Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին չուղղվեց ամենագլխավոր հարցը՝ ի՞նչ մանդատի համաձայն է նա ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և արդյոք «Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում» իր իրավասության մեջ է մտնում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Քարվաճառի և Աղդամի շրջանները առանց մեկ կրակոցի հանձնվել են Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը և Արցախի մնացած հատվածը՝ ռուսական խաղաղապահ զորախմբին։ Այսինքն՝ Փաշինյանը գրչի մեկ հարվածով ընդլայնել է իր իրավասությունը Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ։
2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, ուստի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցելու մանդատ չունի։
2022 թվականի սկզբից Փաշինյանը, չնայած մանդատի բացակայությանը, հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «ներառյալ Արցախը»։ Միաժամանակ նա ասում է, որ Երեւանը չպետք է բանակցի «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին», Ստեփանակերտը ինքը պետք է լուծի սեփական խնդիրները Բաքվի հետ։
Փաստորեն, Փաշինյանը, որն իրեն իրավասու է համարում տնօրինել Արցախի տարածքը, հերքում է այնտեղ ապրող հայերի, ի դեպ, ՀՀ քաղաքացիների ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը։
Փաշինյանը, հետևելով Ռուսաստանին, Արցախն անվանում է «ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածք»՝ փորձելով թաքցնել սեփական լիազորությունների գերազանցումը, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Դա դուր է գալիս մեզ, թե ոչ, սակայն Արցախի Հանրապետությունը միակ իրավաքաղաքական իրողությունն է, որ ներկայումս գոյություն ունի տարածաշրջանում, և միայն Արցախի Հանրապետությունն իրավունք ունի տնօրինելու իր տարածքներն ու կարգավիճակը։ Այս իրավունքը չի կարող անտեսվել Երևանի, Բաքվի կամ Մոսկվայի կողմից։ «Խաղաղության պայմանագրով» «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց առաջ», Նիկոլ Փաշինյանը ստիպված է վերացնել Արցախի Հանրապետությունը. համոզել Արցախի ղեկավարությանը ցրել խորհրդարանը, բանակը, պետական մարմինները և վերածվել առանց իրավունքների, առանց քաղաքական կարգավիճակի համայնքի։
Սա այն է, ինչ հիմա փորձում են անել Մոսկվան ու Բաքուն՝ պաշտոնական Երեւանի լիակատար աջակցությամբ՝ դատապարտելով Արցախի ժողովրդին սովի եւ խոսելով միայն հումանիտար խնդիրների մասին։ Հակառակ ձեւով Արցախի պետականությունը չի կարող լուծարվել՝ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի գերագույն կամքով, և այն կարող է վերացվել միայն ժողովրդի կամքով։
Փաշինյանն Արցախի տարածքի, ինքնիշխանության, պետականության մասով ոչ մի լեգիտիմություն չունի. Ստեփանակերտում նույնիսկ խոսում են Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին, որը պատերազմից հետո Արցախի տարածքները տնօրինելու լիազորություն չուներ։ Եվ հիմա, հայտարարելով «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին, Փաշինյանը կրկնակի հանցագործություն է կատարում Արցախի Հանրապետության, նրա Սահմանադրության և ժողովրդի կամքի դեմ։
Արցախի Հանրապետությունը կա, այլապես ո՞ւմ է Փաշինյանը «միջպետական վարկ» տրամադրում, և նույնիսկ պարծենում է, որ Հայաստանը երբեք Արցախին այդքան ծավալի դոտացիա չի տվել։ Եթե չկա նման հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքով, Փաշինյանը պետք է դատվի պետական միջոցների յուրացման եւ փողով Արցախին շանտաժի ենթարկելու համար։
Ո՞վ է Փաշինյանը և ինչի՞ հիման վրա է նա տնօրինում այն, ինչի նկատմամբ իրավասություն չունի։ Նախքան ասելը, որ Երևանը չի մասնակցելու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին, Փաշինյանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից և զերծ մնա Արցախի՝ որեւէ պետության կազմում լինելու մասին հայտարարություններից։
Փաշինյանի լեգիտիմության և լիազորությունների հարցը հետզհետե դառնում է առանցքային խնդիր նրա ընդդիմախոսների դիրքորոշումներում։ Այն, որ Փաշինյանը չպետք է հայտարարություններ անի Արցախի պատկանելության մասին, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արցախի կարգավիճակն ու պատկանելությունը որոշելու Փաշինյանի լիազորությունների բացակայության մասին հայտարարել են Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը և շատ այլ գործիչներ։
Փաշինյանի հայտարարությունները առերևույթ քրեական հանցակազմ են պարունակում։
Նաիրա Հայրումյան