Ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանի ռեժիմի փոփոխության հարցը անհարկի ձգձգվում է։ Նա պարբերաբար իր իրավունքների խախտման մասին բողոքներ է ուղարկում «Նուբարաշեն» բերդից, և ամեն անգամ պատկան մարմինների չինովնիկներին վստահեցնում է, որ ընդունել է իր մեղքը և զղջացել է։
Նա ազատազրկվել է 2006 թվականին, իր կնոջ տատիկին դաժանաբար սպանելու և կողոպտելու համար։ Ըստ քրեական գործի նյութերի, իմանալով, որ կինն իրեն դավաճանում է, Արամը գնացել է նրան սպանելու, բայց դուռը բացել է կնոջ տատիկը, որը դանակի 40 հարված է ստացել Արամից ու մահացել։
Բանտարկության 17 տարիները Արամն անցկացրել է իր զոհի մասին մտքերով, բավականաչափ տառապել է և հիմա գտնում է, որ իրավուք ունի իր համար էլ արդարություն հայցել։ Բայց բախվել է տհաճ իրողության, երբ ցմահ դատապարտյալների խնդրանքները չեն կատարում, նրանց դիմումները հիմնականում անտեսվում են, կամ մի հասարակ հարցի համար նրանք ստիպված են լինում սպասել երկար տարիներ։
2022 թվականին Արամ Խաչիկյանը դիմել էր քրեակատարողական ծառայությանը իր պահման ռեժիմը փոխելու, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որը փակ հաստատություն է, մեկուսացման առավել ցածր աստիճանի ուղղիչ հաստատություն տեղափոխվելու հարցով և մերժում էր ստացել Արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովից։
Հանձնաժողովը իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Արամ Խաչիկյանը ազատազրկման 16 տարի պատիժը կրելու ընթացքում 16 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել։
Հանձնաժողովը հաշվի չի առել այն, որ դատապարտյալը «պատիժը կրելու ընթացքում դրսևորել է դրական և համաչափ վարքագիծ, չի հանդիսանում քրեական ենթամշակույթը և դրա արժեհամակարգը կրող անձ, օպերատիվ հաշվառումներով չի անցնում, հաշվառված չէ որպես բացասական հակումներ ունեցող դատապարտյալ, նկատվում է դրական վարքագծի դրսևորում և նրա ուղղման գործընթացում նկատվում է դրական դինամիկա», այսինքն, առկա են եղել քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված ուղղիչ հիմնարկի տեսակն ավելի ցածր մեկուսացվածության աստիճանի ուղղիչ հիմնարկով փոխոխելու հիմքը։
Այն անտեսվել է հանձնաժողովի կողմից։
Արամ Խաչիկյանը մերժման որոշումը բողոքարկել էր դատական կարգով, դիմելով վարչական դատարան։ Բայց վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը Խաչիկյանի ռեժիմի փոփոխության հարցը քննել է և վարչական գործի վարույթը կարճել է։
Դատարանը գտել է, որ ռեժիմի փոփոխության հարցը չպետք է քննվի վարչական դատարանում, քանի որ ուժի մեջ էր մտել նոր քրեակատարողական օրենսգիրքը, որով նման գործերը պետք է քննվեն ընդհանուր իրավասության դատարաններում։
Մերժում ստանալը տեւեց մեկ տարի։ Արամ Խաչիկյանի պաշտպանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանը ասում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը։
«Մեկնաբանությունը սխալ էր, որովհետև մինչ այդ օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, բողոքների քննությունն իրականացվում է հին կարգով», — փաստարկում է Մոնիկա Մարգարյանը։
Նա վերաքննիչ բողոք է ներկայացրել, և վերաքննիչ դատարանն ընդունել է փաստաբանի հիմնավորումները։
«Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանն իրոք, սխալ է մեկնաբանել քրեակատարողական նոր օրենսգիրքը, ամբողջությամբ բեկանել է վարչականի որոշումը և գործն ուղարկել է նոր քննության», — նշում է փաստաբանը Forrights.am-ի հետ զրույցում։
Արամ Խաչիկյանը վարչական դատարան էր դիմել մոտ մեկ տարի առաջ։ Մեկ տարի սպասել է վճռի, մերժվել է, և հիմա նոր քննություն է կատարվելու և նոր հայց պետք է ներկայացնել դատարան։ Այս անգամ նոր հայցը քննվելու է նոր քրեակատարողական օրենքով, հետևապես՝ ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Հաշվի առնելով ընդհանուր իրավասության դատարանների գերզբաղված վիճակը, կարելի է ենթադրել, որ ցմահ դատապարտյալի ռեժիմի փոփոխության հարցի քննությունը տեևելու է լավագույն դեպքում ևս մեկ տարի։
Այսպես, ռեժիմի փոփոխության պարզ գործը ձգձգվում, դառնում երկարատև քաշքշուկի առիթ։
Սյուզան Սիմոնյան