Արցախի հանրապետությունում իրավիճակն օրհասական է․ երեխաները թերսնված են, հիվանդներն՝ առանց բժշկական լիարժեք օգնության։ Ցեղասպան քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը յոթ ամիս է փակ է պահում Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ միջանցքը։ Արցախում ժողովրդական շարժում է սկսվել, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուրջօրյա նստացույց է, որին միացել է նաև Արցախի նախագահը։

Թե գործողությունների ի՞նչ պլան ունեն Արցախում՝ հայտնի չէ։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար, արցախյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը Forrighst.am-ի հետ զրույցում շեշտում է՝ անհրաժեշտություն կա Արցախի բնակիչներին տեղեկացնելու, թե ինչ է սպասվում առաջիկայում։

«Բանը հասել է նրան, որ նման ծայրահեղ քայլի են գնում իշխանությունները, փոխանակ ժամանակին աշխատեին, որ բանը չհասներ սրան։ Ես չեմ տեսնում այդ ակցիայի նպատակները, չկա ոչ մի ծրագիր։ Ռուբեն Վարդանյանն է հայտարարություն արել, որ շտաբ են կազմել, աշխատում են։ Շատ լավ է, բայց ի՞նչ են ներկայացնում։ Այդ մարդիկ իրենց ժողովրդին չեն ներկայացնում, թե ինչ են ուզում անել։ Միայն ասում են, որ աշխատում ենք, Արցախի խնդիրների վրա ուշադրություն ենք հրավիրում, սա բավարար չէ, պետք է հստակ լինի ծրագիր և նպատակ»,-ասում է Մարգարիտա Քարամյանը, որը շրջափակման պատճառով չի կարողանում վերադառնա Արցախ՝ միավորվել ընտանիքի հետ։

Մարգարիտա Քարամյանը մտահոգություն է հայտնում, որ իշխանությունների մասնակցությունը կարող է ժողովրդին հետ պահել վճռական գործողություններից։

«Հիմա մարդիկ կարող են դատողություններ անել, թե ովքեր են այնտեղ և ճանաչելով այդ մարդկանց կռահել, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Ես չեմ ուզում թերագնահատել, թող յուրաքանչյուրն իր քայլն անի, բայց չեմ կարծում, որ սա կարող է ինչ-որ արդյունք  տալ։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում անել՝ համաժողովրդական շարժո՞ւմ, թե՞ ժողովրդի անունից մի քայլ, որին ժողովուրդը դեմ է, ի՞նչ է լինելու այդ դեպքում։ Շատ հարցեր կան շարժման հետ կապված։ Սակայն, մինչ այս շարժումը, երբ ապաշրջափակման շարժում էր սկսվել այնտեղ հստակ ասում էին, որ պետք է հավաքվենք և գնանք այդ կամուրջ ու ստիպենք, որ բացեն, քանի որ միջազգային դատարանի որոշում կա։ Մենք տեսանք, որ Ստեփանակերտի այս միտինգը մարդկանց ուշադրությունը գլխավորից դեպի ոչ գլխավորը շեղելու նպատակ ուներ, դեռ մինչև վերջը չենք հասկանում»,-ասում է նա։

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոսել էր Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ Աղդամով Արցախ հումանիտար բեռներ տեղափոխելու մասին։ Նա այս հայտարարությունից հետո եվրոպացի երկրորդ պաշտոնյան էր նույն թեմային անդրադարձել՝  Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր առաջարկից նույնպես պետք է օգտվել, ոչ այլընտրանք Լաչինին, այլ որպես դրա լրացում», — նշել է Կլաարը:

Մարգարիտա Քարամյանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետները հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Համոզված եմ, որ Շառլ Միշելը չգիտի, թե Արցախը որտեղ է գտնվում կամ ինքը խոսում է ԼՂԻՄ-ի մասին՝ինքնավար բառը բաց թողնելով։ Իրենք ամեն կերպ փորձում են խնդիրը տանել այնտեղ, որ Արցախի բնակչությունն Ադրբեջանի փոքրամասնություն է, պետք է ենթարկվեն։ Յուրաքանրյուր երկիր իր շահերի հետևից է ընկած և պարզ է, որ արդեն իրենք չենք թաքցնում, որ Ադրբեջանն իրենց համար ավելի մեծ քաշ ունի, քանի Արցախի բնակիչները։ Հիմա Միջազգային հանրությունը խաղում է իր հեղինակության հետ։ Եվրոպան, ԱՄՆ-ն, որոնք հռչակել են, որ իրենց համար մարդու իրավունքերը բարձր արժեք են, ժողովրդավարությունը և այլն, հիմա, փաստորեն, անտեսում են այդ ամենը»,-ասում է նա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest