«Դիրքորոշման փոփոխություն կար։ Մեր պաշտպանյալի և մեր դիրքորոշումների տարբերության կապակցությամբ մեր պաշտպանությունը Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ այլևս չի իրականացվելու։ Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը», -քիչ առաջ դատական դռնփակ նիստից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Գայանե Մարտիրոսյանի ցանկացած դիրքորոշում իրենց համար ընդունելի է ու հարգելի։

Նկատենք՝ այսօր ավելի վաղ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստը կողմերի համար անսպասելի հայտարարվել էր, որ անցկացվելու է դռնփակ։ Ավելի ուշ պարզվեց, որ դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ ինքն է որոշել նիստն անցկացնել դռնփակ։

Նիստից հետո լրագրողների հետ ճապզրույցում փաստաբանները սակավախոս էին․ փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց՝ քանի որ դռնփակ նիստում է նման որոշումը կայացվել, ինքը չի կարող հանրայնացնել այնտեղ քննարկվածը։

Մյուս փաստաբան Գեորգի Մելիքյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշել է ներգավել հանրային պաշտպան՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնելու համար։ «Մենք այլևս լիազորված չենք այս գործի շրջանակում որևէ բան հայտնելու», -հավելեց Մելիքյանը։

Նշենք․ որ սա առաջին անգամը չէ, որ Գայանե Մարտիրոսյանը պաշտպանների հետ տարաձայնությունների պատճառով հրաժարվում է փաստաբաններից․ առաջին անգամ նախաքննության փուլում նա հրաժարվել էր Վահան Հովհաննիսյանից և Ռուբեն Մելիքյանից։

Փաստաբանները հրաժարվեցին հանրայնացնել՝ ինչու է Գայանե Մարտիրոսյանը հրաժարվել իրենց պաշտպանությունից։ «Ճիշտ կլինի, որ տիկին Գայանեն տա Աստված հայտնվի ազատության մեջ, ինքը բարձրաձայնի դրա պաճառների մասին։ Ընդամենը կարող եմ ասել, որ կա հակասություն մեր և տիկին Գայանեի դիրքորոշումների միջև», -ասաց Գեորգի Մելիքյանը։

Այդուհանդերձ, փաստաբանը պատասխանելով հարցերին, որոշ դրվագներ բացահայտեց․ նա ընդգծեց, որ իրենք՝ որպես պաշտպաններ, արդարացման հիմքով էին տրամադրված շարունակել իրենց պաշտպանությունը, սակայն Գայանե Մարտիրոսյանը այլ դիրքորոշում է ունեցել։

Բայց նրանք այսօր դռնփակ նիստում հասցրել են միջնորդել դատարանին փոխել Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը, ինչից հետո դատարանի որոշմամբ նրանց լիազորությունները Մարտիրոսյանի նկատմամբ կասեցվել են։

«Ավելի ուշ Գայանե Մարտիրոսյանը մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մենք հիմա էլ գտնում ենք, որ այս գործով հանցակազմը բացակայում է», -ընդգծեց Հովսեփ Սարգսյանը։

Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գայանե Մարտիրոսյանը ընդունում է Աշոտ Փաշինյանին առևանգելու համար իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդում դատավարությունն իրականացնեց արագացված ընթացակարգով։

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest