ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողով, պատասխանել հարցերին:
Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ:
«Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը:
«Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել (ներկայացված է ստորեւ) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: