44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը օրերս պատասխանել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանի որոշ դիտարկումներին:

Վարչապետն ասել է, որ ամեն ինչ չի արվել, որպեսզի պատերազմը տեղի չունենա, մասնավորապես, որ իրեն չի զեկուցվել մեր զինված ուժերի աղետալի վիճակի մասին: Ճի՞շտ է ասում Նիկոլ Փաշինյանը, թե ոչ: Ես չգիտեմ: Բայց Օնիկ Գասպարյանի հակադարձումներն առնվազն տարօրինակ են: Մարդն ասում է, որ հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել է, որ մեզ 8 միլիարդ դոլարի զենք է պետք: Հետո ասում է, որ առաջարկում է «հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ-ի հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն»: Այ էստեղ ամեն ինչ դառնում է ծիծաղելի: Մենք Ռուսաստանի կամ ՀԱՊԿ որևէ այլ երկրի հետ ինչպե՞ս կարող էինք ավելի լավ հարաբերություն ունենալ, քան ունեինք: Մենք ի՞նչ ունեինք նրանց առաջարկելու: Բայց սա էլ չի խնդիրը:

ԳՇ պետ է, քաղաքականությունից չի հասկանում, ասում է, որ պետք է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ու դա գրում է այսօր: Այսօր ասում է, որ այն ժամանակ այդպիսի առաջարկություն է արել: Այսինքն, մինչև հիմա չգիտի, որ այս պատերազմում Ռուսաստանի դերը ոչնչով պակաս չէ Թուրքիայի դերից: Մինչև հիմա չգիտի, որ քաղաքական գործիչ Փաշինյանը դա արդեն իսկ պիտի իմանար մինչև պատերազմը ու կարճ ժամանակում ուղիղ երկխոսության մեջ մտներ Ադրբեջանի հետ կամ արագորեն հետ քաշեր զորքերը միակողմանիորեն՝ աշխարհին ասելով, որ Ադրբեջանն ուզում է հարձակվել, ես միակողմանիորեն զիջում եմ նրան զրկելով հարձակման մոտիվացիայից:

Օնիկ Գասպարյանը շարունակում է՝ միջոցառումներ ձեռնարկել «օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը, աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելուն և ընդդեմ նրանց ռազմատենչ քաղաքականության միջոցառումներ կազմակերպելուն»: Սա, ինչպես դասականն էր ասում, մանկապարտեզ է:

Պատերազմի ժամանակ աշխարհի արձագանքը ցույց չտվե՞ց, որ «խաղը ծախված է», աշխարհի էսօրվա վերաբերմունքից չի երևո՞ւմ, որ այն ժամանակ արդեն գերտերությունները «մեր փոխարեն կռվել, վերջացրել են էս կռիվը»: Սփյուռքն ի՞նչ կարող է անել:

Միակ խելամիտ առաջարկը 8 միլիարդ դոլարի զենք գնելու առաջարկն է, որի միայն թվից Փաշինյանը երևի հասկացել է, որ կորած ենք: Այ էս պահից է սկսվում հարցը՝ երբ սա հասկացել ես՝ ի՞նչ ես արել, որ պատերազմը չկանխվի: Ու ինչ էլ արած լիներ, հաստատ իմաստ չուներ անել Օնիկ Գասպարյանի առաջարկած տարբերակները, որովհետև ՀԱՊԿ-ն, ինչպես իրականությունը ցույց տվեց, ամենևին էլ մտադիր չէր խառնվել այս պատերազմին: Լուկաշենկոն էր, չէ՞, Սերժ Սարգսյանին ասում՝ 5 միլիարդ դոլար տանք, էս հարցը փակեք, տվեք Ադրբեջանին ինչ որ ուզում է:

Օնիկ Գասպարյանի տեքստից երևում է, որ ինքն էլ չի կանխատեսել դեպքերի հետագա ընթացքը, որովհետև նրա առաջարկած լուծումները հրատապ լուծումներ չեն, հրատապ լուծումները Սփյուռքին ներգրավելով չեն լինում, կամ ՀԱՊԿ երկրների հետ հարաբերություններն ավելի բարելավելով չեն լինում: Հրատապ լուծումները լինում են՝ կամ զորքերը միակողմանիորեն հետ քաշելով, կամ 8 միլիարդ դոլարի զենքը մեկ-երկու ամսում գնելով: Ոչ մեկն էլ չի արվել:

Պատերազմի առաջին օրը անվտանգության խորհրդի նիստում Օնիկ Գասպարյանն ինքն է ասել՝ ոչ մի քայլ ետ: Ո՞ւմ հնարավորություններով էր դա ասում: Պարզ է՝ մարդը զուտ հայրենասիրություն է ցուցաբերել: Բայց պարզ չէ՞, թե ինչ հետևանքներ է ունենում հայրենասիրությունը, երբ գրպանումդ չկա «ատոմային ռումբ»:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest