Այսօր Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ Երևանում բողոքի երթ են իրականացրել ընդդեմ ոստիկանության բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնությունների։
«ԵՄ-ի փողերը ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»․ գրությամբ պաստառներ էին պահել երթի մասնակից փաստաբանները։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ոստիկանության բաժանմունքում փաստաբան Կարեն Ալավերդյանն էր բռնության ենթարկվել, իսկ դրանից ամիսներ առաջ՝ փաստաբաններ Էմմանուել Անանյանը ու Մարզպետ Ավագյանը։
Փաստաբան Տարոն Սիմոնյանն ասում է՝ իրավապահ մարմինների հետ փաստաբանների աշխատանքը կոնֆլիկտային է, բայց իրավական պետության ստեղծման ճանապարհին բռնության նման դեպքերը թռիչքաձև հետընթաց են երկրի համար։
«Սա նշանակում է, որ մի քանի բան սխալ է, և ոչ միայն փաստաբանները, այլ նաև պետական ապարատում աշխատող մարդիկ պետք է իրենց հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անեն, որ գոնե փաստաբանների իրավունքները չոտնահարվեն։ Եթե փաստաբանի իրավունքը ոտնահարված է, նա չի կարող պաշտպանություն իրականացնել», -ասել է փաստաբան Տարոն Սիմոնյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: