Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Սոնյա Սարգսյանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ին ահազանգել է՝ տեղեկացնելով, որ իր որդին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողի կողմից բռնության է ենթարկվել։ Նրա որդին՝ Բորիս Մկրտչյանը, այժմ կալանավորված է։

«Հուլիսի 3-ին՝ ժամը 23:00-ին, տղաս գնացել է սուպերմարկետից ծխախոտ գնելու, տեսել է, որ քաղաքացիները վիճում են։ Ինքը հարցնում է՝ ի՞նչ է եղել, հաշտեցնում է։ Ոստիկանները գալիս են իմ տղային մի մութ տեղում ծեծում են։ Էդ մութ տեղից դուրս է գալիս, որ կոշիկները փնտրի, իրեն ծեծող օպերը՝ Գարուշ Պապիկյանը, առաջ է գալիս ու թևը բռնում, որ տանի բաժին ու մեր է ուշունց տալիս (հայհոյում է), իմ տղան այդ պահին ապտակում է։ Իրեն տանում են բաժին, ճանապարհին մի լավ ծեծում են։ Ոստիկանությունում էլ բաժնի պետի տեղակալ Ասոյանն ասում է՝ ես ու դու որ մենակ լինեինք, քեզ պատուհանից դուրս կգցեի»,-Forrighst.am-ի հետ զրույցում պատմել է մայրը՝ շեշտելով, որ որդու վիճակն այնքան վատ է եղել, որ ձերբակալման ժամերի ընթացքում մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։

«Երկու-երեք հատ շտապօգնություն է եկել իմ տղայի համար՝ ձերբակալելուց հետո, վատ է եղել իմ երեխան, ծեծել ու ջարդել են»,-ասել է մայրը՝ տեղեկացնելով, որ  Բորիսը 30 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա։

ՀՀ Քննչական կեմիտեից Forrighst.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Բորիս Մկչտրյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջանտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Եվս մեկ քրգործ էլ հարուցվել է Բորիս Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ ՔԿ-ից փոխանցել են, որ Բորիս Մկրտչյանը հարցաքննության ընթացքում տեղեկացրել է, որ ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայող Գարուշ Պապիկյանը հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ։

ՔԿ-ից մեզ փոխանցված գրավոր պատասխանում նշվել է, որ հարուցվել է քրեական վարույթ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, հոդվածով։

Միաժամանակ, Քննչական կոմիտեից չեն հայտնել՝ արդյո՞ք դադարեցվել են Սպիտակի ոստիկանության ծառայողի լիազորությունները կամ նա ինչ կարգավիճակ ունի։

 

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest