Բաքուն Հակարիի անցակետում հիմա էլ բժշկական անձնակազմ է տեղակայել, ադրբեջանցի բժիշկները պետք է զննեն Արցախից Կարմիր խաչի մեքենաներով տեղափոխվող հիվանդներին:

«Բժիշկ էր նստած երկու աղջկա հետ միասին», — ներկայացրեց Արցախի բնակիչը:

Արցախցի կինը երեխայի հետ մեկ ամիս սպասում էր, որ Կարմիր խաչը իրենց Երևան տեղափոխի, դուստրը տեսողության, նաև առողջական այլ խնդիրներ ունի, շաբաթ օրը 12 հիվանդների հետ հասան Հակարիի ադրբեջանական անցակետ։ Երեխան ակնոցով է եղել՝ ադրբեջանցի բժիշկը չի զննել, մի քանի հարց է տվել: Թե ինչպե՞ս անցան անցակետով՝ կարճ ժամանակ է անցել, բայց արցախցի կինն արդեն չի հիշում, ասում է՝ «այնքան նյարդային էի». — «Ներվային եմ եղել, սթրեսային վիճակում եմ եղել»:

Տասն օր առաջ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար էլ փակեց անցակետը, Արցախի պետնախարարը տեղեկացրեց, որ նոր նախապայմաններ են առաջ քաշել, հիվանդները պետք է բուժզննման ենթարկվեն նաև անցակետում, եթե կարիք լինի պիտի մերկանան։ Երեկ «Ազատության» «Կիրակնօրյա» թողարկման եթերում Գուրգեն Ներսիսյանն ասաց՝ մի կերպ համոզել են, որ գոնե բուժզննման ժամանակ տեսախցիկներ չլինեն։

«Ծանր վիճակում գտնվող հիվանդ կա, որին Հայաստանի Հանրապետություն Կարմիր խաչը տեղափոխում է նստած վիճակում, նրանց իջեցնում են և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ բուժհետազոտությունը պետք է զուգորդվի անձի մերկացմամբ, լրացուցիչ հետազոտություններով: Կարմիր խաչին այսօր հաջողվել է մի կերպ համոզել, որ գոնե այդ գործընթացը տեսախցիկների առաջ չկատարվի», — ներկայացրեց ներսիսյանը:

Այսօր և շաբաթ օրն են Կարմիր խաչի երկու մեքենաները՝ հիվանդներով ու նրանց ուղեկցողներով անցել Հակարիի անցակետով։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ «ղարաբաղահայեր, որ ցանկանում են հատել Լաչինի սահմանը» վերնագրով… կադրերում արցախցիներ են անձնագրային ստուգման հերթում, նաև բեռների ստուգման գործընթացն են նկարահանել։ Բուժզննման կադրեր ադրբեջանական լրատվամիջոցները չեն տարածել։

Ստեփանակերտից ահազանգում են՝ պաշարման մեջ հայտնված արցախցիները, որ ապրում են սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների խիստ պակասի պայմաններում, նաև դեղորայք չունեն։ Հունիսի 15-ից Բաքուն անցակետը փակ է պահում հումանիտար բեռների համար, դեղորայք նույնպես չի մատակարարվում։ Ավելի քան 200 հիվանդ սպասում է երևանյան բուժհաստատություն տեղափոխվելու իր հերթին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest