Գերմանիայի Բոնն քաղաքում DW Global Media forum 2023-ի 2-րդ նստաշրջանի բացումը հունիսի 20-ին արեց «Նովայա Գազետա» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը:
Թեպետ նա իր ելույթում ամբողջությամբ քննադատում էր Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, այդուհանդերձ, նրա խոսքի ընթացքում դահլիճի մի հատվածում բողոքի ակցիա տեղի ունեցավ. նախ միացավ պատերազմի ժամանակ հրթիռակոծությունն ահազանգող ազդանշանի սուր ձայնը, իսկ ավելի ուշ նրա ելույթից հետո դահլիճում ուկրաինացի լրագրողներից մեկը բացականչեց. «Փառք Ուկրաինային»: Մուրատովը որևէ կերպ չարձագանքեց ակցիային և ելույթից հետո բավական հանգիստ հեռացավ դահլիճից:
Ներկայացնում ենք Դմիտրի Մուրատովի ելույթի կարևոր շեշտադրումները.
«Քանի որ «պատերազմ» բառը Ռուսաստանում արգելված է, իսկ «դժոխք» բառը արգելված չէ, ես կօգտագործեմ «դժոխք» բառը:
Տեսեք, Լիլիա Չանիշևան, գեղեցիկ, 40-ամյա մի կին, նրա մեղավորությունն այն էր, որ զբաղվում էր քաղաքականությամբ ընդդիմադիր Նավալնիի շտաբում: Նա ոչ մեկին չի սպանել, գողություն չի արել, նա բռնարար չէ, կոռուպցիոներ չէ, ընդամենը քաղաքացիական ակտիվիստ է:
Դուք երբևէ տեսե՞լ եք՝ ինչպես են խելագարվում անարդարությունից: Ես տեսել եմ. նրա ամուսինը խելագարվում է. նա ամեն օր ծաղիկներով սպասում է բանտի դարպասների մոտ:
Դատարանում իր վերջին խոսքում Լիլիան հայտարարեց, որ, եթե իրեն երկարաժամկետ ազատազրկման դատապարտեն, չի հասցնի երեխա ունենալ ու ասաց՝ տվեք ինձ հնարավորություն մայր դառնամ: Դատավորը այդ հնարավորությունը չտվեց, և Լիլիան դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման:
Դաժանությունը՝ պետական պատրիոտիզմ է դարձել, չարությունը՝ հերոսություն:
Ինձ հարցնում են՝ ինչու՞ մարդիկ չեն բողոքում, ինչու՞ ցույցեր չեն անում, իսկ ես ասում եմ՝ ի՞նչ ցույցեր, եթե դրանք արգելված են, ինչպե՞ս բողոքեն, եթե փակում են բանտերում, ո՞վ գրի դրա մասին, եթե 300 լրատվամիջոց փակվել է, ո՞վ ներկայացնի դժգոհությունները, եթե խորհրդարանում որևէ ընդդիմադիր պատգամավոր չկա…
Ահաբեկչության մեղադրանքով անազատության մեջ են հայտնվել հրաշալի ռեժիսոր և դրամատուրգ Ժենյա Բերկովիչը և Սվետլանա Պետրիչուկը: Նրանց պիեսը ՌԴ-ում բարձրագույն՝ «Թատերական դիմակ» մրցանակ է ստացել, իսկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ նրանք իրենց պիեսով դեմ են տղամարդկային պետության ստեղծմանը, իսկ ֆեմինիզմն ու պացիֆիզմը համարեց հանցագործություն: Այո՛, այո՛: Արդյունքում նրանց երկար ազատազրկում է սպասվում, նրանք բանտում են:
Բացի այդ, մեծաթիվ ուլտրաաջ նացիստները ազատորեն քննարկում են Բերկովիչի հրեական ծագումը: Ռուսաստանում 30 և ավելի տարի է՝ հակասեմիթականություն չկա, իհարկե, Պուտինը հակասեմիթ չէ, բայց նեոնացիստները սկսել են մասնակցել Ռուսաստանի քաղաքական օրակարգի ձևավորմանը: Նրանք ընդհատակից դուրս են եկել:
Ինձ այսօր մեկը հարցրեց՝ ի՞նչ է բռնաճնշումները այդքան մասշտաբային են ինչպես Ստալինի ժամանա՞կ: Իհարկե, գնդակահարություններ, նույն քանակի կալանավորումներ չկան, բայց, որ դրանք բռնաճնշումներ են, անկասկած է: Բռնաճնշումն այն է, երբ որևէ մեկը չգիտի՝ ում հետևից կգան այս գիշեր:
Այժմ ապագայի համար պայքար է գնում: Պայքար է գնում, թե ինչպիսին կլինի ապագան: Ո՞վ կհաղթի, խունտա՞ն, թե ազատ հասարակությունը, քաղաքացին:
Խունտայի ծրագիրը մշակել, ձևակերպել է մասնավոր բանակի հիմնադիր, միլիարդատեր, ամենահայտնի սուպերմենեջեր Եվգենի Պրիգոժինը: Հիշեցնեմ՝ նա հայտարարում էր՝ բավական է Ռուսաստանում թատրոններ հիմնել, ամբողջ երկիրը պետք է աշխատի բանակի համար, ռազմական գործարաններում, ՌԴ-ն կարճ ժամանակում պետք է դառնա Հյուսիսային Կորեա, էլիտաների երեխաներին պետք է վերադարձնել Ռուսաատան, հայտարարել համատարած մոբիիզացիա, փակել սահմանները:
Սա խունտայի նոր տեսակ է և տեղի է ունենում առանց գործող նախագահին հեռացնելու։ Այդպես կարող է տեղի ունենալ պետական հեղաշրջում՝ առանց իշխանափոխության։
Միանգամից կարող եմ ասել, երբ խոսում են, թե շատ մարդիկ չեն աջակցում Պուտինին, ճիշտ չէ, ավագ սերունդը աջակցում է Պուտինին, ավագ սերունդը նրա հենարանն է, ինքն ունի հենման կետ։ Այդ սերունդը լքված ծերերի սերունդն է, որոնք նորից են ուզում զգալ կյանքը, ուզում են ներդրում ունենալ հայրենիքի հզորության մեջ։
Միայն ճշմարտությունն ասելու հնարավորությունը կարող է դիմակայել զինված անձանց, ովքեր ձգտում են իշխանության։
Պարոնայք, թույլ մի տվեք, որ փակեն Youtube-ը, թույլ մի տվեք փակեն Վիկիպեդիան։ Դա լրագրողների համար բովանդակություն ստեղծելու վերջին հնարավորությունն է։ 19-րդ դարում, 20-րդ դարասկզբին փոստային աղավնիներին թունավորում էին, որ բանակը լուր չստանար, իսկ հիմա կարող են ու ի վիճակի են ոչնչացնել Youtube-ը, Վիկիպեդիան, VPN-ը։ Ի դեպ, այսօր ինժեներներն են հիմա ազատ խոսքի հիմքը, ինժեներները ընդդեմ դիկտատորների։
Յունիսեֆ-ը պատրաստ է զբաղվել ուկրաինացի երեխաների ճակատագրով ու նրանց հայրենիք վերադարձնելու հարցով։ Տեղյակ եմ, որ և Ռուսաստանը, և Ուկրաինան այդ որոշմանը դրական են վերաբերում։ Եկեք աջակցենք Յունիսեֆին, որ ուկրաինացի երեխաները վերադառնան իրենց տներ։
Ուկրաինան և Ռուսաստանը հիմա կարողանում են խոսել միայն մարդու իրավունքների պաշտպանների միջոցով։ Այս երկու տարբեր նախագահներին ծառայող մարդիկ մեծ գործ են արել՝ փոխանակվելով հարյուրավոր գերիներով։ Այս մարդիկ միմյանց չեն սիրում, բայց շատ կարևոր գործ են անում։ Եկեք աջակցենք օմբուդսմեններին․ նույնիսկ այս դժխոքում, պետք է կրճատել այրիների ու որբերի քանակը։
Ռուսական հեռուստատեսությամբ վերջին երկու շաբաթների ընթացքում երկու հարյուր անգամ հայտարարել են, թե հնարավոր է կիրառեն միջուկային զենք և այն մասին, թե ինչպես կկիրառեն։ 200 անգամ։ Սա արդեն շան կերի գովազդի նման մի բան է։
Կսեղմի՞ Պուտինը կոճակը, թե ոչ, ոչ մեկս չգիտենք։ Կլինի՞ մեզ համար ևս մեկ հնարավորություն, ինչպես ասել էր զինվոր Շվեյկը, հանդիպել պատերազմից հետո ժամը վեցին․․․կլինի՞ նման հնարավորություն, երբ է այդ պատերազմից հետոն։ Եկեք մնացած ժամանակը ապրենք մարդավարի։
Ձեզ ունեմ մեծ խնդրանք․ երկու ուկրաինացի հրաշալի լրագրողներ կան՝ Մստիսլավ Չերնով, Եվգենի Պոլովինկո, և նրանց նկարահանող խումբը։ Նրանք «20 օր Մարիուպոլում» անունով ֆիլմն են պատրաստել։ Նրանք վերջին լրագրողներն էին, ովքեր մնացել էին Մարիուպոլում, այդ մեռնող քաղաքում։ Նրանք կարող էին մահանալ յուրաքանչյուր վայրկյան, նրանք դիտորդ չէին, նրանք ողբերգության մեջն էին։ Ուկրաինացի լրագրողները ցանկանում են մրցանակի արժանացնել ուկրաինացի վավերագրող լրագրողներին, այն մարդկանց, ովքեր պատերազմի դաշտում են, նկարահանում են այս դժոխքի ողբերգությունը։ Եկեք աջակցենք նրանց, քանի որ այդպես մենք կունենանք պատերազմի մասին ամեն ինչ»։
Այս ելույթից հետո Մուրատովին ուղղվեցին հարցեր։ Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչու է հանրությունը և հատկապես երիտասարդությունը աջակցում Պուտինի քաաքականությունը։ Ի պատասխան «Նովայա գազետա»-ի խմբագիրը արձագանքեց․ «Գիտեք, ցավոք, չկա մի հասարակություն, որը քարոզչության զոհ չէ, իսկ քարոզչությունը և ճառագայթումը նույն բանն են»։
Իսկ ինչպե՞ս անել, որ մարդիկ քարոզչության զոհ չդառնան, օրինակ՝ չհավատան այն քարոզչությանը, որ Ուկրաինայում կա ազգայնականություն և պետք է ապազգայնականացնել․ հաջորդ հարցն էր։ «Իմ կարծիքով, այդ մասին հիմա չի խոսում, որովհետև դժվար թե հավատում են ապազգայնականացման այդ թեզին։ Ռուսաստանի առջև դրված խնդիրն այլ բան է։ Կարծում եմ, Պուտինը ցանկանում է ստեղծել նոր աշխարհ և ավարտել ժողովրդավարության հաջողության պատմությունը։ Նա ձգտում է հասնել դրան»։
Մյուս հարցին՝ խաղաղության բոլոր կողմնակիցները պատրաստ են ցանկացած զիջման գնալ, նույնիսկ տարածքային կորուստների հետ հաշվի նստել, միայն թե խաղաղություն լինի Ուկրաինայում, ինչպե՞ս կարձագանքեք նրանց, Մուրատովը արձագանքեց․ «Գիտեք, բավական է սովորեցնել, շնորհակալություն։ Ես մի դիտարկում եմ կատարել՝ կարդալով իմ հայրենակից վերլուծաբաններին, բլոգերներին։ Ի՞նչ են ասում։ Ուկրաինան պետք է հարձակվի, Պուտինի զորքը հիմա կոչնչանա, շուտով հաղթանակ կլինի։ Բլոգերները, վերլուծաբանները բանակին հրում են մարտի, իսկ իրենք էլ կարծես «Նոու Կամպֆ» ստադիոնում երկրպագու լինեն։ Լավ կլինի բանակի ճակատագրով զբաղվի միայն ուկրաինացի ժողովուրդը, հակառակ դեպքում իմ մոտ հետևյալ միտքն է առաջանում՝ մենք այս պատերազմում նոր միջոցներ ենք ներդրել և արդեն ժամանակն է ներդրումը հետ ստանալու։ Եվ հիմա երբ ասում են՝ Պուտինի բանակը հեսա կփախչի, ես արձագանքում եմ՝ ոչ, պարոնայք վերլուծաբաններ, չի փախչի։ Սովետական միության ամբողջ ուժը հիմա աշխատում է այդ հակամարտության վրա։ Եկեք լինենք ադեկվատ ռեալիստներ, և ոչ թե ինքներս մեզ ներշնչենք սեփական քարոզչությունը»։
Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասում Ռուսաստանը պատերազմից հետո միջազգային մակարդակում հարցին, հռետորը արձագանքեց․ «Ես չեմ ցանկանում մտածել ապագայի մասին, ես ֆուտուրոլոգ չեմ, հորոսկոպներ չեմ կազմում։ Հիմա աշխարհում 15 մլն-ից ավելի փախստական կա, ավելին, քան երկրորդ պատերազմի սկզբին, միլիոնավոր ուկրաինացի երեխաներ փախստականներ են։ Նրանց պետք է օգնել, պետք է օգնել պատանդներին։ Ահա այս հարցով պետք է մենք հիմա զբաղվենք։ Պետք է հասկանանք՝ երբ ժողովուրդները հոգնեն պատերազմից, պատերազմը կհաղթի»։
Դմիտրի Մուրատովը նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարած լրատվամիջոցը՝ «Նովայա գազետան», մեկ տարի առաջ դադարել է հրապարակվել Ռուսաստանում, քանի որ իշխանությունները փակել են իրենց՝ լիցենզիայի գործունեությունը դադարեցնելով։ «Ունեցել ենք մի քանի դատավարություն, որոշել են փակել մեր կայքը, թերթը դադարել է հրապարակվել։ Բայց եթե դուք ունեք VPN, որը ի դեպ, Ռուսաստանում հիմա գլխավոր մեդիան է, ապա կարող եք կարդալ «Նովայա Գազետա»։ Մեր կոլեգաների մի մասը մեկնել են պատերազմից հետո, ստեղծել են իրենց ինքնուրույն պարբերականը՝ «Նովայա գազետա-Եվրոպա», որը կարող եք կարդալ առանց VPN», -ներկայացրեց Մուրատովը։
Հասմիկ Համբարձումյան
Բոնն, Գերմանիա
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: