44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի նոր սահմաններին պարբերաբար ծագող լարվածությունը զսպելու համար Հայաստանի կանոնավոր բանակին միացող երկրապահները ահազանգում են՝ վաշտերը չունեն անհրաժեշտ օպտիկական սարքավորումներ՝ ջերմատեսիլ (տեպլովիզրներ), գիշերային տեսանելիության և գիշերային նշանառության օպտիկաներ:

«Թշնամուց 100-400 մ հեռավորության վրա մեր սահմանամերձ գյուղերն են, բնակչություն է ապրում, եթե էդ սարքավորումները չունենք, գիշերը չենք կարում վերահսկենք իրավիճակը, թուրքը ամեն վայրկյան կարա անցնի մեր թիկունք», -Forrights.am-ն ասում է Երկրապահ կամավորական միության Վանաձորի խորհրդի ղեկավար, փոխգնդապետ Արսեն Բարոյանը:

Երկրապահների Վանաձորի ջոկատը՝ շուրջ 350 անձ, մեկը մյուսին հերթափոխելով 21 օրը մեկ անգամ բարձրանում են դիրքեր: Բարոյանն ասում է՝ Վանաձորի խմբի ուղղությունը Սյունիքն է: Հիշում է՝ այնտեղ էր, երբ Շիկահողում երկու զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի առևանգման դեպքը տեղի ունեցավ: «Եկան, հասան թիկունք ու երեխեքին տարան: Բաց տարածքներ ունենք, որոնցով իրենք կարող են աննկատ դուրս գալ մեր թիկունք ու մի ամբողջ գյուղ ոչնչացնեն»,- ասում է փոխգնդապետը:

Խնդիրն առաջացել է պատերազմից հետո: Նրա խոսքով, 2 տարի է՝ սակայն վաշտերը չունեն անհրաժեշտ օպտիկական սարքավորումները։ Դրանց արժեքը տատանվում է 90 հազարից մինչև 250 հազար դրամի միջակայքում: «Մեր խնդիրը հիմա էդ սարքավորումներն ունենալն է: Բրիգադի հետ խոսում եմ, ասում են՝ ամեն ինչ ունեն՝ դրուժբա, գեներատոր, մեքենա, անգամ շտապ օգնության մեքենա կա, զրահաբաճկոն: Ասում են՝ մեզ մենակ գիշերային տեսանելիության սարքավորումներ տվեք, որ կարողանանք լիարժեք իրականացնենք մեր ծառայությունը: Հակառակ դեպքում, հերթափոխը կանգնած ա, դիմացը ոչինչ չի երևում, բայց հաշված վայրկյաններում հակառակորդը կարող ա մտնի մեր տարածք», -նշում է Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչը:

Պետությունը, ասում է, չի աջակցում, Երկրապահ կամավորականների միությունն էլ բավականաչափ ազդեցություն չունի որոշումների կայացման վրա: Հարցին՝ թե ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը արդյոք չի կարողանում միջնորդել կառավարությանը կամ ազդել որոշումների կայացման վրա, Արսեն Բարոյանը արձագանքում է. «Սասուն Միքայելյանը ըտեղ կապ չունի, նրա ձեռքին ոչինչ չկա: Որ երկրապահ ենք, գիտեք՝ ամեն ինչ ունե՞նք, նրան որտեղի՞ց ազդեցություն, ոչ մի ազդեցություն էլ չունենք: Հա, զրահաբաճկոն, մեքենաներ, շտապ օգնության մեքենաներ ու մնացած ամեն ինչ ունենք, բայց մեզ մենակ էդ գիշերային տեսանելիությունն ապահովող օպտիկաներն են պետք», -նշում է Բարոյանը:

Նրա խոսքով, եթե գտնվեն բարերարներ և աջակցեն գնել այդ սարքավորումները, դրանք լինելու են վաշտի համար ու եթե Հայաստանի սահմաններում իրավիճակը խաղաղվի, իսկ Երկրապահների կարիքն այլևս չզգացվի, ապա այդ սարքավորումները կմնան բանակին, ավելի կոնկրետ՝ այն զորամասին, որին իրենք կցված են:

«Մեր մարտիկները դիմում և խնդրում են բոլորին՝ դրամական աջակցության նպատակով, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետում  ձեռք բերել այդ սարքավորումները։ Վստահեցնում ենք, որ նվիրաբերած գումարները ծախսվելու են միայն ու միայն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար և հրապարակային հաշվետու ենք լինելու ծախսված յուրաքանչյուր լումայի համար», -ասում է նա:

Փոխգնդապետի ներկայացմամբ, այդ սարքավորումների առկայության պարագայում հնարավոր է 90 տոկոսով նվազեցնել թշնամուց եկող վտանգը. «Դա այնպիսի սարքավորում է, որ թույլ է տալիս գիշերով ամեն ինչ տեսնել: Մեզ համար ամենակարևորը գիշերն ա, որովհետև դիվերսիաները մեծ մասամբ տեղի են ունենում գիշերը»:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest