2020-ի 44-օրյա պատերազմը ծանր ազդեցություն է գործել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության ու ոլորտի ներկայացուցիչների վրա: ԴՆԹ լաբորատորիայի ներկայացուցիչը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, Forrights.am-ի հետ զրույցում ասում է՝ ԴՆԹ լաբորատորիաներում, որտեղ պարզում են անձի գենետիկան, պատերազմը շարունակվել է երկար, դիահերձարանների սառնարաններում մինչ այժմ կան տղաների մարմիններ:
Պատերազմի սկզբնական փուլում ԴՆԹ ախտորոշման լաբորատորիաներում սակավաթիվ աշխատողների համար ծանր օրեր են եղել. լաբորատորիան տեխնիկապես հագեցած չի եղել, նույնականացումները, հաշվարկները կատարվել են ձեռքով: «Այդ ժամանակ մեր հավաքածուները ունեին Y քրոմոսոմի հնարավորություն, իսկ Y քրոմոսոմը տալիս է ինֆորմացիա միայն հայրական գծով: Ստացվող պատասխաններից մենք հորից վերցրած ԴՆԹ-ով կարող էինք անմիջապես բացառել կամ հաստատել հոր կապը տվյալ երեխայի հետ: Շատ մարդիկ գալիս էին ու պահանջում մորից անալիզ վերցնել, և երբ մենք ասում էինք, որ հնարավոր չէ, առաջանում էր անվստահություն: Այդ օրերը շատ ծանր էին մեզ համար, հարազատները լաբորատորիաների մոտ ցույցեր էին անում, մեծ բազմություն էր հավաքվում ամեն օր, նույնիսկ մեզ փորձելու համար գալիս էին հարևաններ, հարազատներ», -պատմում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, միջազգային սահմանված չափորոշիչների համաձայն, ԴՆԹ անալիզ կարող են հանձնել և հայրը, և մայրը, եթե կենդանի են: Սա արվում է այն պատճառով, որ հնարավոր է՝ երեխան ծնված չլինի հորից, և հայրը դրա մասին չիմանա:
Բայց պատերազմից տասնյակ օրեր հետո Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ ԴՆԹ լաբորատորիան տեխնիկապես վերազինվում է, ձեռք են բերվում շատ կարևոր սարքավորումներ, իսկ լաբորատորիայի աշխատակիցների հետ անցկացվում են վերապատրաստման դասընթացներ
«Այդ սարքավորումները մեզ թույլ տվեցին մի կողմից անել ծնողների ԴՆԹ-ն, մյուս կողմից աշխատել ոսկրային հյուսվածքների հետ: Այդ օրերին լաբորատորիայում աշխատում էինք 4 փորձագետներով և կիսվեցինք երկու խմբի, մեր առջև դրվեց պահանջ օրական 70-80 նույնականացում ներկայացնել, աշխատել ենք գիշեր-ցերեկ, քնում էինք լաբորատորիայում, պատկերացրեք՝ եղել են պահեր, երբ սարքերի առաջ քնել ենք: Շատ անգամ մենք կրկնության կարիք ենք ունեցել: Նոր սարքավորումների ձեռքբերմանը զուգահեռ մեր ժամանակը խնայվեց, շատ կարճ ժամանակում ստանում էինք պատասխաններ: Աննկարագրելի բարդ ժամանակներ էին, փորձեցինք մեծացնել մեր փորձագետների քանակը, բայց երբ երիտասարդները գալիս էին ու սկսում աշխատել ոսկրային հյուսվածքի հետ, երկար չէին մնում, անմիջապես գնում էին: Հիշեցնեմ, որ ոսկորը փափուկ հյուսվածքներով, հոտով և տհաճություն առաջացնող նյութ է, աշխատելու համար: Չեն կարողանում երկար աշխատել, գնում են», -նշում է ԴՆԹ լաբորատորիայի ներկայացուցիչը:
Նրա ներկայացմամբ, պատերազմի դաշտից լաբորատորիաներ բերված մասունքների 90 տոկոսը նույնականացում է անցել, թեպետ մինչ այժմ էլ սառնարաններում կան զոհված զինծառայողների մարմիններ:
Լաբորատորիայում ընդամենը ԴՆԹ հետազոտություն են անցկացնում, և թե որքան դի է մնացել սառնարաններում, տեղյակ չեն: Տվյալները ՀՀ Քննչական կոմիտեի տրամադրության տակ են, սակայն ՔԿ-ն գաղտնի է պահում դրանք: Բանն այն է, որ Forrights.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե՝ փորձելով պարզել՝ արդյոք պատերազմից հետո կա՞ն զինծառայողների մասունքներ կամ մարմիններ, որոնք չեն նույնականացվել, եթե այդուհանդերձ կան, ապա ինչո՞ւ չեն նույնականացվել և հետո որքան մասունք է ուղարկվել արտերկիր նույնականացման: Սակայն ՔԿ-ից պատասխանել են, որ մեր հարցված տեղեկությունը նախաքննական գաղտնիք է. «Ձեր հարցված տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի նախաքննության այս փուլում այն չի կարող տրամադրվել»:
Պատերազմի օրերին մղձավանջային ծանր օրեր են ապրել նաև Սյունիքի մարզի Գորիսի դիահերձարանում, որը պատերազմի զոհերի դիերի ընդունման առաջին կետն է եղել: Թեպետ այստեղ նույնպես պայմանները լավը չեն եղել, սակայն մասնագետները միևնույն է, աշխատել են՝ վերցնելով իրենց վրա պատերազմի առաջին հարվածը:
«Պատերազմի այդ ծանր օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եկան, մեր վիճակը տեսան ու սկսեցին տեխնիկական ու շինարարական աշխատանքների համար օժանդակություն հատկացնել, որը սկսել է 2020-ի պատերազմին զուգահեռ ու մինչև հիմա շարունակվում է: Մասնագիտական ու բարոյահոգեբանական առումով դա մեզ համար մեծ օգնություն էր. գնվել են տնտեսական, հարբժշկական իրեր՝ հատկապես դիապարկեր, իսկ արդեն պատերազմի վերջին օրերին մեզ նվիրեցին սառնարանը, որը բավականին էֆեկտիվ է եղել: Իսկ սառնարանից հետո տրվել է նաև գեներատորը, որը հիմա լիարժեք շահագործվում», -Forrights.am-ին ասում է Գորիսի դիահերձարանի ղեկավար, դատաբժշկական փորձագետ Հունան Գալստյանը:
Այս դիահերձարանը սպասարկում է Գորիս և Սիսիան քաղաքները: Սովարական պայմաններում, Գալստյանն ասում է, դիահերձարանը աշխատում է նորմալ ռեժիմով, չծանրաբեռնված, իսկ ահա արտակարգ իրավիճակներում, ինչպիսին օրինակ պատերազմն էր, դիահերձարանի աշխատանքը ծանրաբեռնված է եղել և ստիպված են եղել աշխատակիցներ ներգրավել այլ մարզերից:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: