67-ամյա Ռուբեն Վաղարշակյանը, որը արցախյան ազատամարտի մասնակից է, սրտի վիրահատության կարիք ունի, սակայն պետությունը նրա կողքին կանգնած չէ։ Ապրում է Վաղարշապատի Ակնաշեն գյուղում։ Ասում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ջոկատում է եղել, մասնակցել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի գրավմանը։
«Իմ սոցիալական վիճակը շատ վատ ա, թոշակառու եմ, 43 հազար դրամ թոշակ եմ ստանում, որով ես գոյատևում եմ ուղղակի։ Մի ամիս առաջ ինձ ծանր վիճակում տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ ասեցին, որ չունեն հնարավորություններ բուժօգնություն չեն կարող ցուցաբերել։ Տեղափոխվեցի Էրեբունի բժշկական կենտրոն։ Մեկ միլիոն փող ուզեցին, ասեցի՝ չեմ կարա մուծեմ, մի հատ տուն ունեմ, ծախեմ որտե՞ղ ապրեմ։ Դեղերի տակ դուրս հանեցին հիվանդնաոցից», -Forrights.am-ին խնդիրը ներկայացրեց նախկին զինծառայողը։
Ասաց՝ սրտի սպազմաներ է ունենում, սրսկումներ է ստանում։ Սակայն խնդիրը լուծելու համար բժիշկները խորհուրդ են տվել սրտի բաց վիրահատություն իրականացնել։ Դրա համար պահանջել են 3 մլն դրամ, որը սոցիալապես անապահով մարդու համար հսկայական գումար է։
Ախտորոշման մասին համապատասխան փաստաթղթերը Ռուբեն Վաղարշակյանի հարազատները ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից փոխանցել են՝ պետք է հանձնաժողով կազմեն, ուսումնասիրեն և հետո միայն որոշեն պետական աջակցություն տրամադրելու մասին։
«Դե, սիրտ, սպասի՝ երբ պետք ա էդ հանձնաժողովը հավաքվի, որոշում կայացնի։ Այ սենց շատ վատ դրության մեջ եմ։ Մի պահ ա կամ, ու հետո կարամ չլինեմ», -նշեց 67-ամյա քաղաքացին։
Նրա դուստրը՝ Անահիտ Վաղարշակյանը պատմեց՝ «Բեստ լայֆ» բժշկական կետրոնում ասել են՝ սրտի անոթները փակ է, պահանջել են 3 մլն դրամ վիրահատության համար։ Սակայն երբ Վաղարշակյանի ընտանիքը ասել է, որ ի վիճակի չեն հիմա գումար փոխանցել ու առաջարկել են վիրահատել, հետո անպայման կվճարեն, այս բժշկական կենտրոնում չեն համաձայնել։ Ավելին, իրենք էլ իրենց կողմից առաջարկել են՝ համաձայնագիր գրել, որ բուժկենտրոնից հեռանում են իրենց համաձայնությամբ։
«Ասեցին մեր պայմանները էս են, մենք ոչ մի բանով չենք կարող օգնել։ Ասեցինք՝ մեզ վիրահատեք, մենք գումարը անպայման կտանք, բայց չարեցին, մեզ շատ վատ ձևով հետ ուղարկեցին», -ներկայացրեց դուստրը։
Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին փոխանցեցին, որ զինվորական հաշմանդամների ու զինթոշակառուների ցանկում Ռուբեն Վաղարշակյանը չկա, հետևաբար այս պահին ՊՆ-ի կողմից աջակցություն չի կարող լինել։ «Պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո մարդը պետք է անպայման կարգավիճակ գնա, ստանա, որ ՊՆ-ի բազայում համարվի զինհաշմանդամ, զինթոշակառու։ Այս դեպքում ընթացակարգը չի պահպանվել։ Դիմում են նախարարություն, հանձնաժողով է ձևավորվում և արդյունքում որոշվում է՝ տրամադրե՞լ կարգավիճակ, թե ոչ», -փոխանցեցին ՊՆ-ից։
Առողջապահության նախարարությունից էլ ասացին, որ արտոնություն ստանալու համար պետք է ունենալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումներ: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն ընկնում այս կամ այն արտոնության տակ, կարող են առողջապահության նախարարի անունով դիմում գրել՝ ներկայացնելով խնդիրը, սոցիալական վիճակը, անցած ուղին, գալ ընդունելության և հետո միայն կորոշվի՝ ինչ աջակցություն կտրամադրվի», -ընթացակարգը ներկայացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: