Բարձրագույն դատական խորհուրդը այսօր կայացած նիստում որոշել է սանկցիա կիրառել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ նրան նիստերի դահլիճից հեռացնելով:

Խորհուրդը, հիշեցնենք, շարունակում է քննարկել Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Միջնորդեցի, որպեսզի նիստն այսօր հետաձգեն, քանի որ իմ փաստաբանները ներկա չէին, ես էլ իմ վարույթում գտնվող տնային կալանքի հարցը քննարկեի: Չհետաձգվեց, նախորդ նիստից հետո հարցերի փուլում էինք գտնվում, երբ Անդրեասյանը 15 րոպեով ընդմիջում հայտարարեց, որից հետո անակնկալ կերպով ձայնագրող սարքը փչացավ: Պահանջեցինք, որ կրիչը տրամադրվի, նույնիսկ պահանջի դեպքում չտրամադրվեց, ասացին, թե ձայնագրությունները վերականգնվել են: Հարցերը հանվում էին, նախարարությունը շատ հարցերի չէր պատասխանում, նշվում էր, թե դրանք էական չեն, իսկ հարցադրումներն այս վարույթի առանձնակի մասնակիցների՝ ԲԴԽ նախագահի և Գրիգոր Մինասյանի հարաբերություններին էր վերաբերում, որոնք վարույթի օրինականության հետ առերևույթ կապ ունեին: Ներկայացված ապացույցներով իրենց իսկ կողմից ստորագրված փաստաթղթերով փաստարկված է, որ վերջիններիս միջև առկա է ֆինանսական կապ. այսինքն՝ բացարկի ենթակա անձինք են: Անդրեասյանի ուղղորդմամբ՝ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ հրաժարվում է ընդհանրապես որևէ հարցի պատասխանել, իսկ հարցերը 2 հատորից բաղկացած փաստաթղթեր էին, որոնց հղում տալով ցանկանում էի հարցեր տալ: Վերջում արձանագրեց, թե անցնում են ԲԴԽ անդամների կողմից հարցեր տալու հերթականությանը»,- փակ նիստից դուրս գալուց հետո լրագրողներին ներկայացրեց դատավորը:

Հարությունյանն ասաց, որ կրկին հայտարարությամբ է հանդես եկել, պահանջելով ԲԴԽ-ից թույլ տալ, որ իր փաստաբանները ներկա գտնվեն նիստին, ինչպես նաև թույլ տան հարցերը շարունակել։ Սակայն դատավորին չեն լսել․ հեռացել են խորհրդակցական սենյակ՝ քննարկելու նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:

«Իմ նկատմամբ դատական սանկցիա են կիրառել՝ դատական նիստերի դահլիճից հեռացում, բայց նշեցին, որ եթե ես ընդունեմ իմ արարքի հակաիրավականությունը և զղջամ, ապա կվերանայեն դատական սանկցիան: Իմ գույքը, տեխնիկական միջոցները նիստերի դահլիճում են, նիստը շարունակվում է առանց ինձ», -հայտարարեց Հարությունյանը:

Նա վերահաստատեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նպատակն ուղղված է իր լիազորությունները դադարեցնելուն։ «Նա նույնիսկ չի փորձում դա թաքցնել», -ասաց դատավորը:

Հիշեցնենք՝ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը դատավորի հարցազրույցն է եղել, որտեղ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ ընտրությունից առաջ դատավորներին ուղղված հայտարարությունը համարել էր անթույլատրելի:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest