Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը չի ցանկանում բանակցությունների գնալ Ադրբեջանի հետ, սխալ են, սակայն Արցախը կգնա Ադրբեջանի հետ բանակցությունների միայն հստակ միջազգային երաշխիքի ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
«Մեր պատկերացմամբ՝ այդ հարթակ, որտեղ մենք ուղիղ կբանակցենք Բաքվի հետ, պետք է հետագայում դառնա նաեւ միջազգային երաշխավոր այդ ձեռք բերված պարտավորությունները կյանքի կոչելու համար։ Սա պարտադիր է, որովհետեւ անգամ միջազգային լիարժեք սուբյեկտ Հայաստանի հետ Ադրբեջանն ունի պայմանավորվածություններ, որոնք կյանքի չի կոչում, բայց այս պարագայում Հայաստանը հնարավորություն ունի միջազգային ատյաններում բարձրացնել այդ հարցը, Արցախը չունի, որովհետեւ միջազգային սուբյեկտ չէ, ռիսկերը շատ են»,- ասաց Հարությանը։
Հարությանի խոսքով՝ միջազգային հարթակը կբալանսավորի Ադրբեջանի եւ Արցախի դիրքերը։ Ադրբեջանն այդպես չի կարող պահանջել է Արցախի պետական կառույցների, Պաշտպանության բանակի լուծարումը։
«Արցախի իշխանությունը բազմիցս է բացառել, որ նման ուլտիմատումների տակ ստորագրելու է՝ հակառակ դեպքում դա կլինի մեր վերջնագիրը։ Մենք, ունենալով պաշտպանական մեխանիզմներ, ամեն օր ենթարկվում ենք Բաքվի ճնշումներին, առանց դրա պարզ է՝ վերջն ինչ է լինելու»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայկական կողմն ունի այն գիտակցումը, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հնարավորինս արագ հանդիպումներ ունենալ, Հարությանը նշեց, որ տեղեկություն չունի՝ Հայաստանի իշխանությունը դիմել է կամ պատրաստվում է դիմել Արցախի իշխանությանը երկխոսության գնալու համար։
«Համոզելու կարիք չկա, մենք ինքներս էլ շատ լավ հասկանում ենք ինչ է պետք, բայց առանց երրորդ կողմի ոչինչ չի կարող լինել, ընդ որում՝ երրորդ կողմ ասելով մենք հասկանում ենք միջազգային հստակ մեխանիզմ, որի շարքում կարող են լինել մի քանի երկրներ, ոչ թե կոնկրետ մեկը։ Նույն Սերգեյ Լավրովն ինքն էլ կարող է աշխատել հստակ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, միայն խոսքեր պետք չեն»,- ընդգծեց Հարութունյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: