Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը համոզված է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորների գանգատների քննությունը առաջնահերթ է համարում, քանի որ դատավորների նկատմամբ կատարվածը համակարգային լուրջ խնդիր է։ Այդ է պատճառը, որ Եվրոպական դատարանը արդեն սկսել է կոմունիկացնել դատավորների գանգատները, այսինքն՝ ՀՀ կառավարությանը սկսել է հարցեր ուղղել ՄԻԵԴ ներկայացված դատավորների դիմումներում նշված տարբեր երևույթների վերաբերյալ։

«ՄԻԵԴ-ը այդ դիմումներին առաջնահերթություն միանշանակ կտա, որովհետև համակարգային լուրջ խնդիր է։ Դա նույնիսկ պետք էլ չէ ապացուցել, Կարեն Անդրեասյանը ապացուցել է, որ այս գործերը Եվրոպական դատարանում առաջնայնություն պետք է ունենան։ Խախտումների մասշտաբները աննախադեպ են», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ղազարյանը։

Արդեն տեղեկացրել ենք Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը ՄԻԵԴ-ից գրություն է ստացել, որով տեղեկացրել են՝ հարցեր են ուղղվել Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով կոնկրետ ժամկետում պատասխաններ ներկայացնել կամ հանդես գալ հաշտության առաջարկությամբ։

Հիշեցնենք՝ Անտոնյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր այս տարի հունվարին։

Այդուհանդերձ, եթե ՄԻԵԴ-ը այս կամ այն գործին առաջնահերթություն է տալիս, միևնույն է, դրա քննությունը տևում է տարիներ՝ առավելագույնը 4 տարի և ոչ թե շուրջ 10 տարի, ինչպես սովորական գործերի դեպքում է։

«ՄԻԵԴ-ը մտածում է՝ պետք է կանխել Հայաստանի դատական համակարգում կատարվողը։ Եվրոպական դատավորների միությունն էլ վերջերս հայտարարություն տարածեց՝ այն, ինչ կատարվում է Հայաստանի դատական համակարգում անարգանք ու ծաղր է եվրոպական կարգի նկատմամբ։ Նման գնահատական Հայաստանի որևէ ռեֆորմին չի տրվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ուր է հասել ցինիզմի աստիճանը՝ բոլոր դատավորների լիազորությունները դադարեցնել» -նշում է Արա Ղազարյանը։

Նրա խոսքով, կառավարության գործողությունները անկանխատեսելի են, հետևաբար դժվար է ասել՝ կգնա՞ հաշտության, թե ոչ։ ՄԻԵԴ-ի գործերով երկար տարիների փորձը մասնագետին ստիպում է ասել՝ սովորաբար կառավարությունը նման գործերով հաշտության չի գնում։ «Կառավարությունն ունի չգրված օրենք՝ ընդհանրապես չգնալ հաշտության, նույնիսկ առերևույթ հիմնավոր գործերով չեն գնում հաշտության։ Այս տարիների ընթացքում թերևս մեկ դեպք է եղել, երբ կառավարությունը ՄԻԵԴ-ում գործի վարույթի ընթացքում ասել է՝ ընդունում է խախտումը։ Բայց դատավորների գործերով քիչ հավանական է, որ կառավարությունը կգնա հաշտության, բայց նաև չի բացառվում, որ գնա։ Կարծում եմ՝ կառավարությունը չի ցանկանա գնալ հաշտության, որովհետև հաշտությունը նշանակում է վերաբացել ԲԴԽ-ի որոշումը և քննել արդեն եվրոպական չափանիշներով», -նշում է Ղազարյանը։

Նման գործերով, սովորաբար Հայաստանի կառավարությունը, ըստ մասնագետի, ժամկետների վրա է հույսը դնում՝ շուրջ 3 տարի կքննի գործը ՄԻԵԴ-ը, Հայաստանում մի երկու տարի կձգձգվի դատավորին վերականգնելու հարցի քննությունը, դե իսկ հետո էլ կերևա՝ ինչ կլինի։ Արդյունքում, ըստ Ղազարյանի, հեղինակազրկվում է Հայաստանի դատական համակարգը, «պարտվում է հասարակությունը»։

Հայաստանում վերջին ժամանակահատվածում ԲԴԽ-ի որոշմամբ տասնյակ դատավորներ են պատասխանատվության ենթարկվել՝ զրկվելով լիազորություններից։ Ղազարյանի խոսքով, այս ամենի հիմքում քաղաքական ծրագիրն է, որը ամեն գնով փորձում են իրականացնել։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ նույն հիմքով ինչպես եղավ Սուրեն Անտոնյանի դեպքում, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի զրկվում լիազորություններից, Արա Ղազարյանն արձագանքում է․ «Դա նույնպես քաղաքական ծրագիր է»։

Նաև հավելում է․ «Գործադիրը միջամտել է դատական իշխանության անկախությանը, գործադիրը դա արել է մեծ ցանկությամբ՝ հայտարարելով այդ մասին նախօրոք․ ամեն ինչ սկսվեց շատ վաղ, բայց հիմնական ազդանշանը տրվեց դատարանների շենքերը շրջափակումից։ Հիմա էլ դրա հետևանքներն են՝ ընտրեցին մարդ, որը համաձանել է տանել խաչը։ Դա Կարեն Անդրեասյանն է, որը զուրկ է ընդհանրապես նախապաշարումներից, որ կարող են իրեն քննադատել, և որոշեց այդ ծանրությունը վերցնել իր վրա։ Բայց հիմա եվրոպական հակազդեցությունն է գալիս, որովհետև Եվրոպայի խորհրդում հնարավոր չէ թույլ տալ նման բան»։

Հասմիկ Համբարձումյան

Առնչվող հրապարակումներ — «Կառավարությունը պետք է պատասխան տա Կարեն Անդրեասյանի գործողությունների համար»․ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է դատավոր Սուրեն Անտոնյանի գործը

«ԲԴԽ-ն դարձել է գործիք գործադիր իշխանության ձեռքերում, որը պատժում է դատավորներին». փաստաբան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest