Այսօր արցախցին ելել է ոտքի, որ ասի՝ բավ է․ Ադրբեջանը և աշխարհը ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների կյանքը։ Արցախում վիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար, այսօր Ստեփանակերտում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այսօր կան արդեն բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ ու շատերի հետ միակ կապը հեռախոսազանգն է։ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով․․․ Մանկապարտեզներում երեխանեը գրեթե չեն սնվում, իսկ հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ։ Օրեր անց, նրա խոսքով, չեն աշխատելու շտապօգնության մեքենաները։ Գրեթե մեկ ամիս է՝ Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին։ Ուզում եմ հարց տալ Ռուսաստանին ու միջազգային հանրությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ուզում եք այս հրապարակում դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք»,- նշել է Ներսիսյանը։
Պետնախարարն ասել է, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգի մեջ է և դիմելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զինված զորախմբին, ժողովրդի անունից պահանջել է ապահովել ժողովրդի անվտանգությունը, ապաշրջափակել Հայաստանին կապող միջանցքը, ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ ընթացքը։ Իսկ միջազգային հանրությունից Արցախի պաշտոնյան պահանջել է գործի անցնել, «կանգնեցնել արհավիրքը», չսպասել մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի
«Արցախի ժողովուրդը աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդն է, մեր միակ նպատակը խաղաղությունն է։ Եվ հիմա մենք պատրաստ ենք սկսել մեր հանդեպ իրականացվող վայրագությունը դադարեցնելու խաղաղ ու աննահանջ պայքար։ Հիմա մենք ճանապարհվում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ և հնչեցնել մեր պահանջը՝ իրական տեղեկատվություն փոխանցել ստեղծված վիճակի մասին։ Այնուհետև բոլորս ճանապարհվում ենք ՌԴ զորակազմի տեղակայման վայր, նրանց ներկայացնելու ենք Արցախը ապաշրջափակելու պահանջ-խնդրանք, որից հետո մեր հանդիպումը կշարունակվի այստեղ, գրեթե ամենօրյա ռեժիմով», -ասել է պետնախարարը։
Տեսանյութը՝ Factor.am-ի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: