Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Փաշինյանը Շառլ Միշելին հանձնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը, որում վերջինս պահանջում է հրատապ քայլեր կիրառել դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը։
Հիշեցնենք, Արցախը շրջափակման մեջ է հայտնվել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից Լաչինի միջանցքով արգելվեցին անգամ հումանիտար փոխադրումները Կարմիր Խաչի ու այնտեղ հսկողություն իրականացնող ռուս խաղաղապահների կողմից։ Չկա գազ, շուրջօրյա լույս։ «Առկա է սննդի վատթարացող սղություն և դա այն դեպքում, որ շրջափակումից առաջ օգտագործվող բոլոր պարենատեսակների շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից», — նամակում դիմում է Արայիկ Հարությունյանը միջազգային հանրությանը։
Սպասվում է, որ Բրյուսելում կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր։ Իսկ այդ միջոցին Ստեփանակերտում անժամկետ ժողովրդական հանրահավաք է անցկացվում ապաշրջափակման պահանջով։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ դիմելով ժողովրդին ասել է, որ վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր, ավարտվում է վերջին դեղորայքը, մանկապարտեզներում սնունդ գրեթե չի տրվում, համայնքները մեկուսացման մեջ են, տրանսպորտի համար վառելիք չկա, շուտով չի աշխատելու շտապօգնության ծառայությունը։
Մարդիկ վրաններ են խփել հրապարակում և գիշերում են այնտեղ։ Գյուղերից շատերն են ուզում մասնակցել Ստեփանակերտի Վերածննի հրապարակում անցկացվող հավաքին, բայց տրանսպորտի և վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում հասնել մայրաքաղաք։ «Ռայոններում էլ են միտինգներ, “գարյուչիի” պատճառով չենք կարում գնանք հասնենք, մենք էլ մեր մոտ ենք հավաքվում ամեն օր ժամը 7-ին», — Forrights.am-ին ասում է Մարտակերտի բնակիչ Աշոտ Հարությունյանը։
Մինչ Ստեփանակերտում երեկ բազմամարդ միտինգ էր ընթանում, Շուշիի կողմից կրակում էին Արցախի դիրքերին։ Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։
Լիանա Մ-ն և քաղաքի այլ բնակիչներ տեսաձայնագրություններ էին տեղադրել ֆեյսբուքյան էջերում, որոնցում պարզ լսելի են կրակոցների ձայները։ Լիանա Մ-ին հարցրեցինք, թե ինչ սպասելիքներ ունի Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպումից։ «Փաշինյանը մեզ համար լավ բան չի անելու, հաստատ”, — պատասխանեց կինը։ Ավելի վաղ նա նկարել էր իր մանկահասակ երեխային, որն առաջին անգամ իր կյանքում պաղպաղակ է ուտում՝ Արցախի վերջին պաղպաղակը։ Ինչո՞ւ վերջին, էլ հույս չկ՞ա, որ պաղպաղակ կլինի խանութներում։ Լիանան պատասխանեց․ «Կաթ, շաքար չկա։ Էլ չեն պատրաստում։ 1 կիլոգրամ պաղպաղակը 5000 դրամ է»։ 2 օր առաջ նա փոքրիկի հետ երկար կանգնել էր կաթնամթերքի հերթում, կանգնել էր հենց այնպես։ Ասել էին՝ կաթ չեն բերելու, բայց նա սպասել էր։
Հաց էլ չէր գնել, եկել էր տուն «չկա»-ների շարան տեղադրել իր սոցցանցի էջին, և այն արտահայտում է տասնյակ հազարավոր մայրերի վիճակը։
«Այսօր երեխաներս սոված են քնել, մամա հաց եմ ուզում, մամա սոված եմ, տանը իհարկե ճաշ կար պատրաստած, բայց հաց չկար, շուտ էր վերջացել, ու չկար ոչ թե նրա համար որ գումար չկար, այլ որ խանութներում հաց չկար, ալյուր կա, հաց թխում են, բայց վառելիք չկա, որ խանութներին բաժանեն»։
Forrights.am-ի հետ զրույցում կինն ասաց, որ իր գրառումը զուտ սոված լինելուն չէր վերաբերում, այլ նրան, որ հաց չկար խանութում։ «Ես հացի փուռում եմ աշխատում, օրը 5-ից 7 հաց եմ գնում։ Բայց ինչ լոլիկը դուրս ա եկել չեմ գնել, էսօր գինը հարցնում եմ, 2600 դրամ է»։
Երեխաներին կերակրելու խնդրի առաջ կանգնած տասնակ հազարավոր մայրերից մեկին այսօր Արցախում քրեական հետապնդման են ենթարկում երեխաներին մահվան հասցնելու համար։ Քրեական գործ է հարուցվել 3 եւ 6 տարեկան երեխաների մահվան առթիվ «Անզգուշությամբ մահ պատճառելը» և «Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը» հոդվածներով։
Նրանք, ինչպես հայտնի է, մենակ մնալով Աղաբեկալինջ համայնքի իրենց տանը, դուրս էին եկել, երկար թափառել, մտել ճամփեզրին կայանած մեքենայի մեջ և մահացել շոգից։ Աղաբեկալինջ համայնքը Մարտակերտից 3 կմ հեռու է։ Կինը երեք երեխայի միայնակ մայր Վերա Նարիմանյանն է։ Արցախցիները չեն շտապում դատապարտել նրան։ Նա երեխաներին մենակ էր թողել, որովհետև գնացել էր նրանց համար սնունդ բերելու։
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթին Վերան ասել է, որ այդ օրը խանութից ձեթ ու շաքարավազ առնելու էր գնացել Մարտակերտ, ապա հետ էր եկել ձեռնունայն։
Մարտակերտում պատմում են, որ Վերան մոտեցել է ավտոմեքենային, որտեղ նրա երեխանրի մարմիններն էին, և հարցրել է այնտեղ հավաքված տղամարդկանց՝ ճի՞շտ է, որ երեխաները այդ մեքենայի մեջ են, մահացած, և հետո միայն ներս է նայել։
«Այն, ինչ կատարվում է Արցախում, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքով սահմանված «հումանիտար աղետ» ձևակերպմանը: Սա իրական ցեղասպանություն է: Իրավիճակը կրիտիակական է: Մահվան նոր դեպքերը լինելու են նրանց խղճին, ովքեր տեսել, իմացել ու լռել են», — ասված է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման այսօր տարածած հայտարարության մեջ։ «Ճակատը» պահանջում է օդային միջանցք բացել, առաջին անհրաժեշտության ապրանքներ Արցախ բերելու համար և անհապաղ փրկել նրանց, ովքեր կրիտիկական վիճակում են՝ Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին։
Ադրբեջանական կողմն էլ է հայտարարություն տարածել, որում առաջարկվում է արցախցիներին օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից։ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, ինչպես տասնյակ հարյուրավոր արցախցիներ, անընդունելի է համարում այս առաջարկը։
«Կա միջազգային կարգավիճակ ունեցող Բերձորի մայրուղին, այդտեղից պետք է գան և բեռները, և մարդիկ, պետք է կարողանան անցնել։ Ինչո՞ւ պետք է այն փոխարինվի Աղդամով։ Ո՞ւր ենք մենք գնալու դեպի Աղդամ»։ Ըստ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը Աղդամով ճանապարհ է առաջարկում, որովհետև ուզում է Արցախը գաղութացնել, ոչ թե որ բեռներն անցնեն։ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ այսօր, ժամը 20․00 կրկին հավաք է լ ինելու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։
Ի՞նչ եք սպասում Փաշինյան-Ալիև հանդիպումից։ Ոչ պաշտոնական տեղեկություն եղավ, որ նաև Արցախի հումանիտար իրավիճակն է քննարկվելու։ Forrights.am-ի հարցին Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց․
«Թող հանդիպումը լինի, տեսնենք, ինչ են պայմանավորվում։ Մենք ունենք մեր հստակ պատկերացումները։ Անընդունելի ենք համարում ցանկացած քայլ, լինի դա քաղաքականություն, թե հայտարարություն, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Իհարկե, նաև հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ ենք ակնկալում քայլեր, ոչ թե խոսքեր, կարծիքներ, կոչեր»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: