ԿԽՄԿ-ն խզել է աշխատանքի պայմանագրերը վարձու վարորդների հետ, ովքեր փորձել են գաղտնի կերպով առևտրային ապրանքներ տեղափոխել Արցախ իրենց մեքենաներով:
Արցախում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի ղեկավար Էթերի Մուսայելյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ «ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չարտոնված ապրանքների տեղափոխման վերաբերյալ հնչած մտահոգություններին և չի աջակցում նման գործողություններին։ ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցներից ոչ մի չթույլատրված իր չի հայտնաբերվել»:
«Բոլոր բեռներն անցնում են Ադրբեջանի մաքսային հսկողությամբ։ Այնուամենայնիվ, մենք ցավում ենք, որ առանց մեր իմացության չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առևտրային ապրանքներ տեղափոխել իրենց մեքենաներով, որոնք ժամանակավորապես կրում էին ԿԽՄԿ տարբերանշանը: Այս անձինք ԿԽՄԿ-ի աշխատակիցներ չէին, և ԿԽՄԿ-ն անմիջապես խզեց նրանց պայմանագրերը: Մեր աշխատանքը Լաչինի միջանցքի երկայնքով միշտ կրում է զուտ մարդասիրական բնույթ։ Կարևոր աշխատանքը, որը հնարավորություն է տվել ավելի քան 600 հիվանդի տեղափոխել բժշկական հաստատություններ, բժշկական օգնության և դեղորայք, սնունդ, մանկական սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել ընտանիքներին, պետք է շարունակվի: Այդ աշխատանքը միշտ իրականացվում է կողմերի համաձայնությամբ և փոխում է հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասաց ԿԽՄԿ-ի Արցախում աշխատողը։