Ըստ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտագործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։

Արտգործնախարարությունից նշել են, որ մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) թե՛ երևանյան, թե՛ տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակներում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​

Ըստ գերատեսչության՝ հարցը քննարկվել է նաև ապրիլին կայացած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակներում:

Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչությունից շեշտում են՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ:

«ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ՊՀԾ ղեկավարության հետ անմիջական կապի մեջ են նաև ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունները: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի սահմանված կարգով», — ասված է Կառավարության պատասխանում։

Անցած շաբաթ, Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «այս պահին խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ շեշտելով՝ այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest