Կորյուն Աղեկյանը, որը պատերազմին մասնակցած զինհաշմանդամ է, խաբեության զոհ է դարձել․ հայտարարությունների կայքից (list.am) տան համար փորձել է եվրոլուսամուտներ պատվիրել, սակայն գումարը տարել են, բայց լուսամուտները արդեն մի քանի ամիս է՝ չեն բերում։
«Մեր տան լուսամուտներն էի ուզում փոխեի, հայտարարությունների էդ կայքով նայում էի, շատ թանկ էին, փորձում էի ընտրել ընենց տարբերակ, որ մի քիչ էժան լիներ, փողս չէր հերիքում։ Կանգնեցի էդ տղու հայտարարության վրա, պայմանավորվեցինք, եկավ, չափերը վերցրեց, փողն էլ հետը ու գնաց։ Չկա ու չկա», —Forrights.am-ին խնդիրը ներկայացնում է զինհաշմանդամը։
Կորյուն Աղեկյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, իսկ պատերազմից հետո ծառայել ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում։ Ծառայությունից հետո Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) թիմում տարբեր տեսակի աջակցություն է տրամադրել բանակին։ Զինհաշմանդամության թոշակը շուրջ 60 հազար դրամ է։ 400 հազար դրամը, որը Կորյուն Աղեկյանը տվել է պատուհանների դիմաց, իր զինհաշմանդամության թոշակից մի քանի ամիս կուտակած գումարն է։ «Պատուհանները փոխել էր պետք, շատ ծանր էր էդ փողը հավաքելը, պահանջվեց երկար ժամանակ, մինչև կարողացա էդքան հավաքել», -նշում է նա։
Զանգել է, պայմանավորվել են, վարպետը եկել է չափումներն արել, վստահեցրել, որ պատվերը կլինի ժամանակին, սակայն երեք ամսից ավելի է ոչ փողն է վերադարձնում, ոչ էլ ապրանքն է բերում։ Աղեկյանի խոսքով, գումարի մյուս մասը պարտավորվել է փոխանցել աշխատանքը կատարելուց հետո։
Նա հավատացել է անծանոթ հայտարարությանը, քանի որ ներկայացված առաջարկը շուկայականից համեմատաբար էժան է եղել։ Երբ անցել է նախանշված ժամանակը, Կորյուն Աղեկյանը զանգել է վարպետին՝ պարզելու՝ ինչու չի բերում ապրանքը։ Սակայն վերջինը ասել է, որ կբերի հաջորդ օրը, ու այդպես ժամանակն անցել է։
«Ես պարբերաբար զանգում էի, ինքն ասում էր՝ վաղը կբերեմ, էսօր կբերեմ, անպայման կբերեմ, մի մտահոգվի, ապրանքդ կլինի։ Ըտենց մի ամսի չափ խաբեց, ես էլ ասեցի՝ խաբում ես, չես բերում, գոնե գումարը վերադարձրու։ Հիմա էլ սկսեց գումարը վերադարձնելը խոստանալ էսօր-վաղը ու տենց մինչև հիմա խաբում ա։ Վերջերս շատ ջղայնացա, զանգեցի ասեցի՝ լսի, թոշակը չի լինի ուտել, պետք ա բերես էդ փողը, ասեց կբերի ու մի միջնորդի միջոցով մի քանի օր հետո 100 հազար դրամը փոխանցեց։ էդ էր ու վերջ զանգում եմ՝ խաբում ա, զանգում եմ՝ խաբում ա», -պատմում է զինհաշմանդամը։
Նրան իրավապահ մարմիններից ասել են, որ եթե անձը պարտավորվում է ու խոստանում գումարը տալ, ապա իրավապահ համակարգն այստեղ անելիք չունի։
Հայտարարությունների կայքում էժան առաջարկը ներկայացնողը Նորայր Ղոնաղչյանն է, որը մեզ հետ հեռախոսազրույցում ևս խոստացավ վերադարձնել գումարը։
«Ընենց չի, որ չեմ վերադարձրել, 400 հազար դրամից 100 հազարը տվել եմ ու էն 300 հազարն էլ եմ տալու, պարտադիր։ Խոստանում եմ էսօր ասել՝ էդ գումարը երբ եմ վերադարձնելու», -Forrights.am-ին ասում է լուսամուտների վարպետը։
Կորյուն Աղեկյանն ասում է՝ նույն ոճով այդ վարպետն իրեն է խաբել՝ օր օրի հետաձգելով գումարը վերադարձնելը։ «Նույնիսկ սրբություններով է երդվում, թե կբերի, բայց մեկ ա, չի բերում։ Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, ու էլ չդիմացա՝ ասեցի պետք ա խայտառակ լինես ամբողջ հանրապետությունով մեկ», -նշում է Աղեկյանը։
Նա հորդորում է հայտարարությունների միջև ընտրություն կատարելիս լինել աչալուրջ ու որևէ բան պատվիրելու հարցում ընտրել ավելի հուսալի ձեռնարկատերերի, վարպետների՝ խաբեության զոհ չդառնալու համար։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: