Հունիսի 28-ին Արցախի Մարտակերտի և Մարտունու դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված ՊԲ 4 զինծառայողներից երկուսը՝ 54 տարեկան Արմո Աբգարյանը և 36 տարեկան Գագիկ Բալայանը Գիշի գյուղից էին։ Մյուս երկուսը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանն ու Երվանդ Թադևոսյանը Ստեփանակերտի բնակիչներ էին։

Նրանց անունները հրապարակեց Արցախի Պատպանության բանակը։ Արմո Աբգարյանն ու Գագիկ Բալայանը կամավորներ էին, երկուսն էլ բազմազավակ հայրեր։ Ամեն մեկը 4 երեխայի տեր։ Նրանք սովորական գյուղացիական առօրյայով ապրող մարդիկ էին։ Կամավորական ջոկատը, որտեղ ծառայում էին Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը, նոր էր կազմավորվել։

«Պատերազմից հետո նոր-նոր կազմավորվում է։ Երևի, մի տարի էլ չկա, որ կազմավորվել էր։ Տղաները մահացել են ԱԹՍ –ի հարվածից։ Փոքր ԱԹՍ էր, կամիկաձե։ Մեկ կրակոց է եղել, և վերջ», — Forrights.am-ին պատմում է Գիշի գյուղի համայնքապետ Սերոբ Աղաբեկյանը։

Նրա խոսքով, Գիշի գյուղում սա երրորդ դեպքն է, երբ նույն օրը երկու հոգու հողին են հանձնում։ «Մի նման դեպք եղավ 90-ականներին, մի անգամ էլ 20 թվի պատերազմի ժամանակ երկու տղամարդու նույն օրը կորցրեցինք ու դրինք հողը, մեկ էլ էս դեպքն էր»,- կսկիծով հիշում է գյուղապետը։

Արմոն, ասում է, «չարքաշ տղա էր», ունևոր չէր։ Աշխատանք չուներ։ 4 երեխաների տեր, 4 տղաների։ Փոքր երեխան հիվանդ էր։ Անցյալ տարի ամբողջ Գիշի գյուղը գումար էր հավաքել, երեխայի կյանքը փրկելու համար։ Փրկեցին։ Բոլորը օգնեցին։ Երբ ԱԹՍ-ն հարվածել է, Արմո Աբգարյանի ավագ որդին կողքն է եղել, միասին էին դիրքերում կռվում, կողք կողքի։

Մեկ տարի առաջ Գիշիի բոլոր տղամարդիկ կամավորագրվել են, անկախ նրանից ծառայել են բանակում, թե ոչ։

Գագիկ Բալայանը առողջական խնդիրների պատճառով ազատված է եղել զինվորական ծառայությունից, սակայն հայրենիքի համար օրհասական պահին նա ևս որպես կամավոր մեկնեց դիրքեր, անդամագրվելով Գիշիի աշխարհազորին։ Հարվածի ժամանակ Գագիկ Բալոյանը Արմոյի կողքին է եղել, և զոհվել է նույն անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նա երեք աղջիկներ ուներ և մեկ տղա։

Գագիկի և Արմոյի մարմինները առավոտյան իջեցրել են դիրքերից և այժմ Ստեփանավանում են։ Վաղը կհասցվեն Գիշի գյուղ, իսկ հաջորդ օրը կհուղարկավորվեն Գիշի գյուղի հին գերեզմանոցում։ «Այնտեղ հուշարձան ունենք, կհուղարկավորենք, ոնց որ պետք է, մեր բոլոր հերոսների կողքին», — ասում է Սերոբ Աղաբեկյանը։

Գագիկ Բալայանը պատերազմում զոհվածի տղա էր։ «Նրա հայրը 90-ականների մեր զոհված տղաներից էր։ Երկուսն էլ նույն ուղու մարդիկ էին, չարչարվող, հայավարի ապրող մարդիկ էին, նորմալ ընտանիք ունեին», — պատմում է Աղաբեկյանը՝ նշելով, որ Գագիկի մոր վիճակը վատ է. որդու մահվան լուրն առնելոց հետո անկողին է ընկել։

Նա վստահեցնում է՝ Գիշիում այսօր մարդիկ տխուր են, բայց չկա ընկճվածություն. «Դե, մենք Ղարաբաղ ենք ապրում, ամեն ինչի պատրաստ ենք»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest