Մեկ շաբաթից ավելի է Արցախի բնակիչները լիակատար շրջափակման մեջ են։ Նրանք կանգնած են հումանիտար աղետի աջջև։ Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 190 բուժառու տարբեր ախտորոշումներով, այդ թվում՝ անհապաղ տեղափոխման ենթակա անձինք սպասում են հայաստանյան բժշկական հաստատություններ տեղափոխվելու իրենց հնարավորությանը, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանան:
Հրատապ բուժօգնության կարիք ունեցողներից մեկն էլ Լիսագոր գյուղի բնակիչ Իրինա Բաբաջանյանն է։ Նա վիրահատության կարիք ունի, բայց չի կարողանում ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանում որևէ բժշկական ծառայությունից օգտվել։
«Ես պետք է վիրահատվեմ, ոտքիս մեջ երկաթներ կան, բայց չեմ կարողանում գնալ։ Եթեխաները պետք է պատվաստվեն, բայց չեն կարողանում գնալ։ Գյուղում առաջին անհրաժեշտության դեղեր կան, բայց դա չի նշանակում, որ դա վիրահատության հարց է լուծում»,-ասում է Իրինա Բաբաջանյանը և նշում, որ գյուղում իրենից բացի ծանր վիճակում գտնվող այլ հիվանդներ ևս կան։
«Գյուղում հիմա լուրջ է հիվանդաների վիճակը, չեն կարողանում գնալ հիվանդնաոց, դեղեր գնել։ Թոշակառուները չեն կարողանում գնալ իրենց թոշակը ստանալ։ Գոնե կարողանանք Ստեփանակերտ գնալ»,-ասում է արցախցի կինը։
Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելափակված են Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Թշնամական կողմը Հակարիի կամրջով արգելված է նաև ռուս խաղաղապահների անցուդարձը։
Լիսագոր սնունդ և դեղորայք վերջին անգամ 15 օր առաջ են մատակարարվել։ Արցախի կառավարությունն է ալյուր, մակարոնեղեն, ձեթ և խնամքի նվազագույն միջոցներ ուղարկել։ «Ճանապարահը փակելուց 2-3 օր առաջ են բերել, արդեն 15 օր է։ Նույնիկս ռուսը հիմա շարժ չունի, մենք ո՞նց կարող ենք շարժվել, ինչի՞ մասին է խոսքը»,-ասում է Իրինա Բաբաջանյանը։
Տիկին Իրինան փոխանցում է, որ լ ույսը ժամով է դարձել, գազ ընդհանրապես չկա։ «Վառելիք չկա, անտառներից փայտ չենք կարողանում բերել, դժվար պայմաններում ապրում ենք։ Գյուղում թազա երեխա է ծնվել չենք կարողանում հագուստ գնել, մեկ ամսական երեխային 4-րդ համարի փամփերս ենք հազիվ գտել, հագցրել ենք»,-ասում է նա և շեշտում, որ երեք կողմից շրջափակված են։
«Երկկկողմանի չէ, մեր շրջափակումը երեք կողմից է․ Հայաստան չենք կարողանում գնալ, Ստեփանակերտ չենք կարողանում գնալ, կողքի գյուղեր չենք կարողանում գնալ, որտեղ որ խանութներ կան, որ ինչ-որ մի բան գնենք։ Իմ մայրիկը 15 օր առաջ մահացել է ես չեմ կարողացել գնալ Եղեգնաձոր, այդքան վատ վիճակում ենք, բայց մտածում ենք, որ լավ է լինելու»,-ասում է նա և նշում, որ այսքան խնդիրներին զուգահեռ մի քանի օր առաջ էլ կարկուտ է եկել ու ամբողջ բերքը ոչնչացրել։
«Ցանկատարածությունը ոչնչացվել է 100 տոկոսով։ Խոտհարկ, բոստան գոյություն չունի, վնասվել են ավտոմեքենաները»,-ասաց նա։
Տիկին Իրինան վերջին անգամ երկու շաբաթ առաջ է կարողացել գնալ Ստեփանակերտ, ճանապարհին ադրբեջանցիները կանգնացրել են նրան տեղափոխող շտապօգնության մեքենան ու փաստաթղթերը ստուգել, նաև անձնագիրն էին նկարել։ Գործընթացին լուռ հետևել էին ռուս խաղաղապահները։
«Եթե գնամ Ստեփանակերտ Շուշիի հատվածում հանդիպելու եմ իրենց։ Նախորդ անգամ գրանցեցին, ես իմ ձեռքով պահում եմ նկարում են անձնագիրս»,-ասաց նա։
Փաշինյանն այսօր կառավարության նիստում ահազանգեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է. Ադրբեջանն անգամ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տալիս։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղի, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։ Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք», — կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։