Փաշինյանը դիտավորյալ է հակասում ինքն իրեն: Նրա համար էականը ինչ-որ «դատավճիռներ» մարդկանց հասցնելն է: Նա կարող է ասել, որ 92-94 թվականների պատերազմը հաղթական էր, որպեսզի անպայման կարողանա ասել, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերն ամեն ինչ կանխորոշել են ու մթագնել:

Փաշինյանի համար ամենաէականն այն է, որ հայ ժողովուրդը հասկանա՝ ինչ էպիտետներ էլ շարենք Ղարաբաղի ժողովրդի վճռականության, ուժի ու անկախ լինելու կամքի մասին, Ղարաբաղը էն գլխից է դատապարտված եղել, որովհետև աշխարհը երբեք Ղարաբաղի հարցի  նշաձող չի բարձրացրել Ադրբեջանի կազմում լինելու նշաձողերից բացի: Որովհետև հենց հայ ժողովուրդը սա հասկացավ, ինքը՝ ժողովուրդը, արդեն առաջին պատերազմի հաղթանակը հաղթանակ չի անվանի, ինքը կքարկոծի բոլոր երեք նախագահներին, որ հենց Ղարաբաղի դատապարտվածությունը չեն հասկացրել իրենց ժողովրդին:

Փաշինյանը գնում է քաղաքական ինքնասպանության, միայն թե կարողանա ժողովրդին դա հասկացնել: Գուցե և ինքն ամեն ինչ ճիշտ է ասում: Ճիշտ է ասում, օրինակ, որ ոչ մեկն էլ այս 30 տարում տեր չի կանգնել Ղարաբաղին, որ բոլորը Ղարաբաղի վրա իրենց ձեռքերն են տաքացրել, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից առաջ են ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Ինչո՞ւ է Փաշինյանն ընտրել քաղաքական ինքնասպանության ճանապարհը։ Որովհետև իրենից բացի ոչ ոք Հայաստանի քաղաքացուն, նաև Արցախի քաղաքացուն չի ասելու այն ամենը, ինչ նա ասում է հիմա։ Նա ընտրել է այդ ճանապարհը իմանալով, որ շատերը դեռ պատրաստ չեն դա լսել։ Բայց ասում է, որովհետև Ղարաբաղը կորցնելն անխուսափելի է, Հայաստանը երբեք չի կռվի Ղարաբաղի համար, եթե կողքից «շախ չտան»։ Եվ Փաշինյանը հայ ժողովրդին շարունակում է նախապատրաստել անխուսափելիին, եթե նույնիսկ  այդ ժողովուրդը նրան մի օր գզի փողոցում։

Բայց հարցն այն է, որ իր հերթին ստելով Փաշինյանը 2021-ին իշխանություն է վերցրել։ ՔՊ-ի նախընտրական ծրագրում խոստում կա՝ «արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը»։ Այսինքն, պատերազմից մեկ ու կես տարի հետո դեռ պարզ չէ՞ր, որ նշաձող պետք է իջեցվի, որի մասին ՄԱԿ-ի լեզվով առաջին անգամ դեռ 30 տարի առաջ էր ասվել։ Թե չէ, եթե ինձ հարցնեն, Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է ասում։ Ինձ սխալ է թվում սուտը։ Այսինքն, երբ մի ամբողջ քաղաքական ուժ ստում է իշխանության գալիս ու դրա դիմաց չի վճարում։

Հիմա ի՞նչ է ուզում Փաշինյանը։ Ըստ էության, նա ուզում է հայ մարդու արժանապատվությունից մաքրել վերջին 30 տարին, քանի որ այն եղել է կեղծ արժանապատվություն: Այդ արժանապատվության թիկունքում չի եղել քաղաքական ոչ մի հոտառություն, այդ արժանապատվության թիկունքում չի եղել փոքր-ինչ պատկերացում դարանակալած աղետի մասին, որը կոչվում է ռուս-թուրքական դարավոր համագործակցություն: Գուցե ուզում է։ Բայց նա ուշադիր չէ։ Նա քաղաքացուն տվեց աղետ, որն արդեն կեղծ արժանապատվություն էլ չունի, նա քաղաքացուն տվեց անզորություն ու անորոշություն, որոնց ծայրը չի երևում։ Պատերազմից առաջ Փաշինյանը չկարողացավ լինել մարգարե, որը տեսնում է խայտառակությունը։ Հիմա ուզում է լինել ձեռնածու, որը խաղում է իրադարձությունների հետ։

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest