System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է պատրաստել, որում կոչ է անում ավելի ակտիվ միջամտել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, որը հումանիտար ճգնաժամի մեջ է Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով։
SPIN-ին տված բացառիկ հարցազրույցում արտիստը նշել է, որ ավելի քան 120 000 մարդ մնացել է առանց սննդի եւ դեղորայքի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի յոթ ամիս շրջափակման պատճառով։
«Այդ ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապավինում է ռուսական խաղաղապահ ուժերի եւ Կարմիր Խաչի մարդասիրական օգնությանը»,- ասվում է նամակում, որը ստորագրել են նաեւ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն եւ Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը ու զվարճանքի ոլորտի այլ հայտնի գործիչներ։ «Ադրբեջանի զինվորներն այժմ արգելափակում են մարդասիրական օգնության ավտոշարասյունների մուտքն ու ելքը, իսկ հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Հիվանդանոցներում դեղորայքի եւ բժշկական պարագաների սուր պակաս կա։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ ICJ-ը [Արդարադատության միջազգային դատարանը] հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այս որոշումը»։
Թանկյանն ընդունում է, որ խնդրին ավելանում է Ուկրաինայում շարունակվող պատերազմը, որն էլ ավելի է ապակայունացնում տարածաշրջանը։ «Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշինքը վերականգնվել է»,- ասում է նա։ «Երբ պատերազմը սկսվեց, Ռուսաստանը որպես գոյատեւման միջոց նայեց Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ նրա նավթն ուղարկվում է ադրբեջանական խողովակաշարերով: Այսպիսով, Թուրքիան խաղում է երկու կողմից՝ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության, հօգուտ իրեն, եւ դա նույնիսկ խոչընդոտ է դարձել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության համար։ Ըստ էության, Թուրքիան շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ին իր ուզածին հասնելու համար, այն է՝ Եվրոպայում բնակվող քուրդ ակտիվիստների ձերբակալությունը։ Երկարաժամկետ հեռանկարում այս փոփոխությունները կարող են շատ կարեւոր լինել Հայաստանի համար, քանի որ 2018 թվականի խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանը միանշանակ շրջվում է դեպի Արեւմուտք, բայց հիմա չեմ կարծում, որ իրավիճակը դեպի լավը փոխվում է»։
«Մարդկանց մեծամասնությունը մամուլում ամեն օր կարդում է Ուկրաինայի մասին լուրերը, բայց նրանք չգիտեն, որ դա նույնիսկ տեղի է ունենում», — ասում է Թանկյանը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի մասին: «[Ուկրաինայի նախագահ] Վլադիմիր Զելենսկին թվիթերում գովաբանել է Ադրբեջանին եւ նրա կոռումպացված, ֆաշիստ բռնապետական առաջնորդ Իլհամ Ալիևին՝ էներգակիրների մատակարարման հարցում Ուկրաինային օգնելու համար։ Թող այդպես լինի, բայց միեւնույն ժամանակ նույն բռնապետը Հայաստանում օղակ է գցել ժողովրդի վրա ու ներխուժել ՄԱԿ-ի կողմից ճանաչված մեր տարածքներ։ Նա գրավել է մոտ 150 կիլոմետր, իսկ նրա զինվորները չեն նահանջում։ Մենք կեղծավոր ենք որպես միջազգային հանրություն, քանի որ չենք կարող մի երկիր զոհաբերել մյուսի համար։ Եվ դա ճիշտ չէ»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: