Հայաստանից պահանջում ենք հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահղացումից և հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարել է Արցախի պետնախարարը։
«Այդ մոտեցումը ունակ չէ ապահովելու տարածաշրջանում խաղաղությունը և Արցախի ժողովրդի արժանապատիվ գոյությունը, ավելին՝ դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը», — շեշտել է Գուրգեն Ներսիսյանը։
Ստեփանակերտում անընդունելի են համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հնչող հայտարարությունները։
«Գուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են շատ պետություններ, բայց ՀՀ-ի դիրքորոշումը կարևոր է այն առումով, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանը, տասնամյակներ շարունակ և հիմա Հայաստանին դիտարկում է որպես Արցախում ապրող հայ ժողովրդի շահերը ներկայացնողն ու իրավունքները պաշտպանողը։ Հետևաբար՝ Արցախը Ադրբեջանի տարածք չճանաչելը չի նշանակում, որ Հայաստանի Հարապետությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ», — ասաց պետնախարար Ներսիսյանը։
Պաշտոնյան շեշտեց՝ Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշել միայն Արցախի ժողովուրդը. — «Որևէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի ժողովուրդը, Արցախի խաղաղասեր ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունն այդ հակամարտության կարգավորման գործընթացում»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: