Forrights.am-ի հարցերին պատասխանում է բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը, որը այսօր հրապարակախոս Անուշ Սեդրակյանի հետ միասին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլ է հայտարարել։
-Այսօր դուք և Անուշ Սեդրակյանը ակցիա եք իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Խնդրում եմ ներկայացրեք՝ ինչ ակցիա է, ինչ նպատակ ունի։
Անուշ Սեդրակյանը հայտարարեց, որ «Հանուն Արցախի» խորագրով իրականացնում է մեկօրյա խորհրդանշական ակցիա, ես էլ ասացի՝ կմիանամ։ Այսօր առավոտյան ժամը 08։30-ից մենք միասին հացադուլի ենք։ Պարբերաբար գալիս են, մեզ մոտենում են կանայք, աղջիկներ, նաև՝ ոստիկաններ, հետաքրքրվում մեր որպիսությամբ։
Ակցիան շարունակական է։ Մեր պահանջն է ՄԱԿ-ին ներկայացնել Արցախում հումանիտար ճգնաժամը ու արցախահայությանը ապահովել պարենով։
ՄԱԿ-ի գրասենյակից մոտեցե՞լ են, հետաքրքրվե՞լ են ձեր պահանջով։ Ի՞նչ արձագանքներ կան։
Ոչ, խնդրանքով, պահանջով չեն հետաքրքրվել, բայց պարբերաբար մոտեցել են որպիսությամբ են հետաքրքրվել։ Ասել ենք, որ հացադուլ ենք անում, մոտավոր գիտեն, տեղեկացված են։
Ի՞նչ եք կարծում, արդյոք ձեր ակցիան վարակիչ կլինի։ Պասիվություն չեք նկատո՞ւմ։
Ոչ, ճիշտ հակառակը։ Ամենասկզբում կարծում էինք՝ շատ-շատ պասիվ կլինի և ի զարմանս մեզ, բավականին շատ մարդիկ են գալիս-գնում, և արդեն վաղը ու մյուս օրերի համար արդեն կան կանայք, աղջիկներ, ովքեր պատրաստ են փոխարինել մեզ։ Ակցիան շարունակական է, մյուս մասնակիցները վաղը առավոտից կսկսեն մինչև երեկո։ Հենց հիմա էլ մեզ մարդիկ են մոտենում։ Մենք մեզ մենակ չենք զգում։
Կա տեսակետ, որ ՄԱԿ-ի պարենի ծրագիրը որոշող մարմին չէ և չեք կարծո՞ւմ որ ձեր ակցիան դատապարտված է։
Մենք այս ակցիան անում ենք ոչ միայն պարենի պահանջը դնելով, այլ նաև արցախահայությանը զորավիգ լինելու և նրանց մեր ակցիայով հասկացնելու, որ իրենք մենակ չեն։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունները պարբերաբար հայտարարություններ են անում․․․սրանով նաև ցույց ենք տալիս, որ Հայաստանի ոչ բոլոր բնակչությունն է այս հայտարարություններին համաձայն։ Կան մարդիկ, ովքեր բոլորովին հակառակ կարծիք ունեն։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Սա աջակցություն է արցախահայությանը, խորհրդանշական քայլ է։ Մեկօրյա հացադուլից մարդիկ չեն մեռնում։ Կարևոր էր, որ տարբեր կանայք գան ու փոխարինեն միմյանց։ Մենք շարունակելու ենք այս ակցիան, մինչև, չգիտեմ, ինչ-որ պահանջ իրականություն դառնա։ Ամեն դեպքում, լիահույս ենք։
Իսկ ընդհանուր առմամբ, Արցախի հարցի շուրջ չեք նկատո՞ւմ պասիվություն բնակչության շրջանում։
Գիտեք, սկզբում մենք էլ էինք կարծում, թե պասիվ կլինեն, ոչ մի արձագանք չենք ունենա։ Բայց այդպես չէ, մեծ ոգևորություն ենք տեսնում, թե ես, թե Անուշը պարբերաբար նամակներ ու զանգեր ենք ստանում, նրանք հետաքրքրված են իրենք էլ իրենց հերթին շարունակելու ակցիան։ Այս պահին պատկերացրեք, ժամանակ էլ չկա ինքնազգացողության մասին մտածելու․ հիմա էլ մարդիկ մոտենում են ու հետաքրքրվում՝ ակցիայի նպատակով, հարցեր տալիս և այլն։
Շատ ավելի պասիվ էինք մտածում կլինի, բայց դրան հակառակ շատ ոգևորություն տեսանք։ Միգուցե պետք է մի կայծ լինի, որ հրդեհ տարածվի։
Հասմիկ Համբարձումյան
Լուսանկարը՝ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: