44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են պայքարել «X զորամաս» թանգարանի ապամոնտաժման դեմ։ Forrighst.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուլնեցի փողոցում գտնվող խորհրդանշական թանգարանը քանդման վտանգի առաջ է կանգնած, քանի որ այն գտնվում է մասնավոր հողատարածքում։

Զորմամաս-թանգարանը կառուցված է խրամատի տեսքով, պատերին ամբողջությամբ զոհված տղաների լուսանկարներն են, նրանց իրերը, որոնք ծնողները չեն հասցրել ուղարկել մարտի դաշտ և պատերազմի դաշտից բերված զինտեխնիկայի մասունքեր։

«X զորամասի» հիմնադիր, պատերազմի վետերան Բեկին` Աղաբեկ Խաչատրյանին, դատարանը ժամկետ է տվել՝ տարածքը պետք է մինչև հուլիսի 5-ը ազատեն։

Հունիսի 26-ին  «X զորամասի» տարածքում հանդիպել են զոհվածների ծնողները, հողատարածքի սեփականատեր Մելիք Հակոբյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Ծնողներն Ավինյանի հետ հանդիպում էին հույսով, որ նա խնդրին մի լուծում կտա։ Քննարկումը լուսաբանման համար չէր, և Ավինյանն առաջարկեց նկարահանումները դադարեցնել, ինչին ծնողները կողմ եղան։

Քննարկման ընթացքում ծնողներից յուրաքանյուրը ներկայացնում էր իր որդու պատմությունը․ ինչպես են վերջին անգամ հետները խոսել, տղաներն ինչ երազանքեր ունեին կամ այդ  երազանքերի ֆոնին իրենց տղաների դիերը դիահերձարաններից ինչ ծանր պայմաններում են գտել։ Ավինյանն, ըստ էության, հակված չէր մարդկային պատմությունները լսել, ծնողներին ապրումակցել։ Նա  այդ պատմությունների արանքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին առաջարկում էր հասկանալ, թե անշարժ գույքի վարչությունում ինչ քննարկումներ կարող են ունենալ հարցի կարգավորման համար։

Քաղաքապետարանի պաշտոնյան վերջում արձանագրեց, որ հողամասի սեփականատեր Մելիք Հակոբյանը, բարեխիղճ գնորդ է։ Փոխքաղաքապետը հեռացավ առանց հարցերի պատասխանելու։

Ծնողները, թե քննարկման ընթացքում, թե քննարկումից հետո հայտարարեցին, որ չեն պատրաստվում թույլ տալ, որ իրենց որդիների նկարները հեռացնեն այդ տարածքից, որը դարձել է սրբատեղի։ Տարիների ընթացքում քարերին գրված անունների թիվը հասել է 7500-ի, իսկ պատերի լուսանկարներում 18, 19, 20 և այլ տարիքի տղաներ են, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի։ Հուշահամալիրը ստացել է «X Զորամաս» անունը և ինչպես Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանն (Բեկ) է ասում, բոլոր զինվորների զորամասն է։ Նա է այս վայրի հիմնադիրը, որտեղ հաճախակի հավաքվում են անմահացած տղաների ծնողները ու հարգանքի տուրք մատուցում իրենց որդիների հիշատակին։

«Մենք գնել ենք հողակտոր, որ այս ամենը տեղափոխենք այդ տարածք, որպեսզի այս 4400 քմ տարածքն օգտագործվի»,-ի պատասխան ծնողների ասում էր հողամասի սեփականատեր Մելիք Հակոբյանը։

Forrights.am-ի հարցին՝ ինչո՞ւ իր համար ընդունելի չէ, որ տարածքի այս փոքր մասը մնա սրբատեղի, ինչպես ծնողներն են առաջարկում, սեփականատերն պատասխանեց․ «Այս հողատարածքը 300 մետր է, որը խանգարում է մնացած 4000-ին, ամբողջ խնդիրը դրանում է, սա գտնվում է կենտրոնում»։ Նա միաժամանակ հրաժարվեց բացահայտել, թե ով է այն հայտնի գործարարը, որը պատրաստվում է այդ տարածքում կառուցապատման աշխատանքների համար ներդրումներ կատարել։

«Դասալիք է»,-հայտարարեց Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից մեկը, որը մասնակցել է «X զորամասի» հիմնադրմանը։ «Երբ մենք գնում էինք պատերազմ դուք չկայիք, փախաք, գնացիք արտասահմանները։ Ստեղ մենք երդում ենք տվել, պատերազմ ենք գնացել, սա ժողովրդի կողմից սրբավայր է»,-հավելեց նա։

Խրամատի նման փորված թանգարանի հատակին բազմաթիվ տղաների նկարներ են դրված, ծնողները բերել են, բայց չգիտեն՝ պատերին փակցվելու է, թե՝ ոչ, քանի որ սեփականատերը եկել ու նստել է այդ տարածքում՝ պարբերաբար հայտարարելով, որ քանդելու է այն։ «Ես գալիս եմ այստեղ իմ տղու հետ խոսում եմ, իմ տղու հետ ապրում եմ, թեթևանում եմ, գնում եմ»,-ասաց քանդմանը դեմ արտահայտվողներից մեկը։

«X զորամասի» մոմավառության և ծնողների նստել-հանգստանալու շինություններն արդեն քանդված են, բեկորները դեռ մնում են տարածքում լցված։

Հավաքված ծնողները նշում են՝ իրենց տղաները հողի համար կյանք են տվել, իսկ հիմա հանուն փողի իրենց տղաների հիշատակը չի հարգվում։ «Դիակիս վրայով թող անցնեն, քանդեն»,-ասաց մայրերից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Առնչվող հրապարակումներ- «X Զորամաս» կառուցված է բազմաթիվ փոքր քարերից և ամեն քարի վրա զոհված զինվորի անուն է գրված

«Հուշահամալիրը քանդում են, որ շենք կառուցեն»․ Զոհված զինծառայողների ծնողները դեմ են «X զորամասն» ապամոնտաժելուն

Pin It on Pinterest