Իլգա-Եվրոպան մայիսին հրապարակեց ծիածան քարտեզը*՝ անդրադառնալով 49 եվրոպական երկրներում ԼԳԲՏ* անձանց իրավական և քաղաքական իրավիճակին:
Նոր տվյալների համաձայն Հայաստանը կրկին հայտնվեց սանդղակի ստորին հատվածում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Խտրական վերաբերմունքից անպաշտպանվածության, ինքնարտահայտման և ընտանիք ստեղծելու անհնարինությունը պատճառով լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս նույնականացող անձինք իրենց ապագան հիմնականում տեսնում են Հայաստանից դուրս։
Հեռանում են անգամ այստեղ բարեկեցիկ կյանք և հաջողված կարիերա ունեցողները՝ զրկելով աշխատաշուկան որակյալ կադրերից եւ մասնագիտական պոտենցիալից։
Բարձր պաշտոնը տրվեց հետերոսեքսուալ աշխատակցի, ես չէի էլ կարող բողոքել. Ռիչարդի պատմությունը
25-ամյա ծրագրավորող Ռիչարդը (հեղ.-անունը փոխված է հերոսի խնդրանքով) վերջին 4 տարիներին ինտենսիվորեն աշխատել է իր մասնագիտական որակների վրա և հասել ավագ մասնագետի պաշտոնի: Դպրոցում նա այլ հետաքրքրություններ ուներ՝ արվեստ, գրականություն, երազում էր սցենարիստ կամ գրող լինելու մասին, բայց մասնագիտություն ընտրելիս՝ ստիպված էր ավելի գործնական որոշում կայացնել։
«16-17 տարեկանում արդեն ենթագիտակցաբար զգում էի, որ գեյ տղայի համար դժվար է լինելու ապրել որպես սոցիալապես անապահով անձնավորություն մեր հասարակությունում: Եթե դու քվիր* ես, կարկուտն արդեն ծեծել է քեզ: Եթե դու քվիր ես ու նաև աղքատ, կարկուտը քեզ կրկնակի է ծեծում»,- ասում է Ռիչարդը բացատրելով, թե ինչու 12-րդ դասարանում որոշեց ընտրել մի մասնագիտություն, որն ավելի մեծ պահանջարկ ուներ:
Ընտանիքում բոլորը տեղյակ են իր սեռական կողմնորոշումից և մեծ հաշվով համակերպվել են այդ փաստի հետ, սակայն գերադասում են դա ցույց չտալ արտաքին աշխարհին. «Ինձ զգացնել են տվել, որ ընտանեկան մեծ արարողությունների ժամանակ քեզ մի ցույց տուր»:
Գրեթե նույն մոտեցումն է աշխատավայրում. «Ինչքան էլ հիմա աշխատանքի վայրում որոշ չափով արդեն գիտեն իմ մասին, ես էլի ամբողջովին աութ չեմ (ազատ չեմ), որովհետև մարդիկ ակնկալում են, որ ես ինձ պետք է շրջանակների մեջ դնեմ՝ Շատ լավ, աութ եղիր, բայց երբ հասարակական վայրերում ես, քեզ զուսպ պահիր:
Բայց ես չեմ ուզում ինձ զուսպ պահել, ինձ դուր չի գալիս դա»:
Միայն ինքնաարտահայտման ազատությունը չէ, որ անհանգստացնում է Ռիչարդին: Նախկին աշխատատեղում նա հանդիպել է ուղիղ խտրականության հենց մասնագիտական հարաբերություններում: Ավելի բարձր պաշտոնի թեկնածու ընտրելիս՝ գործատուները գերադասությունը տվել են հետերոսեքսուալ աշխատակցի, որը, ըստ Ռիչարդի, թե՛ գիտելիքով, թե՛ փորձով զիջում էր իրեն: Թեև ոչ ոք չի բարձրաձայնել, որ պատճառը սեռական կողմնորոշումն էր, սակայն տողատակերում Ռիչարդի համար դա պարզ էր: Նա չի էլ փորձել խնդրի մասին խոսել ղեկավարության հետ, համոզված էր` ոչինչ չի փոխվի։
Խտրականությունը և ազատության բացակայությունը ստիպել են Ռիչարդին մտածել Հայաստանը լքելու մասին: Նա ընդունել է Միացյալ Թագավորությունում աշխատանքի առաջարկը, և հնարավոր է՝ արդեն տարվա վերջին հեռանա երկրից. «Որքան էլ ես հպարտ եմ, որ կարողացել եմ իմ կյանքի առաջին 25 տարին արդյունավետ օգտագործել եւ արդեն որոշակի ֆինանսական կայունություն ունեմ, զգում եմ, որ լիարժեք երջանիկ լինելու համար ես էդ քայլը պետք է անեմ․ պետք է տեղափոխվեմ»:
Ռիչարդը չի բացառում, որ Արևմուտքում էլ, հնարավոր է՝ հանդիպի խտրական վերաբերմունքի, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ այնտեղ օրենքի կողմից պաշտպանություն կունենա:
Հեռանալու մյուս պատճառն էլ ընտանիք ստեղծելու ցանկությունն է. «Ես էլ ուզում եմ բոլորի նման ընտանիք ունենալ, երեխա ունենալ՝ կլինի դա որդեգրելու ճանապարհով, թե՝ այլ: Դրա համար համապատասխան օրենքներ են պետք, որոնք Հայաստանում չկան։ Անգլիայում այդ հնարավորությունները կան»։
Իրավական «անպաշտպանվածություն»
Հայաստանի Հանրապետությունում խտրականությունը արգելվում է Սահմանադրությամբ: Այնումենայնիվ, մայր փաստաթղթի 29-րդ հոդվածի՝ խտրականությունը արգելող հիմքերի երկար շարքի մեջ բացակայում են գենդերային ինքնություն և սեռական կողմնորոշում եզրույթները:
«Փինք Արմենիա»-ի փաստաբան Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոդվածում հիշատակվող «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձեւակերպումը օգտագործվել է դատական հայցերում նույնասեռական կամ տրանս անձանց պաշտպանության համար։ Պատշաճ կիրառության դեպքում՝ այն պետք է ներառի նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը. «Սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիր ենք ունենում այս առումով: Մենք չունենք առանձին օրենսդրություն, որն ավելի հստակ կտա խտրականության սահմանումը, տեսակները, նույնականացման առանձնահատկությունները: Դրանով պայմանավորված պրակտիկայում դժվարություններ են առաջանում, հատկապես, որ այդ ուղղությամբ մասնագիտացումներ չեն ունենում դատարանները»:
Ինչ վերաբերում է ընտանիք կազմելու հարցին, ապա եթե հետերոսեքսուալ զույգերի ամուսնությունը պետական գրանցում է ստանում, ինչի հիման վրա զույգերը որոշակի իրավունքներ ու պարտականություններ կարող են ունենալ միմյանց հանդեպ ԼԳԲՏ* անձնինք դրանից զրկված են. «Նույնասեռական զույգերի պարագայում դա հնարավոր չէ, քանի որ նման ամուսնությունը չի կարող գրանցվել Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմնի կողմից»
Իմ անձնական երջանկությունը գերադասել եմ մասնագիտական հաջողություններին. Անիի պատմությունը
Ընտանիք ունենալու ցանկությունն այն հիմնական պատճառն էր, որը ստիպեց Անիին հեռանալ հայրենիքից՝ թողնելով այստեղ կայացած կարիերան և ընկերներին:
Մինչև Հայաստանից հեռանալը լրագրող Անին (հեղ. — անունը փոխված է հերոսի խնդրանքով) աշխատում էր Հայաստանի հեղինակավոր լրատվական հարթակներից մեկում: Սակայն ի սկզբանե Անիի համար պարզ էր, որ անձնական երջանկությունը գերադասելու է մասնագիտական նվաճումներին:
«Լրագրողների համար երկիր փոխելը չափազանց բարդ է, որովհետև դու գրում ես տվյալ լեզվով ու տվյալ երկրի աշխարհաքաղաքական կոնտեքստում, ու դա փոխելը շատ դժվար է, հատկապես եթե ոչ անգլալեզու երկիր ես տեղափոխվում: Արդյունքում ես ստիպված էի փոխել իմ ոլորտը»:
Անին իրեն բացարձակ ապահով չէր զգում Հայաստանում. «Մշտապես զգացողություն ունեի, որ հասարակությունը, բարեկամները, ընտանիքը կհասնեն մեզ՝ վատ իմաստով: Հասկանում էի, որ եթե ուզում ենք միասին լինել, ի վերջո պետք է գնանք»:
Եթե ԼԳԲՏ* զույգը չի պլանավորում երեխա ունենալ՝ որոշակի զոհողությունների, ընտանիքի հետ հարաբերությունները խզելու գնով, կարող է փորձել ապրել Հայաստանում, սակայն երեխան փոխում է ամեն ինչ, որովհետև «երկու մամա ունեցող երեխային ո՞նց պետք է մանկապարտեզ տանեինք»:
«Սկզբում շատ ջղայնացած էի, որովհետև զգում էի՝ իմ կամքով չեմ գնացել, այլ ինձ ստիպել են, ինձ հանել են Հայաստանից, ստիպել են, որ գնամ: Դա իմ ընտրությունը չի եղել: Հետո ես մի տեսակ չէի կարողանում կապս Հայաստանի հետ կտրել. աշխատանքս էր Հայաստանի հետ կապված, ընկերներս էին Հայաստանում: էմոցիոնալ, ոչ ռացիոնալ վիճակը մինչև հիմա կա, ես հաշտ չեմ էդ մտքի հետ, որ գնացել եմ»,- ասում է Անին:
Ըստ Անիի՝ ԼԳԲՏ* անձանց հեռանալով Հայաստանի աշխատաշուկան զրկվում է արժեքավոր կադրերից. «ԼԳԲՏ* մարդիկ մեծամասամբ շատ ավելի բաց միտք ունեն, շատ ավելի բազմամշակույթ են, քան միջին վիճակագրական հայ տղան կամ աղջիկը: Կյանքի բերումով նրանք հարցականի տակ են դրել այնպիսի բաներ, որոնք մարդկանց մեծ մասը հարցականի տակ չի դնում: Նրանք լիքը բան կարող են փոխել, լավ մոտեցումներ բերել, սակայն գնում են: Արդյունքում նրանցից զրկվում է մեր աշխատաշուկան, մշակույթը, հասարակությունը»:
Անին նկատում է, որ Հայաստանում ոչ ոք չի փորձում պատասխանատվություն վերցնել իրավիճակի փոփոխության համար՝ ո՛չ ակտիվիստները, ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ մտավորականները. «Ես չեմ հավատում, որ այլ երկրներում հասարակությունները մի օր արթնանում են ու որոշում բաց լինել: Ես համոզված եմ, որ եթե 60-70 տարի առաջ գնայինք Լոնդոնի կենտրոնում մի տղամարդուց հարցնեինք, թե արդյոք կինը պետք է աշխատի և ունենա հավասար իրավունքներ, նա նույնը կպատասխաներ, ինչ մեր թաղի ինչ-որ Արսեն ձյաձյա: Բայց էդ հասարակությունը պետական մակարդակով կարծատիպերը կոտրելու ջանք է գործադրել »:
Մի քանի տարի եվրոպական երկրներից մեկում ապրելուց հետո Անին և իր զուգընկերը արդեն օրինականացրել են հարաբերությունները՝ քաղաքացիական զուգընկերություն կազմելով: Այդ կարգավիճակը գրեթե նույնական է հետերոսեքսուալ զույգի ամուսնությանը և թույլ է տալիս կողակցի երեխային որդեգրել:
Նոր երկրում Անին որպես առաջնահերթ առավելություն նշում է ապահովության զգացողությունը. «Այնպես չէ, որ այստեղ չկան հոմոֆոբներ, չկան ոչ ադեկվատ մարդիկ: Սակայն այս երկրում կա կոնկրետ իրավական պաշտպանություն, խտրականության դեմ օրենքներ, որոնք պահվում են: Հայաստանում անգամ թղթի վրա գրած նման օրենքներ չկան: Այստեղ դու չես վախենա ոստիկանին ասել, որ գեյ ես: Եթե Հայաստանում, որևէ բան հանկարծ պատահի, դու որևէ պաշտպանություն չես կարող ակնկալել պետությունից, որովհետև ըստ պետության՝ դու գոյություն չունես: Քո գոյությունը քո պետությունը ժխտում է»:
Արտագաղթը ԼԳԲՏ* համայնքում
Անկախությունից ի վեր՝ արտագաղթը համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերներից մեկը: Բացառություն չէր նաև 2022 թվականը, երբ ՀՀ անձնագրերով Հայաստան էր ժամանել 1 479 798 մարդ, մեկնել՝ 1 507 739-ը։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում են լքել ավելի շատ քաղաքացիներ, քան վերադառնալ:
Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի կանխատեսմամբ՝ 2050թ.-ին Հայաստանի բնակչությունը կազմելու է 2.6 մլն մարդ: Սրա պատճառը ոչ միայն ծնելիության ցածր ցուցանիշներն են, այլև արտագաղթը:
Թե արտագաղթի այս ցուցանիշներում ինչ տեղ են զբաղեցնում ԼԳԲՏ* անձինք որևէ հստակ ցուցանիշ չկա: Վերջին նման հետազոտությունն արել է «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2015թ.-ին: Այն ժամանակ հարցված 111 ԼԳԲՏ* նույնականացող անձից 86-ը հայտնել էր երկիրը մշտապես լքելու մտադրության մասին՝ որպես պատճառ նշելով խտրական վերաբերմունքը:
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ թեև Հայաստանում քայլ առ քայլ դրական փոփոխություններ են կատարվում, հետազոտության արդյունքները դժվար թե էականորեն փոխված լինեն:
Իրավիճակը փոխվել է այլ տեսանկյունից՝ ավելի հեշտացել է ճամփորդելը: ԼԳԲՏ* անձինք հեռանում են հիմնականում երկու ճանապարհով՝ կա՛մ քաղաքական ապաստարան են հայցում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից կամ Կանադայից, կա՛մ գնում են ուսման նպատակով և մնում այդ երկրում, ընդ որում՝ տարբերություն չկա նրանք հասել են մասնագիտական հաջողությունների ՀՀ-ում, թե՝ ոչ:
Հեղինակ՝ Լուսինե Ոսկանյան
Նկարազարդումները՝ Մերի Հովսեփյանի
*Իլգա-Եվրոպան(ILGA-Europe) Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է:
** Քամինգաութ(անգլ.՝ coming out- ազնվացում) սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության բացահայտումը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: