Մայիսի 20-ին դաժան ինքնադատաստանի դեպք էր գրանցվել Գյումրիում, որը Հայաստանով մեկ հնչեղություն ստացավ։ ՔՊ-ին հարող երիտասարդները՝ անդամ, համակիր, ծեծել, ծաղրել, նվաստացրել են 50 տարեկան մի արհեստավորի, վերջում էլ կրակել են նրա որովայնին։

Արհեստավորը վերանորոգման աշխատանքներ է կատարել գործարար Մարտին Թորոյանի տանը, որը նրան կասկածել է շինանյութ գողանալու մեջ և իր ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և Գյումրու բուժհաստատություններից մեկի տնօրենի որդու՝ Օնիկ Կիրակոսյանի հետ որոշել է պատժել նրան՝ հայհոյել է, ապտակել է, թքել է երեսին, ծեծել է։

«Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շաունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք», — մայիսի 24-ին հաղորդել էր քննչական կոմիտեն։

Մարտին Թորոյանը, ըստ ՔԿ-ի, փորձել է դիմել փախուստի, սակայն  ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը հերքում է, որ իր պաշտպանյալը փորձում էր փախչել երկրից, ասելով՝ կարճ ժամանակով մեկնում էր Ռուսաստան, ծանուցում ստանալուն պես ներկայացել է քննչական մարմին։

Մարտին Թորոյանին մեղադրում են սպանության փորձի, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու համար։ Չնայած այս ծանր հոդվածներին, դատարանը որպես խափանման միջոց ընտրել է գրավը՝ 10 մլն դրամի չափով  և ընդամենը տնային կալանքի են ենթարկել նրան։

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանը նույնպես տնային կալանքի տակ է։ Նրան նույնպես Արամայիս Հայրապետյանն է պաշտպանում։ Գրավի չափը՝ 2 մլն դրամ։ Նրան մեղադրում են տուժողին բուժօգնություն ցույց տալու նպատակով պոլիկլինիկա տեղափոխելու միջոցով հանցագործությունը պարտակելու մեջ։

«Երվանդ Խանամիրյանը տարել է մարդուն հիվանդանոց, բուժօգնություն է ցույց տվել։ Մենք չունենք տվյալներ, որ Երվանդ Խանամիրյանը ներկա է եղել ծեծի, այլ բռնարարքների։ Միայն  տուժողի ցուցմունքն է, այն էլ՝ ոչ ամբողջական։ Նա կոնկրետ բաներ չի ասել Խանամիրյանի վերաբերյալ, ընդամենը ասել է, որ իրեն տարավ պոլիկլինիկա», — ասում է  Արամայիս Հայրապետյանը։

Forrights.am-ի հետ զրույցում չի ժխտում, որ գումարային վեճ է եղել Մարտին Թորոյանի տանը, սակայն  այն, ինչ նկարագրված է, ակնհայտ չափազանցություն է․ «Անտրամաբանական է այդ ամենը։ Տունը շատ բանուկ մասում է գտնվում։ Փակ տեղ չի, որ այդ աստիճան դաժան գործողություններ լինեին, և ոչ ոք չնկատեր։ Իմ պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում»։

Կարո՞ղ է Երվանդ Խանամիրյանին ավագանու անդամի լիազորություններից զրկելու հարց դրվի՝ հարցրեցինք փաստաբանին, քանի որ եթե դատարանի վճիռ  նա մեղավոր ճանաչվի, ապա նրա լիազորությունները կդադարեցվեն։

«Մի քանի նիստի չներկայանալու դեպքում նրան կարող է մանդատից զրկեն, սակայն մենք բողոքարկել ենք տնային կալանքի որոշումը։ Եղել է շատ փոքր միջադեպ, այնպես չի, որ ոչինչ չի եղել, բայց այն, ինչ նկարագրված է, իմ կարծիքով, չափազանցված է։ Ես զերծ կմնամ, բայց հիմա միջանձնային խմորումներ են գնում», — նշում է փաստաբանը՝ չցանկանալով մեկնաբաներ՝ ինչ խմորումների մասին է խոսքը։ Ենթադրվում է՝ հնարավոր է, տուժողի հետ որոշ աշխատանք տարվի, և նա փոխի ցուցմունքները։

Փաստաբանը նաև չցանկացավ պատասխանել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը․ «Ես չեմ կարող նախաքննության գաղտնիք բացել, բայց եթե կողքի աչքով նայում ես, նկարագրված արարքները կարող էր անել մի դաժան, անմարդկային մեկը։ Ասված է, որ շան բուն է գցել, եթե դուք տեսնեք այդ շանը, որը իր տիրոջից բացի, ուրիշ մարդու չի ճանաչում, կհասկանաք, որ եթե այդ շան բունը մարդ գցեին, կրակելու անհրաժեշտություն էլ չի  լինի։ Ինձ տեսնելուց անգամ, նա իրեն պատռում էր։ Շունը կապի վրա է պահվում»։

Գյումրիում այս դեպքը ուղիղ համեմատության մեջ են դնում Աշոտ Փաշինյանի առեղծվածային առևանգման և զոհվածի մայր Գայանե Մարտիրոսյյանին կալանավորելու, ու գործը շատ արագ դատարան տանելու դեպքի հետ։ Նկատենք՝ մարդուն խոշտանգման ու տանջանքների ենթարկողները իրենց տանն են, իսկ զոհվածի մայրը շուրջ մեկ ամիս մնացել էր կալանքի տակ։

Գյումրիում խոսում են, որ վեճը ՔՊ-ական երիտասարդների և շինարարական աշխատանքներ կատարող վարպետ Հովհաննես Մկրտչյանի միջև առաջացել է 4 լիտր ներկի պատճառով,  որն, իբր՝ յուրացրել է արհեստավորը։ Սակայն  սա ամբողջ ճշմարտությունը չէ։  Ըստ շրջանառվող լուրերի, երիտասարդները  թմրանյութ օգտագործած վիճակում են եղել։ Նրանք Հովհաննես Մկրտչյանի վրա «էլ ջուր են լցրել, էլ կրակել են աղիների վրա, հետո էլ կիսամեռ տարել, գցել են հիվանդանոցի պատի տակ, մորգի կողքը»։

Մարտին Թորոյանը, ի դեպ գյումրեցի, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի քրոջ որդին է։ Նա Տիգրան Մեծ փողոց, 8 հասցեում հացի փուռ ունի։

Այս գործով երրորդ մեղադրյալը՝ Օնիկ Կիրակոսյանը, կալանավորված է։ Նրան մեղադրում են բռնություն իրականացնելու և դեպքը թաքցնելու համար։

Օնիկ Կիրակոսյանի փաստաբան Ալբերտ Դերձյանը բողոքարկել է կալանքի որոշումը։ «Տուժողն է ընդամենը նկարագրում։ Մեկ ցուցմունքի հիման վրա հիմնավոր կասկած են ձևակերպում։ Դա գործով շահագրգիռ անձի ցուցմունք է։ Գործով որևէ տվյալ չկա, որով հիմնավորվեն նրա ասածները։ Կա մարմնական վնասվածք, հասկացանք, բայց ինչ հանգամանքներում է դա եղել, ինչից է եղել, այս ամենի վերաբերյալ իր ցուցմունքից բացի ոչինչ չկա։ Օնիկ Կիրակոսյանը նրան տարել, բուժօգնություն է ցույց տվել, իսկ տուժողը որպես շնորհակալություն նրա վրա ցուցմունք է գրել, թե ինքը ինձ ապտակել է ու հայհոյել է։», — ասում է փաստաբանը։

Պատմում են, որ մեղադրյալները թմրանյութ են օգտագործած եղել, դա ճի՞շտ է, մեր հարցին փաստաբանը պատասխանում է․ «Գործի տվյալներով նման տեղեկություն չունենք»։ Ըստ նրա, նախաքննական մարմինը շատ է ուռճացնում մեղադրանքը և ժամանակի ընթացքում այն կփլուզվի։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest