«Ազատություն»-ը գրում է․

Դիմակավորված անհայտ անձինք կանգնեցել են Վլադիկավկազից Գրոզնի ուղևորվող տաքսին, որի մեջ գտնվող լրագրողին ու փաստաբանին դաժան ծեծի են ենթարկել, ոչնչացրել են լրագրողական տեխնիկան ու փաստաթղթերը։ Փաստաբանի պատմելով՝ նրանց սպառնացել են գնդակահարել, ատրճանակ են պահել գլխներին։ Հարձակվողները պահանջել են, որ նրանք հեռանան ու ոչինչ չգրեն։ Ալեքսանդր Նեմովը ոտքին դանակի հարված է ստացել, իսկ Ելենա Միլաշինան գլխուղեղային վնասվածք ունի, պարբերաբար կորցնում է գիտակցությունը, նրա ձեռքի մատները ջարդել են՝ պահանջելով արգելափակել հեռախոսը։ Նրանք գտնվում են Գրոզնիի հիվանդանոցում։

Այս մասին հաղորդում է «Ընդդեմ խոշտանգումների թիմը»։

«Նովայա գազետա»-ի խնդրանքով իրավիճակին միջամտել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Նա խոսել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, ինչից հետո Կադիրովը կարգադրել է նրանց տեղափոխել Բեսլանի հիվանդանոց։

Միլաշինան և Նեմովը Չեչնիա էին գնացել Զարեմա Մուսաևայի դատավարությանը ներկա լինելու նպատակով, ում 2022-ի հունվարին Չեչնիայի հատուկ ծառայություններն առևանգել էին Նիժնի Նովգորոդից։ Նեմովը նրա փաստաբանն է։ Այսօր ակնկալվում է դատարանի վճռի հրապարակումը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest