Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել Արցախի վերաբերյալ միանգամից երկու հայտարարություններով։ Մեկը «նվիրված» էր Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման (բլոկադայի) կիսամյա «հոբելյանին», մյուսը՝ Արցախում նոր ուժային գործողություն սկսելու Բաքվի առերեւույթ մտադրությանը։
ԱԳՆ-ի հայտարարությունները հնչել են հունիսի 21-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից 1 շաբաթ առաջ։ Հունիսի 13-ին Եվրախորհրդարանում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, իրավիճակն Արցախում եւ Լաչինի միջանցքում։
Վերջին 2 ամսվա ընթացքում, երբ ակտիվացել է արեւմտյան դիվանագիտությունը, Բաքուն եւ Մոսկվան՝ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի «ուզած, թե չուզած» աջակցությամբ փորձում են անշրջելի դարձնել 2020 թ․ նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը, որը ենթադրում է Արցախի այսպես կոչված «վերաինտեգրում» Ադրբեջանի կազմում։ Ստեղծվում է մի ահռելի տեղեկատվական շղարշ, որը կոչված է համոզել աշխարհին, իբր ոչ մի բլոկադա չկա, ճանապարհը բաց է, Արցախի հայերը մեծ հաճույքով անցնում են ադրբեջանական անցակետով, եւ միայն ազգայնականները, «նախկինները» եւ այլ «մարգինալներն» են խոչընդոտում «խաղաղությանը»։
Ինչո՞ւ չեք գնում Արցախ, Ալիեւն ասում է՝ ճանապարհը բաց է, հարցնում են ոմանք ոչ միայն Եվրոպայում, այլեւ Հայաստանում։ Որոշ պաշտոնական փաստաթղթերում արդեն չեն շոշափվում «բլոկադա», «կարգավիճակ», «միջանցք» բառերը, եւ այդ ամենն աղավաղում է իրական պատկերը։
Իսկ իրականում ցանկացած մարդ չի կարող անցնել Բերձորի միջանցքով։ Անցակետով մարդիկ անցնում են միայն ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի իջազգային կոմիտեի մեքենաներով։ Այսինքն՝ սկզբից պետք է գրանցվել կամ ռուսների մոտ, կամ Կարմիր խաչում։ Նրանք պետք է հաստատեն, որ դուք իրավունք ունեք անցնել ու օր նշանակեն։ Հետո միայն իրենց մեքենաներով կարելի է երթեւեկել ու պատրաստ լինել «գրանցվել» ադրբեջանական անցակետում ու նկարահանվել։ Արդեն դեպքեր կան, երբ անցակետում խոչնդոտել են մարդկանց մուտքը։
ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ կարեւոր արձանագրումներ կան․ «արդեն 6 ամիս է՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է», «չնայած Արդարադատության միջազգային դատարանի 22.02.23 օրինականորեն պարտադիր վճռին և միջազգային հաստատությունների բազմաթիվ զանգերին»։
Այսինքն, Հայաստանը խոսում է միջանցքի, արգելափակման եւ Միջազգային դատարանի մասին։ Կարծես՝ հղում չկա նոյեմբերի 9-ի տխրահռչակ որոշմանը։ Հակառակը՝ հայկական պաշտոնյաները բաց տեքստով ասում են, որ ռուսական կողմը չի կատարում իր պարտականությունները։
Նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում չեն արել նաեւ Եվրախորհրդարանի լիագումար նիստում հունիսի 13-ին կայացած՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում իրավիճակը թեմայով քննարկմանն, որին մասնակցոլ է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Ժոզեպ Բորելն ասել է նաև, որ Եվրոպական Միությունն ավելի վաղ հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը չի նպաստում վստահություն կառուցելու ջանքերին, բայց Լաչինի միջանցքը դուրս է Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության պատասխանատվությունից, որ Եվրամիությունը խնդրել է Ադրբեջանին բացել միջանցքը։ «Բայց մենք չենք կարող ուժով ստիպել», — հավելել է նա։
Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը — խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը հստակ ձեւակերպումներով, և առաջին անգամ, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաեւ Ղարաբաղը, հիշեցրել է Ժոզեպ Բորելը։ Ասել կուզի՝ Եվրամիությունը ի՞նչ կարող է անել, եթե Հայաստանը ընդունում է դա։
ԵՄ-ն հասանելիություն չունի միջանցքում տեղակայված անցակետին, հետևաբար զրկված է լիարժեք դիտարկում իրականացնելու հնարավորությունից։ «Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»,- ասել է Բորելը։
Այլ կերպ ասած, ԵՄ-ն առաջարկում է տարածել իր առաքելությունը դեպի Բերձորի միջանցք, եւ հենց դրա հետ են, հնարավոր է, կապված Բաքվի եւ Մոսկվայի ջղաձիգ շարժումները։
Նիկոլ Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ «Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված»։ Վալդիմիր Պուտինը չի պատասխանել հարցմանը, համենայդեպս՝ պաշտոնապես։ Նա չի դատապարտել Բաքվի անցակետի տեղադրումը եւ չի գնահատել ռուս խաղաղապահների պահվածքը։
Իսկ ռուս խաղաղապահները «տակից» համոզում են արցախյան հայերին “ազատ տեղաշարժվել”, ասում են, որ իրենք կապահովեն անվտանգությունը, որ անձնագրերում ոչ մի նշում չի լինի եւ այլն։ Արայիկ Հարությունյանն էլ նույն թելն է թելում։
«Բաքուն տապալել է վաշինգտոնյան հանդիպումը, որ ժամանակ շահի ու ապացուցի աշխարհին, իբր միջանցքը բաց է, եւ Ադրբերանը Հաագայի դատարանի որոշումը չի խախտում։ Ռուսներին էլ է ձեռնտու թուլացնել մեր դիրքերը արեւմտյան դաշտում եւ գործընթացը սեփական կողմ քաշել։ Դրա համար Մոսկվան ու Բաքուն անում են ինչ ուզում են՝ քանի մարդ թողել, ինչպես նկարահանել․․․»-, գրել է արցախյան ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանը։
Արցախի ԱԺ «Արդարադություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է, որ ամբողջ ժողովուրդը դեմ է նախագահ Հարություննյանի քայլերին, բայց իշխանություններն այսօր դա ձեւակերպում են որպես հանրային պահանջ, բացում ճանապարհը, այն դեպքում, երբ երաշխավորված չէ մեր ազատամարտիկների, պատերազմի հերոսների՝ այդ ճանապարհով անցնելը: «Հայկական կողմից որեւէ երաշխիք չի տրվում այդ անձանց, որ նրանք անխափան կարող են անցնել, կամ Ադրբեջանի կողմից հնարավոր քայլրի դեպքում ինչ քայլեր է անելու հայկական կողմը», ասել է նա news.am-ին:
Բաքվի «սահմանապահները» գրանցում են հայերի անձնագրային տվյալները։ Անցակետով զգուշանում են անցնել զինվորականները․ Երևանում մահացած պատերազմի մասնակցի մարմինը թույլ չեն տվել տեղափոխել Արցախ։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ Լաչինի միջանցքը մնում է փակ, առանց խիստ անհրաժեշտության և երրորդ կողմի այնտեղով որևէ հայ չի անցնում։ Բաքուն արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կատարում։
Նաիրա Հայրումյան