Ադրբեջանական կողմը հուլիսի 8-ին մի քանի ժամով վերականգնել էր Արցախի գազամատակարարումը, սակայն այն ադպես էլ չհասավ արցախցիների բնակարաններ։ Մինչ «Արցախգազը» նախապատրասվում էր մատակարարման մեկնարկին, Հայաստանից մտնող գազատարը դարձյալ փակվեց։ Թե ինչու ադրբեջանական կողմն այդպես վարվեց, պարզ չէ։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, գազամատակարարման վերականգման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը քարոզչական բնույթ էր կրում։ «Ինչ-որ հանդիպման ժամանակ այդ պահին հարկավոր էր հայտարարություն անել, որ գազամատակարարումը վերականգնված է և հաջորդ օրը գազն անջատեցին։ Քարոզչական էֆֆեկտը տեղի ունեցավ։ Իսկ իրականում միջազգային դատարանի, ԵՄ-ի պահանջները կատարելու մտադրություն չկար։ Տեսնում ենք, որ շրջափակումը շարունակվում է և դա տեղի է ունենում ՌԴ-ի լուռ համաձայնությամբ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ պետք է Արցախում խաղաղարար օպերացիա իրականացնել՝ միջազգային զինված ուժերի մասնակցությամբ։ Իսկ ՌԴ-ն որևէ մեկի կողմից չի դիտարկվում այդ գործընթացի մասնակից։
«Հարկավոր են խաղաղության միջազգային երաշխավորներ, որոնք չեզոք կլինեն Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքական ճնշումների նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ ՌԴ զորքերը խոչընդոտ չեն ստեղծում Ադրբեջանի ծրագրերի համար, ինչպիսին շրջափակումն է և Արցախի տարածքների գրավումը՝ հրադադարից հետո։ Ես թերահավատ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսի որոշում կընդունի, մյուս կողմից էլ Իլհամ Ալիևը նման որոշում չի կայացնի։ Իրականում Փաշինյանն ու Ալիևը խաղաղ կարգավորման հասնելու նպատակ չունեն»,-ասաց քաղաքագետը։
Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ Ղուկասյանի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունեն։ Քաղաքագետը Արցախի խնդրի կարգավորման մի քանի տեսլական է մատնանշում՝ ռուսական, արևմտյան և կարծում է, որ պետք է լինի նաև հայկական տեսլականը։
«Սկսենք հայկականից․ հարկավոր է համաձայնել հանրաքվեի գաղափարի հետ։ Այս 30 տարվա ընթացքում Արցախը չունեցավ այնպիսի տնտեսական բազա, որ առանց դոտացիայի կարողանա իր պետությունը պահել։ Հաջորդը պաշտպանությունն է՝ պետք էր իրականացնել քաղաքականություն, որ ադրբեջանահայությունը վերադաrնար Արցախ, չի իրականացվել։ Արցախի դեմոգրաֆիկ կազմը նույնպես խնդիրներ է ստեղծում իր անվտանգության համար։
Այսինքն, Արցախն իր մարդկային ռեսուրսներով իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորություն չունի։ Այսօր իրողություններն այնպիսին են, որ Արցախի ապագան Հայաստանին միավորվելու մեջ է։ Մենք պետք է հետաքրքրված լինենք Արցախում հանրաքվե անցկացնելու համար։ Որպեսզի հանրաքվեն միջազգայնորեն ճանաչվի, Ադրբեջանը չունենա հնարավորություն դա չճանաչելու, մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ հանրաքվեն անցկացնելուն։ Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է հանրաքվեին»,-ասում է քաղաքագետը՝ նշելով, որ հանրաքվեի անցկացման համար պետք է համաձայնության գալ Արցախի քաղաքական ուժերի և հասարակության հետ։ Ղուկասյանը կարծում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս հարցում կաջակցեն հայկական կողմին։
Ռուսական տեսլականն, ըստ Անդրիաս Ղուկասյանի, բխում է ռուս-ուկրաինական պատերազմի ելքով։ «ՌԴ-ն սառեցնում է պատերազմը Ուկրաինայում, բերում է նրան, որ Ուկրաինան համաձայնվում է հրադադարի գոյություն ունեցող դասավորությանը, որից հետո ՌԴ-ն առաջարկ է անելու Հայաստանին և Ադրբեջանին միանալ Միութենական պետությանը։ Ռուսական տեսլականում Արցախն Ադրբեջանի կազմում է, իսկ ՀՀ-ն և Ադրբեջանը միասին միութենական պետության կազմում են»,-ասաց քաղաքագետն ու ներկայացրեց արևմտյան տեսլականը․
«Արևմուտքը համարում է, որ հիմա ամենակարևորը միջազգային զորքերի տեղակայնումն է Արցախում։ Ես ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն այդ դերակատարությունն ունի։ Ջո Բայդենը պնդում է՝ Պուտինի զորքերը պետք է դուրս գան և իր ասած զորքերը պետք է կանգնեն Արցախում։ ՀՀ-ն ասում է՝ մենք նման որոշում չենք կարող կայացնել, ՌԴ-ի հետ պայմանավորվածություն ունենք։ Վերջնական տեսլականը հետևյալն է․ Արևմուտքը կարծում է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը պետք է մտնեն ԵՄ ասոցացման գոտի, բոլոր պետություններում պետք է լինեն ուրիշ կառավարություններ»։
Նա նաև ընդգծեց․ Ադրբեջանի տեսլականը Արցախը հայաթափելն է, իսկ Թուրքիայինը՝ ՀՀ պետականությունը ոչնչացնելը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։