44-օրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունների նախաձեռնած «Պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի» իրականացման համար խոչընդոտներ են ստեղծվել․ բանկերը հրաժարվում են ընդունել Արցախի Հանրապետության կառավարության տրամադրած սերտիֆիկատները և գումար տալ տեղահանվածերին՝ բնակարաններ ձեռք բերելու համար։
Հիշեցնենք՝ այդ ծրագրով շահառու հանդիսացող ընտանիքները սերտիֆիկատներ են ստանում պետությունից, որոնք ներկայացնելով բանկերին, ստանում են գումար Հայաստանում անշարժ գույք գնելու, կամ հիփոթեկային վարկավորում ստանալու համար։ Սերտիֆիկատների արժեքը մեկ կամ երկու անձի դեպքում կազմում էր 20 մլն դրամ, երեք անձի դեպքում՝ 21 մլն դրամ, իսկ չորս և ավելի անձանց դեպքում՝ 22 մլն դրամ: Դրանց տրամադրման գործընթացը դանդաղ էր ընթանում, քանի որ դրանք ստանալու համար տեղահանվածներից բազմաթիվ փաստաթղթեր էին պահանջվում, որոնց մի մասը մնացել էր Արցախում։ Փաստորեն, այս կերպ պետությունը աջակցում էր այն ընտանիքներին, որոնք կրկնակի են տուժել պատերազմի արհավիրքից՝ հարազատ են կորցրել և զրկվել են տնից։
Իդեալական այս նախաձեռնությունը, որի վերաբերյալ Արցախի կառավարությունը որոշում էր ընդունել դեռևս 2022 թվականի մայիսի 10-ին և որի ընթացքի մասին Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար զեկուցում էր, փաստորեն կիսատ-պռատ է իրականացվում։ Շտաբն էլ վաղուց արդեն չի հրապարակել, թե քանի հոգու են հերթական սերտիֆիկատները հանձնվել
Արդեն մոտ տաս օր է՝ ծրագիրը փաստացի դադարեցված է։ Զոհվածների ընտանիքները բողոքում են, որ բանկերից մերժում են ստանում։
«Սերտիֆիկատները տվել են, գնացել ենք բանկ, ասել են՝ ի՞նչ սերտիֆիկատ, մենք սերտիֆիկատով գործարք չենք անում։ Բոլորը զոհված զինծառայողների ընտանիքներ են», — ասում է տեղահանվածներից Կարեն Շ․-ն։
Արթուր Մ․-ի քույրը Քաշաթաղից երեխային վերցրած եկել է Երևան, երբ արդեն հնարավոր չէր այնտեղ մնալ։ Որպես զոհվածի այրու, նրան սերտիֆիկատ են տվել երկու անձի համար։ Կինը դիմել է «Հայբիզնեսբանկ», նրա սերտիֆիկատը վերցրել են, բայց գումար չեն տրամադրում։
«Ծրագիրը նորմալ գնում էր։ Մոտ 40 շահառուներ օգտվել են։ Բայց վերջերս անհասկանալի պատճառներով կանգնեցրել են։ Ես վաղուց եմ արդեն տուն գտել իրենց ասած գումարով՝ 20 մլն դրամով, բաց բանկը հրաժարվում է տալ։ Կանգնեցրել են պրոցեսը։ Ասում են՝ եկեք վերցրեք ձեր սերտիֆիկատները։ Մի տաս օր առաջ մեզ մերժել են։ Դու չես կարող տեսնել որոշում ընդունողին, գրավոր էլ պատասխանել են, որ բանկը հաշվի է առնում վարկունակության չափանիշը ու մերժում է։ Ես գիտեմ շատ ընտանիքներ, որոնք գնել են սերտիֆիկատներով բնակարաններ, բայց մի տաս օր է, գործընթացը կանգնեցրել են», — ասում է մեր զրուցակիցը։
Նա չի հասկանում, թե ինչու էին պայմանագիր ստորագրում Արցախի կառավարության հետ, եթե չեն վստահում վերջինիս տված սերտիֆիկատներին, կամ ինչու են ընտանիքների մի մասին տվել հնարավորութուն սերտիֆիկատով տուն գնել, մյուսներին՝ ոչ։
Մինչ օրս 2500 տեղահանված ընտանիքներ սերտիֆիկատներ են ստացել, որոնցից մոտ 250-ը ունեն զոհված, կամ անհետ կորած, սակայն տեղահանվածների մեծ մասը չեն կարողացել բնակարաններ գնել ոչ Երևանում, ոչ մարզերում։
Արցախի բնակարանային կոմիտե կոչվող կառույցը, որն իրականացնում է զոհված անձանց և այլ տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, մի չաշխատող հիմնարկ է, որն ունի ֆեյսբուքյան էջ, տարբեր հեռախոսահամարներ, բայց ոչ մեկը դրանցից չի պատասխանում։ Քաղաքացիները որևէ կերպ չեն կարողանում կապվել այս մեռյալ կառույցի հետ։ Անգամ «Թեժ գիծ» զանգահարելու դեպքում նրանք հայերեն և ռուսերեն լսում են․ «Ձեր հավաքած համարը ժամանակավորապես անջատված է»։ Կապվելը անհնար է։ Մեզ պատասխանեցին միայն Արցախի Տարածքային կառավարման նախարարության համապատասխան բաժնից, ասելով, որ իրենք չեն զբաղվում զոհվածների ընտանիքներով, այլ միայն տեղահանվածների, որոնք չունեն զոհված, կամ անհայտ կորած անդամ։
Այսպես, Արցախի պետական մարմինները խորացնում են այն անորոշությունն ու քաոսը, որում հայտնվել են արցախցիները տանուլ տված պատերազմից հետո՝ անորոշություն, որն օր օրի ավելանում է։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: