Փաստաբան Կարեն Ալավերդյանը դեռ չի ստացել իրավապահ մարմինների արձագանքը հունիսի 13-ին հրավիրված ասուլիսում հնչեցված գնահատականներին ու հայտարարություններին։ Ասուլիսի ընթացքում նա և Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասներ էին հայտնել ոստիկանության Կենտրոնի բաժնում իրեն և իր պաշտպանյալին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ նա ասել էր, որ հունիսի 7-ին դատարանի դահլիճում իր պաշտպանյալն ու նրա ընկերը վիճաբանել են, ապա հաշտվել են, իսկ քիչ անց փողոցում նրանց մոտեցել են մի խումբ ոստիկաններ, իր պաշտպանյալին, առանց որևէ հիմնավորումների, տարել Կենտրոնի բաժին, ինքն էլ հետևել է նրանց, հասել բաժին, տեսել է, որ իր պաշտպանյալին բերանքսիվայր ձեռնաշղթաներով պառկեցրել են հատակին ու խոշտանգում են։ Փորձել է փրկել նրան, սակայն ինքն էլ է բռնության զոհ դարձել։ Եվ չնայած դրան, փաստաբանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։
Միակ արձագանքը, որ երեկվա ասոլիսից հետո ստացել է Ալավերդյանը, քննչական կոմիտեի պարզաբանումն է, որը տարածվել էր ասուլիսից հետո։ ՔԿ-ն կրկնում էր ասուլիսի ժամանակ փաստաբանի թվարկած հանգամանքները, սակայն շեշտը դրել է ոչ թե փաստաբանի և նրա պաշտպանյալի ծեծի ու խոշտանգման վրա, այլ ոստիկանների կրած վնասների։
«Ոստիկանությունից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը: Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել: Ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և նշված անձին մի քանի հոգով փորձել են պահել, քանի որ վերջինս գլխով և ոտքերով հարվածել է թե իրենց, և թե աշխատասենյակում գտնվող գույքին»:
Փաստաբան Ալավերդյանն էլ, ըստ ՔԿ-ի, «խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին, մասնավորապես չի թույլատրել, որպեսզի ոստիկանները կազմեն համապատասխան ձերբակալման արձանագրություն: Կ․ Ա․-ին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, և վերջինս խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է»:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ միջոցներ են ձեռնարկվել Կենտրոնի բաժնից և դատարանում տեսագրությունները ստանալու համար։ Փաստաբանի հաղորդման հիման վրա նաև քրեական վարույթ է ձեռնարկվել Հ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը/խոշտանգելը։
Ի՞նչ կասեք քննչական կոմիտեի արձագանքի վերաբերյալ։ Դուք բավարարվա՞ծ եք այդ արձագանքով։ Forrights.am-ի հարցին փաստաբան Կարեն Ալավերդյանը պատասխանում է․ «Ըստ էության, քննչական կոմիտեն հաստատել է այն, ինչ որ ես եմ ասում։ Փաստորեն, վեց օր է անցել, և իրենք չեն կարողանում մի տեսագրություն վերցնել, որ ընդամենը ոստիկանության շենքի առաջին հարկից պետք է հանեն, բարձրացնեն երրորդ հարկ։ Պարեկների թեման էլ է հետաքրքիր։ Պարեկների վրա այդքան փող ենք ծախսում բոլորս, նրանց վրա պետք է լինեին տեսախցիկներ, բայց չեն եղել, հանված են եղել»։
Փաստաբանը հիշեցնում է՝ վերջին մի քանի ամսում արդեն չորրորդ անգամ է խոշտանգում ու բռնություն տեղի ունենում ոստիկանության Կենտրոնի բաժնում։
«Սա խոշտանգման մեզ հայտնի արդեն չորրորդ դեպքն է, ընդ որում, նույն անձնակազմի ներգարվմամբ։ Տփողների հատուկ «սաստավ» կա Կենտրոնի բաժնում, ու ես համոզված եմ, որ ասելու են՝ իրականացվում է ծառայողական քննություն, և գործը դրանից առաջ չի շարժվելու։ Բայց թող իմանան, մենք ունենք բոլորի դեմքերը, նկարները, անունները, մենք ոչ թե հետամուտ ենք լինելու, այլ տարբերակ չունենք հետամուտ չլինելու այս ամենին, որովհետև սա միայն մեր հարցը չի։ Սա ողջ հասարակության հարցն է», — ասում է Կարեն Ալավերդյանը։
Իր մեղադրանքի վերաբերյալ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելլը, փաստաբանը նշում է․ «Մեկ օրվա ընթացքում հրապարակեք գոնե մեկ կադր, երկու րոպեանոց, որում երևա, թե Կարեն Ալավերդյանը մեկին վիրավորանք է հասցնում, կամ, ասում է ՝ դու շատ վատ ոստիկան ես, բայց չկա նման բան։
Տեսեք, ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա։ Իմ պաշտպանյալին անհիմն կասկածով տարել են բաժին, որտեղ ոստիկանները ինքնահաստատվելու, կամ այլ բանի համար՝ քննությունը ցույց կտա, ծեծուջարդի են ենթարկել նրան։ Փաստաբանը դրա վրա բռնել է նրանց, ականատես է եղել ծեծին, իրենք էլ չեն կողմնորոշվել՝ ինչ անել, ցայտնոտային իրավիճակում որոշել են փաստաբանին էլ մեկուսացնել, և հետո՝ ներկայացնեն, թե եկան, մեզ հայհոյեցին, մեզ վիրավորեցին։
Բայց ոստիկանին վիրավորելու համար նախատեսված են պատասխանատվության տեսակներ։ Նույնիսկ եթե ես մտած լինեի բաժին ու միջանցքով բոլորին հայհոյելով գնացած լինեի, դա էլի որևէ մեկին իրավունք չի տալիս, ինձ ծեծելու», — ասում է Կարեն Ալավերդյանը։
Ըստ նրա, եթե ոստիկանների և պարեկների անպատժելիությունը շարունակվի, ապա «շուտով լսելու ենք, որ ոստիկանության շենքից դիակներ են դուրս բերում։ Ոստիկանի՞, թե՞ քաղաքացու՝ չեմ կարող ասել, բայց այս ամենը տանելու է դրան»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: