Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը բողոքարկել է իր պաշտպանյալին ձերբակալելու մասին իրավապահ մարմինների որոշումը։ Րոպեներ անց սպասվում է, որ դատարանը կքննի փաստաբանի բողոքը։
«Ուզում ենք հասկանալ՝ ինչ են ուզում էդ հանգիստ բնավորության տեր մարդուց։ Մեր դիրքորոշմամբ՝ ձերբակալումն անհիմն է։ Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված են այն պայմանները, որոնք հիմք են հանդիսանում անձին ձերբակալելու համար։ Այդ պայմանները առկա չեն, և մենք բողոքարկել ենք ձերբակալման որոշումը դատարանում», —Forrights.am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ըստ փաստաբանի, երեկ ավելի վաղ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է տեղի ունեցել Վիտալի Բալասանյանի տանը, որից հետո Բալասանյանին բռնության ենթարկելով, տարբեր ճնշումներ գործադրելով բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն։
Քրեական գործը, որը հարուցվել էր ավելի վաղ, վերաբերում է սպառողական վարկը ոչ նպատակային օգտագործելուն, սակայն Վիտալի Բալասանյանը, նրա որդին, եղբայրը և քեռորդին ձերբակալված են այլ քրեական գործով՝ իշխանության նկատմամբ բռնության սպառնալիքի համար։
«Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի հանցագործության կասկածանքով են ձերբակալված բոլորը։ Այդ հոդվածը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք։ Իրավապահները տեղեկություններ են ներկայացրել, որ ընդհարում է եղել, և պարոն Բալասանյանը սպառնալիքներ է հնչեցրել։ Սակայն մենք ասում ենք, որ նման բան չկա և չի կարող լինել, Բալասանյանը այն անձնավորությունը չի, որ դուրս գա իրավական պահանջների շրջանակից։ Բալասանյանի բոլոր պահանջները եղել են իրավաչափ, քանի որ նա ուզեցել է հասկանալ խուզարկության հիմքերը, ինչի հիման վրա են խուզարկում, կա՞ դատարանի թույլտվություն և եթե կա, ներկայացրեք։ Այդ պայմաններն է առաջադրել Ազգային անվտանգության ծառայողների առջև և բերման է ենթարկվել»,-ներկայացրեց փաստաբանը։
Բերման ենթարկելու գործընթացի ժամանակ, նրա խոսքով, անհամաչափ ուժ է գործադրվել․ «Բերման ենթարկելուց հետո նրա առողջական վիճակը սրտի հետ կապված վատացել էր, նա առավոտյան հետազոտվել է Արցախի հիվանդանոցում և ներկայումս ձերբակալության մեջ է»։
Հարցին, թե հնարավո՞ր է Բալասանյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, փաստաբանը խուսափեց պատասխանել, նշելով, որ այդ մասին հայտարարություն կանեն դատական նիստից հետո։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: