Հայ Ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տուժողը կա, սակայն մեղադրյալ չկա։ Տուժողը հենց Առաքելյանն է։ Հիշեցնենք՝ վերջինը օրերս ֆեյսբուքում տեսանյութերի միջոցով հայտարարել էր, որ դաժան ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեում, իսկ ծեծի ենթարկողը Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է եղել և Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը՝ հենց Գևորգյանի աշխատասենյակում։

Տիգրան Առաքելյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նրա կինը Forrights.am-ին ասաց՝ մեկ այլ քրեական վարույթով տնային կալանքի տակ է և այդ պատճառով էլ արգելված է հեռախոսազանգերին պատասխանել։

«Եթե ուզում եք, որ տնային կալանքը փոխվի ու տանեն քրեակատարողական, կարող է խոսել», -պատասխանեցին մեր հեռախոսազանգին։

Ներկայացնենք մեկ դրվագ Առաքելյանի պատմությունից․ «Ձեռքերս կապած ինձ մտցնում են ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի աշխատասենյակ։ Ինձ դիմավորում է Արգիշտի Քյարամյանը՝ կանգնած, ձեռքերը գրպանը դրած։  Ինձ համար բարդ է նկարագրել առաջին հարվածը, չոքացնելը, էլեկտաշոկով խոշտանգելը, խոշտանգել են ոտքերով։ Քյարամյանը ոտքերը մաքրել է իմ վրա։

Ենթարկվել եմ ծեծի, ենթարկվել եմ հայհոյանքների, սպառնալիքներ ընտանիքիս համար։ Ինձ ասել են, որ կնոջդ և երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա է, կգցի տակը, ձեր տունը կամ պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր տնեցիներին, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը ոչ ավել, ոչ պակաս եղել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Արգիշտի Քյարամյանն ինձ հետ այդ օրը հանդիպել է երկու անգամ, երկու հանդիպումների ընթացքում էլ ես խոշտանգվել եմ։ Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով տարբեր մարմնի հատվածներում սկսել են վառել։ Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով տարբեր մարմնիս հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս։ Արդյո՞ք Քննչական կոմիտեի ղեկավարը ինձ խոշտանգել է, դա ո՞նց է ապացուցվելու։ Ես կարող եմ նկարագրել Ազատ Գևորգյանի կաբինետի ողջ գույքը, հանգստի սենյակը, որտեղ ինձ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը ձեռքերով բռնել էին և լուսամուտից ուզում էին ինձ գցել»։

Տիգրան Առաքելյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Forrights.am-ը դեռևս հունիսի 27-ին գրավոր հարցմամբ փորձել է պարզել՝ արդյոք հարուցված քրեական գործով կան մեղադրյալներ, արդյոք Տիգրան Առաքելյանը ճանաչվել է տուժող և վրջապես՝ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել քրեական վարույթի շրջանակներում, նշանակվե՞լ են դատաբժշկական փորձաքննություններ։

ԱԱԾ-ից սակայն պատասխանել են միայն մեկ հարցին՝ տեղեկացնելով, որ «Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով վերջինս ճանաչվել է որպես տուժող»։ Մյուս հարցերի վերաբերյալ ԱԱԾ-ն լռել է․ «Հայցված մյուս տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն, ուստի ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։

Այսպիսով, ԱԱԾ-ն գաղտնի է պահում՝ արդյոք Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը ճանաչվել են մեղադրյալներ, թե ոչ։

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest