Ազատությունը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։
Ինչպես նշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։
Կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, իսկ՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։
Նաև Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, հայտարարում է պաշտոնական Մոսկվան։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: