Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը, որի լիազորությունները այս տարի հունվարին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) գրություն է ստացել։ Նախկին դատավորին ՄԻԵԴ-ը տեղեկացնում է, որ հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով իր կողմից մատնանշված ժամկետում պատասխաններ ներկայացնել կամ հանդես գալ հաշտության առաջարկությամբ։
«Բոլորիս համար անակնկալ էր Եվրոպական դատարանից այդպես արագ արձագանքը։ Իմ դիմումը հունիսին է հասել և արդեն այսօր կոմունիկացիաների փուլում է։ Այդպես արագ նույնիսկ մեր առաջին ատյանի դատարանները հայց չեն ընդունում», —Forrights.am-ին ասում է Սուրեն Անտոնյանը։
Վերջինը, հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր էր նշանակվել 2009-ին։ ՀՀ արդարադատության նախարարության թիրախում հայտնվել է 2015 թվականին կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Այս վճիռն օգտագործելով ՀՀ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել նրա նկատմամբ։
Քաղաքացի Կոնդրանով Ամիրխանյանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata սկզբունքը (վերանայման ենթակա չլինելու սկզբունք) և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը։ ՄԻԵԴ-ը հաստատել է այս քաղաքացու խախտված իրավունքը։
Սակայն, սկսենք՝ սկզբից․ գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ՝ դեռևս 1998-2004 թվականներին կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Այսպես, երրորդ անձ Գ.-ին սեփականության իրավունքով պատկանել է հողակտոր, որի մի մասը, նրա համաձայնությամբ, առանձնացվել է ցանկապատով և օգտագործվել մեկ այլ անձի՝ Ջ․-ի կողմից։ Հետագայում վերջիններս պայմանագիր են կնքել, որով Գ.-ի հողամասի մի մասը տրամադրվում է Ջ.-ին։ Այնուհետև պարզվել է, որ նրա կողմից փաստացի օգտագործվող հողակտորը, որն առանձնացված էր ցանկապատով, 38.75 քմ ավելի մեծ է եղել, քան Գ.-ի կողմից տրամադրված՝ 285 քմ մակերեսով հողակտորը։ Մեկ այլ պայմանագրով այդ տարածքը ևս փոխանցվել է Ջ․-ին, սակայն պարզվել է, որ Ջ.-ի սեփականության իրավունքները պաշտոնապես գրանցվել են միայն 285 քմ մակերեսով հողակտորի նկատմամբ։
1998-ի ապրիլին Ամիրխանյանը Ջ.-ից գնել է առավել մեծ մակերեսով հողակտոր, սակայն ցանկապատը մնացել էր տեղում է և շարունակում էր օգտագործել նաև 38.75 քմ մակերեսով հողակտորը։ 2004-ին Գ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ամիրխանյանի՝ նպատակ ունենալով վերցնել դիմումատուի կողմից օգտագործվող 38.75 քմ մակերեսով հողակտորը` պնդելով, որ սեփականության իրավունքներ ունի դրա նկատմամբ: 2006 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը` կարգադրելով դիմումատուին հողամասը փոխանցել Գ-ին: Ամիրխանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2007թ մարտի 9-ին բավարարվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից։ Ըստ այդ որոշման, Գ.-ի հայցը մերժվել էր, դատարանն արձանագրել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.-ն համաձայնել էր, որ Ջ.-ն դառնար ցանկապատով առանձնացված և նրա կողմից օգտագործվող հողակտորի սեփականատերը, նա հօգուտ Ջ.-ի, հետևաբար` հօգուտ Ամիրխանյանի, հրաժարվել էր հողակտորի նկատմամբ ունեցած իր սեփականության իրավունքներից: Գ.-ն վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը վարույթ չէր ընդունվել։
Մասնավորապես, 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձանագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել։ Այս գործով բողոքը, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր, ժամկետների նշում չի ունեցել։
Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշել էր բավարարել Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։
Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։
Խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել երկրորդ անգամ ներկայացված բողոքը, առաջին բողոքը վերադարձնելու որոշումը կայացնելուց հետո օրինական ուժ էր ստացել վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որը կայացվել էր հօգուտ դիմումատուի; Բացի այդ, խախտվել է գույքից անարգել օգտվելու իր իրավունքը։
2015-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Ամիրխանյանի իրավունքների խախտումը։ Եվ ահա, այս վճռի հիման վրա էլ դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ 2022-ի նոյեմբերին կարգապահական վարույթ է հարուցել արդարադատության նախարարությունը ու միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) պատասխանատվության ենթարկել դատավորին։ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն էլ այս տարի հունվարին որոշեց դադարեցնել Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունները։
ԲԴԽ-ում այս գործով նիստերի ընթացքում Սուրեն Անտոնյանի ու նրա պաշտպանական կողմի համար հակադարձումը հետևյալն էր՝ կարգապահական վարույթ հարուցելու համար ՄԻԵԴ վճիռները, որպես առիթ, նախատեսվել են միայն օրենսդրական փոփոխություններից հետո, իսկ անձի վիճակը վատթարացնող նորմը ՀՀ Սահմանադրությամբ չի կարող ունենալ հետադարձ ուժ։
Կառավարությանն ուղղված ՄԻԵԴ-ի հարցերը Սուրեն Անտոնյանը նախերգանք է համարում, որին կհաջորդեն զարգացումներ․ «Այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող։ Սա անոնսն է, որին հետևելու են զարգացումներ։ Սկսվել է գործընթաց, և կառավարությունը արդեն պետք է պատասխան տա Կարեն Անդրեասյանի գործողությունների համար»։
Սուրեն Անտոնյանը միակ դատավորը չէ, որ իրավունքների խախտման հիմքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանի դատական համակարգում կոպտագույն խախտումների մասին ՄԻԵԴ-ին գանգատ են ներկայացրել նաև Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը։
Առնչվող հրապարակում- «ԲԴԽ-ն դարձել է գործիք գործադիր իշխանության ձեռքերում, որը պատժում է դատավորներին». Փաստաբան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: