Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանը հայտարարում է, թե ՔԿ պաշտոնյաների կողմից բռնության է ենթարկվել։

«Ձեռքերս կապած ինձ մտցնում են ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի աշխատասենյակ, ինձ դիմավորում է Արգիշտի Քյարամյանը, կանգնած, ձեռքերը գրպանը դրած։  Ինձ համար բարդ է նկարագրել առաջին հարվածը, չոքացնելը, էլեկտաշոկով խոշտանգելը, խոշտանգել են ոտքերով, Քյարամյանը ոտքերը մաքրել է իմ վրա»,- 42-ամյա Տիգրան Առաքելյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանն իրեն խոշտանգել և բռնությունների են ենթարկել Գևորգյանի աշխատասենյակում։

«Ենթարկվել եմ ծեծի, ենթարկվել եմ հայհոյանքների, սպառնալիքներ ընտանիքիս համար։ Ինձ ասել են, որ կնոջդ և երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա է, կգցի տակը, ձեր տունը կամ պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր տնեցիներին, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը ոչ ավել ոչ պակաս եղել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Արգիշտի Քյարամյանն ինձ հետ այդ օրը հանդիպել է երկու անգամ, երկու հանդիպումների ընթացքում էլ ես խոշտանգվել եմ, խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս և էլեկտրաշոկով տարբեր մարմնի հատվածներում սկսել են վառել։

Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը էլեկտրաշոկով տարբեր մարմնիս հատվածներին ջուրը լցնում էր և էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս։ Արդյո՞ք Քննչական կոմիտեի ղեկավարը ինձ խոշտանգել է, դա ո՞նց է ապացուցվելու։ Ես կարող եմ նկարագրել Ազատ Գևորգյանի կաբինետի ողջ գույքը, հանգստի սենյակը, որտեղ ինձ Արգիշտի Քյարամյանն ու Ազատ Գևորգյանը ձեռքերով բռնել էին և լուսամուտից ուզում էին ինձ գցել», — հայտարարում է նա։

Տիգրան Առաքելյանին բերման են ենթարկել հունիսի 17-ի առավոտյան, երեք օր գտնվել է անազատության մեջ։ Նա պնդում է՝ իր նկատմամբ բռնություններն ու խոշտանգումներն իրականացվել են 11 ժամ և ուղղորդվել են սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։

«Արգիշտի Քյրամյանը սեռական բնույթի հայհոյանքեր է տվել իմ հինգ ամյա երեխային, ասում էր՝ էդ չախկալիդ կբերենք գիտես ինչ կանենք աչքիդ առաջ»,-ասում է Տիգրան Առաքելյանը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Ինչ վերաբերում է Առաքելյանի մեղադրանքներին, ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց՝ անհիմն, օդից արված հայտարարությունները չեն մեկնաբանում, դրա համար կա իրավական ընթացակարգ։ Ըստ Աբրահամյանի՝ եթե անձը համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, կարող է օգտվել այդ ընթացակարգից․ քննություն կարվի, հանգամանքները կպարզվեն։

Ուղիղ հարցին՝ Արգիշտի Քյարամյանը հանդիպե՞լ է Տիգրան Առաքելյանին, Գոռ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կասկածելի է համարում, որ ՔԿ-ն ուղիղ և հստակ չի հերքում Առաքելյանի մեղադրանքները։  «Սա մի ապացույց է, որ ամենայն հավանականությամբ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Տիգրան Առաքելյանի հետ, հակառակ դեպքում կլիներ հստակ պատասխան՝ չի հանդիպել։ Եթե պատասխանը լղոզված է, ապա վստահ չեն, որ մի տեղի կլինի նոր ապացույց, որ հանդիպումը տեղի է ունեցել»,-ասաց իրավապաշտպանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանը նշում է՝ հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը չի բարեփոխվել։

«Ոչ միայն չի բարեփոխվել, այլ նաև վերադարձել ենք հին համակարգին, մենք տեսանք պատուհանից դուրս թռչող մարդիկ, մենք ունեցանք բռնություններ, մենք ունեցանք խոշտանգումներ՝ ամբողջ փաթեթը, երբ դու հեռանում ես քո հեղափոխական գաղափարահոսությունից, սկսում ես օգտագործել դիկտատուրական մեթոդներ»,-ասաց նա։

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest