Հայաստանի փաստաբանների պալատի մեծ թվով փաստաբաններ այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ ադպիսով իրենց բողոքն արտահայտելով ոստիկանական բաժանմունքներում ոստիկանության ծառայողների կողմից փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։
Մի քանի օր շարունակ տարբեր փաստաբաններ իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացնում էին, որ չեն ներկայանալու դատարաններ դատական նիստի և միանում են գործադուլին։ Այսօր արդեն վաղ առավոտյան փաստաբանները դատարանների շենքերի դիմաց ուղիղ հեռարձակմամբ իրազեկում էին բողոքի ակցիայի մասին և դատարան մտնող անտեղյակ փաստաբաններին հորդորում չմասնակցել դատական նիստերին։
«Փաստաբանը իր իրավապաշտպան գործունեության ընթացքում ենթարկվում է բռնության, և պետական իրավասու մարմինները դրա նկատմամբ անտարբեր են։ Վերջին չորս ամսվա ընթացքում մեր մի քանի փաստաբան գործընկերներ ոստիկանական բաժանմունքներում ենթարկվել են բռնության և փաստաբանական համայնքը ակնկալում էր պետական իրավասու մարմինների գնահատականը, սակայն ցավոք, մինչ այսօր չկա գնահատական, մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, ավելին՝ շարունակում են պաշտոնավարել», -այսօր ասուլիսում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ոստիկանության բաժանմունքում փաստաբան Կարեն Ալավերդյանն էր բռնության ենթարկվել, իսկ դրանից ամիսներ առաջ՝ փաստաբաններ Էմմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը։ Այսօր գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Աննա Վարդապետյանի հրամանով փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար:
Այս դեպքերից հետո փաստաբանները երթ էին իրականացրել՝ պահանջելով պաշտոնից ազատել Ոստիկանության կենտրոնականի բաժնի ղեկավարին ու բռնության դեպքին մասնակից ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել փաստաբաններին խոշտանգման ենթարկած ոստիկանության ծառայողներին։ Սակայն նրանց պահանջները մինչ այժմ Սիմոն Բաբայանի խոսքով, չեն իրականացվել։
«Փաստաբանը երբեք չի ընկճվելու ու իրականացնելու է իր խախտված իրավունքների պաշտպանությունը, և այդ պաշտպանությունը լինելու է արդյունավետ», -ասաց Բաբայանը։
Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը նկատեց՝ գրեթե ամեն օր տեղեկություն են ստանում ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի մասին։ «Ոստիկանության համազգեստը այդ մարդուն տարբերում է քաղաքացուց։ Ինչո՞վ։ Նա պետք է քաղաքացու հետ խոսի հարգալից, որքան էլ քաղաքացին նրա հետ կխոսի անհարգալից, որովհետև նա իշխանություն ունի, լիազորություն ունի ուժ կիրառելու։ Ոստիկանը պարտավոր է քաղաքացու հետ խոսել հանգիստ վիճակում, եթե չի կարողանում, եթե նյարդային է, նա պետք է դուրս գա այդ համազգեստի միջից։ Ցավոք, մենք ունենք տղայական հասկացողություններով առաջնորդվող ոստիկաններ, որոնք քաղաքացիներին ծեծում ու ջարդում են», -հավելեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, եթե ոստիկանության բարձրագույն ղեկավարությունը պահի ու պաշտպանի համակարգում եղած այդ վիրուս ոստիկաններին, ապա համակարգը թիրախավորվելու է։
Փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքի հետ կապված Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ոստիկանության բաժանմունքում գործընկերոջ նկատմամբ կիրառվել է հատուկ միջոց՝ արցունքաբեր գազ, ինչը գործի նյութերում չի արտացոլվում։ «Այդ հատուկ միջոցը օպերլիազորները չունեն, ունեն միայն պարեկները, իսկ մեզ հասանելի գործի նյութերում որևէ տեղ չի նշվում, որ կիրառվել է հատուկ միջոց»։ Արցունքաբեր գազ կիրառելու դեպքում այդ ոստիկանները պետք է անմիջապես վերադասին զեկուցեն՝ ինչ միջոցով են կիրառել, բայց այդ մասին որևէ նշում չկա», -պարզաբանեց Զոհրաբյանը։
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօր միայն Երևանում գործադուլի հետևանքով չորս տասնյակ դատական նիստեր են հետաձգվել։
Արա Զոհրաբյանը հստակեցրեց՝ բողոքի ակցիան Փաստաբանների պալատի կազմակերպած ակցիան չէ, այլ փաստաբանների անհատական նախաձեռնությունն է․ ով կմիանա՝ կմիանա։ «Ովքեր չեն միանա, նրանց իրավունքն է», -հավելեց նա։
Ասուլիսից հետո մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Նրանք Կենտրոնականի պետին նվեր ունեին՝ բռնցքամարտիկի ձեռնորցներ և գրություն՝ «Նվեր ոստիկանության Կենտրոնական բաժնի (ԲՌՆԱ)պետին»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: