում: Թե չէ՝ ո՞վ ասեց, որ կոռուպցիան պակասել է կամ պակասելու նշաններ է ցույց տալիս: Հայաստանում մի բան է փոխվել միայն՝ հավատացնել, որ այն, ինչ արվում է, արվում է ժողովրդի համար:

Նախկինները դա չէին էլ փորձում պատճառաբանել, նրանք գիտեին, որ ընտրված չեն, հետևաբար ժողովրդի հերն էլ անիծած: Հիմա՝ չէ, պետք չէ անիծել ժողովրդի հերը, ժողովրդին պետք է համոզել, որ պաշտոնյան պետք է լավ ապրի իր շահի համար: Իսկ ժողովրդի շահը ո՞րն է, եթե դու մարդուն՝ չինովնիկին օժտում ես ժողովրդիցից ավելի լավը լինելու զգացողությամբ: Ժողովուրդը երբեք էլ լավ չի ապրել ու կարծես թե նշաններ էլ չկան, որ լավ կապրի:

Բայց հարց է ծագում՝ չինովնիկը ժողովուրդ չէ՞, նա էլ է, չէ՞, հարկեր տալիս, նա էլ է մասնակցում ընտրություններին: Այդպես է, բայց ամեն ինչ փչանում է, երբ հասկանում ես, թե հարկեր տալով նա ինչքան է կորցնում և ինչքան է կորցնում 150 հազար դրամ ստացողը, որը դեռ պետք է թանկացումներից գլուխ հանի, դոլար-դրամ խաղերից գլուխ հանի, համառորեն սպառողական զամբյուղը չգերազանցող թոշակներից ու նպաստներից գլուխ հանի:

Ինչո՞ւ Սերժի ժամանակ աղքատությունն իր ամբողջ հրեշավորությամբ ընդգծված չէր: Որովհետև դրսից էին փող ուղարկում: Հիմա մեկը լինի՝ դրսի հայերին փող ուղարկի: Կա նաև հաջորդ հարցը՝ իսկ ո՞ւմ աշխատավարձը բարձրացնի այդ մարդը, եթե մասնավոր սեկտորի վրա ինքը իշխանություն չունի, ինքը կարող է բարձրացնել միայն պետական աշխատողների աշխատավարձը: Հենց այդտեղ է խնդիրը:

Պետական աշխատանքը դառնում է ավելի գայթակղիչ, այսինքն, քաղաքացին դառնում է «բոլշևիկ», երբ պետության հույսին մնալն ավելի գերադասելի է, քան սեփական աշխատանք մտածելը: Վաղը ամբողջ ժողովուրդը կերազի դատախազ, քննիչ կամ չինովնիկ աշխատել, որովհետև լավ են վճարում: Էլի թող լավ վճարեն, բայց մասնավորի համար ոչինչ չի փոխվում: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանն ինքնին փոքր շուկա է մասնավորապես սպասարկման ոլորտը, ապրանքների վաճառքի ոլորտը, ուսուցչությունը և այլն:

Ընդ որում ուսուցիչներն էլ են պետության մարդիկ, որոնց մասին Փաշինյանն ասել էր, թե 400 հազար դրամ ստացող ուսուցիչ կա: Մնում էր ասել, թե՝ որտեղ: Այդպիսի աշխատավարձ ստացող ուսուցիչ չկա, որը զուտ դասավանդում է: նա պիտի նաև մեթոդիստ լինի, պիտի փոխտնօրեն լինի նաև ուսուցչությանը զուգահեռ:

Կարճ ասած, լավ եք անում, աշխատավարձ եք բարձրացնում, բայց ինչի՞ եք մեզ համոզում, թե մեզ համար եք անում: Դա ի՞նչ հեքիաթ է: Որ մենք է՞լ էս մանր երկրում մտածենքպետության փեշից կախվելու մասին:

Մհեր Արշակյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest