1. Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:
2. Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:
3.Պարզաբանելով պատերազմից առաջ վարչապետին` հակառակորդի կազմի և գործողությունների հավանական բնույթի ու նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ ոչ իրատեսական վերլուծությունների ներկայացման հանգամանքները, պետք է նշեմ որ այս թեմային ես որոշակիորեն անդրադարձել եմ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունում, բայց հիմա պահպանելով գաղտնիության ռեժիմի պահանջները, կներկայացնեմ որոշ հատվածներ պատերազմից առաջ տարբեր խորհրդակցություններին և նիստերին իմ կողմից տրված զեկույցներից.
-2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ. ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն, ինչպես նաև, օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն … ։
-2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար … :
-2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:
Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ:
Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները: ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ:
Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես … :
Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն … :
Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ … :
Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ … : Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները …: Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների: 2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ, թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է:
Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել: Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք:
4. Ինչ վերաբերվում է պատերազմից առաջ անվտանգության խորհրդի նիստում իմ կողմից զեկուզված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է հաշվի առնենք որ անվտանգության խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը:
Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով … :
5. 2020թ. նախապատերազմական եռամսյա ժամանակաշրջանում`(Սկսած 2020 թվականի հունիսի 8-ից` իմ պաշտոնավարման օրվանից) իրականացվել են բազմաթիվ պլանային և արտապլանային միջոցառումներ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման կետերի պաշտպանվածության աստիճանի բարձրացման, կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման, տարբեր օղակներում տեղեկատվության փոխանակման ժամանակացույցերի կրճատման, ստեղծված իրավիճակներում ուժերի և միջոցների կիրառմամբ՝ արագ արձագանքման ու զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Բոլոր միջոցառումների վերաբերյալ սահմանված ժամկետներում զեկույցներ եմ ներկայացրել վարչապետին: Պետք է նաև նշեմ, որ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի վերաբերյալ փաստարկված վերլուծությունը մանրամասն ներկայացրել եմ և քննչական մարմիններում և ԱԺ քննիչ հանձնաժողովում:
6. Քննիչ հանձնաժողովին ներկայացրել եմ պաշտպանության հետ կապված համակարգային թվով 11 հիմնախնդիրներ, որոնք պատճառ դարձան 2020թ.-ի 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների համար, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների մասով և մի քանի առանցքային գործոն: Ներկայացնեմ միայն պատերազմի ելքի վրա ազդած հիմնական գործոնները.
1) աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների չեզոքությունը և անտարբերությունը, ու ըստ էության ագրեսիայի արդարացումը և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը քաղաքական աջակցության և ռազմական օգնության ցուցաբերման ձևական մոտեցումները,
2) հակառակորդի քանակական և որակական բացարձակ գերակայությունը, այդ թվում՝ օդային տարածքում, հակառակորդի սպառազինությունում գերճշգրիտ միջոցների մեծաքանակ լինելը,
3) մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում:
7. Պետք է նշեմ,որ ռազմական կառավարումը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է, և նրա գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կախված է պետական կառավարման համակարգի մակարդակից: (Չմոռանանք,որ զինված ուժերը վարում են ռազմական գործողությունները, իսկ պատերազմը վարում է պետությունը): Պաշտպանության ոլորտում իրականացված գործունեության ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից թույլ տրվեցին մի շարք բացթողումներ,որոնք զգալիորեն ազդեցին ռազմական գործողությունների արդյունավետության վրա,մասնավորապես.
-Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ոչ պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հետևանքով մեր ազգաբնակչությունը շատ տեղերում շրջափակում էր ճանապարհները և արգելափակում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի տեղաշարժը դեպի մարտական գործողությունների շրջաններ. -Ռազմական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում գործուն միջոցներ չձեռնարկելու պատճառով ձևավորվեց անպատժելիության մթնոլոլտ, որի հետևանքով մարտական գործողությունների շրջաններից զանգվածային փախուստի դեպքեր արձանագրվեցին, ինչը զգալիորեն ազդեց պաշտպանական համակարգի կայունության վրա.
-Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում , ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար.
– Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը.
– Անպատասխանատու մոտեցման հետևանքով ձախողվեց մարտական գործողություններին մասնավոր ռազմական կազմակերպությունների և այլ երկրներից կամավորականների մասնակցելու նախաձեռնությունը: Ընդ որում, սկզբնական շրջանում խոչնդոտներ էին առաջանում ֆինանսական միջոցների հատկացման առումով, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ,,Վարձկանների հավաքագրման,օգտագործման,ֆինանսավորման և ուսուցման դեմ,, միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումով վերջնականապես տապալվեց բավականին մեծ թվով կամավորականների` պատերազմին ներգրավելու գործընթացը.
-Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար:
8.Պարզաբանելով հրամանատարական կազմի կողմից թուլլ տրված թերությունների ու բացթողումների վերաբերյալ մեղադրանքների հանգամանքները, պետք է նշեմ. Պատերազմների պատմությունում գոյություն չունի որևէ արձանագրված փաստ, որի համաձայն այս կամ այն զորահրամանատարները և հրամանատարները զորքերի կառավարումն իրականացրած լինեն անթերի: Պատերազմի ընթացքում բարդագույն իրավիճակում, ըստ իմ գնահատման, հրամանատարները կատարել են առավելագույն հնարավորը՝ հակառակորդի գերազանցող ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար:
Գտնում եմ, որ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները, մասնավորապես՝ հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու առումով և այլն: Վերջիվերջո պետք է հասկանալ՝ կարող էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե ոչ: ՈՒ շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թէ գործող և թէ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենանք թէ ոչ:
9. Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը:
Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար: Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում: Դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն ցանկացած տեղեկատվություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվում էինք հակասական տվյալների ստացման երևույթին:
10. Ամեն դեպքում զինված ուժերը իրենց թերություններով ու բացթողումներով հանդերձ 44 օր մարտնչեցին բազմակի անգամ գերազանցող թշնամու դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ, ընձեռում էին իշխանություններին հնարավորություն` քաղաքական որոշումներ կայացնելու համար:
11. Ինչ վերաբերվում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ`գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել:Կարևորում եմ նաև այն հանգամանքը,որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել:
Գեներալ-Գնդապետ
Օնիկ Գասպարյան
27․06․2023թ․
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: