Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում էր։ ՀՀ վարչապետը երեք ժամից շատ ելույթ ունեցավ։
Փաշինյանը հանձնաժողովի անդամների հետ հանդիպման էր եկել մեկ տասնյակից ավելի էջեր ունեցող թղթապանակը ձեռքին։ Փաշինյանի մասնակցությամբ նիստը հեռարձակվում էր ուղիղ եթերում։ Նա նիստի ընթացքում ներկայացրեց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը բանակցային ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ պատերազմը կանգնացնելու համար։ Նա հայտարարեց, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման համար «շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը»։
«Էականն այստեղ Շուշիի ռազմավարական արժեքն էր․ հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր 5-րդ փորձն էր՝ մինչև այս հոկտեմբեր 7 -ին, 9-ին, 13 -ին 19 -ին են հրադադարի հաստատման պայմանավորվածություններ եղել, սակայն, Ալիևն անմեն անգամ նոր պահանջներ է առաջ քաշել»,-ասաց նա։
Փաշինյանը հոկտեմբերի 7-ին՝ պատերազմի 10-րդ օրն է, առաջին անգամ դիմել է Վլադիմիր Պուտինին հարցով` ի՞նչ անել, որպեսզի հրադադար հաստատվի ու պատերազմը կանգնեցվի։ Պուտինը ստանձնել է միջնորդ լինել Փաշինյանի և Ալիևի բնակցություններում։ Վարչապետի փոխանցմամբ՝ մինչև եռակողմ հայտարարության վերջնական ստորագրումը մի քանի նախագիծ է շրջանառվել։
«Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում ու հետո սկսվեն խորհրդակցություններ։ Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ մեկ օր անց Պուտինը տեղեկացրել է, որ Ալիևը պահնաջում է Ադրբեջանին հանձնել Ֆիզուլին և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Բացի դա, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին և Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար, դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման չպիտի լիներ»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում բացահայտեց Պուտինի՝ այդքան շատ քննարկված, պատերազմը դադարեցնելու առաջարկները՝ հոկտեմբերի 19-ին ներկայացված։ «Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ-ի էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին, Շուշին հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող։ Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել որքան էլ ես հասկանում էի իրադրության ծանրությունը։ Հիմա երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնել»։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը կետեր է ներկայացրել նաև Տավուշի, այսպես կոչված, անկլավները իրենց տալու, Մեղրիով միջանցք բացելու վերաբերյալ, սակայն, հայկական կողմը կտրականապես մերժել է դրանք։ Այս առաջարկներն արվել են այն ժամանակ, երբ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան արդեն Փաշինյանը ստորագրել էր եռակողմ հայտարարությունը, իսկ Ալիրևը՝ ոչ։
Անդրադառնալով Շուշիի անկման իրավիճակին Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց։ «Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»։
Այս ֆոնին հիշարժան է դառնում Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի, «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։