Արցախի Հանրապետության քաղաքացիները հուլիսի 21-ին փորձել են անցնել Հակարիի կամուրջը և գնալ իրենց տներ։ Նրանց վերադարձն Արցախ լուսաբանել են հայկական և միջազգային լրագրողները։

Նախաձեռնողներից Արցախի բնակիչ, «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսպիսով փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ալիևի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է քաղաքացիների տեղաշարժման համար, իրականությանը չի համապատասխանում։

Արցախի քաղաքացիներին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից դուրս գալուց հետո դիմավորեցին Հայաստանի և Արցախի ուժային կառույցների ներկայացուցիչները։ Նրանք անհապաղ իրականացրին իրենց լիազորությունների շրջանակներում առկա գործողությունները։

Ի դեպ, նշենք, որ Արցախի ոստիկանության ծառայողները միջանցքի ապօրինի շրջափակումից հետո չեն կարողանում իրենց հերթափոխն ավարտելուց հետո վերադառնալ իրենց ընտանիքներ։ Նրանք արդեն յոթ ամիս է՝ գիշերում են անցակետի կացարաններում։

Հայաստանի տարածքում գտնվող վերջին անցակետից հոտո սկսվում է չեզոք գոտին, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Հայաստանի և Արցախի ուժային կառույցների աշխատակիցները քաղաքացիների՝ այնտեղ ժամանելուն պես տեղեկացրին ռուս խաղաղապահների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, քանի որ այդ տարածք մուտքը, ապա ընթացքը դեպի Հակարիի կամուրջ իրականացվում է խաղաղապահների ուղեկցությամբ։

Մենք այնտեղ խաղաղապահ առաքելության որևէ ներկայացուցչի չհանդիպեցինք։ Քաղաքացիները նրանց այցին սպասեցին հինգ ժամ։ Մարգարիտա Քարամյանը, որը 7 ամիս է՝ զրկված է ընտանիքի հետ ապրելու հնարավորությունից, բազմիցս զանգահարեց ռուս խաղաղապահների կողմից հրապարակված հեռախոսահամարով։

Մարգարիտա Քարամյանը տեղում արձանագրեց ռուս խաղաղապահների անգործությունը` նշելով, որ ռուսական կողմն անգործության է մատնված` ինչպես միջանցքը բացելու, անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ քաղաքացիների հուզող հարցերին պատասխանելու առումներով։ Քաղաքացիները երկար սպասելուց հետո վերադարձան Երևան` աշխարհին ցույց տալով, որ Ալիևը ստում է բոլորին։

Հ. Գ. Ռուս խաղաղապահ առաքելությունը, շուրջ 10 ժամ անց, վերջապես արձագանքել է Արցախ մեկնող քաղաքացիների պահանջին։ Forrights.am-ին հայտնի դարձավ, որ Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու ցանկությանն ի պատասխան հայտարարել է, որ մերժում է նրանց մուտքի պահանջը։ Ռուս խաղաղապահների ղեկավար կազմն այս տեղեկությունը փոխանցել է Արցախի իշխանության ներկայացուցիչներից մեկի միջոցով։ Ըստ էության, ռուս խաղաղապահները հայտարարում են, որ հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները` այն է ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած արցախահայության անվտանգությունն ու Լաչինի միջոնցքով անվտանգ տեղաշարժը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները` տեսանյութում

 

 

Pin It on Pinterest