Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում քննարկումից հետո իշխող խորհրդարանական մեծամասնություն ունեցող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 62 կողմ, 1 դեմ ձայնով Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Նշենք, որ ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Նա նշել էր, որ չնայած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը առաջարկում են ընդդիմադիր խմբակցությունները, բայց նրա լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության իրավունք ընձեռված է բոլոր խմբակցություններին:
Իշխանական պատգամավորը ներկայացրել էր նաև, որ իշխող խմբակցությունը Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, այլ կդիտարկի ընդդիմադիրների ցանկացած թեկնածություն։
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը։ Թագուհի Թովմասյանը ևս չէր մասնակցում իր մասին քննարկմանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: