Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, իսկ հունիսի 21-ին Բրյուսելում պլանավորվում է երկու երկրների ղեկավարների հանդիպում՝ Եվրոպական Միության միջնորդությամբ։ Սակայն հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ վաշինգտոնյան հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամանակով։ Կկայանա՞ արդյոք Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Բրյուսելում, դեռ պարզ չէ։ Հատկանշական է, որ վաշինգտոնյան հանդիպումը չեղարկվել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցից հետո։
Մինչ այդ ԱՄՆ եւ ԵՄ-ը հայտնել են հստակ դիրքորոշում, որը պարզ պահանջներ է պարունակում Ադրբեջանին։
Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը նշել է, որ «որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»։
ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը նույնպես հայտարարություն է տարածել եւ կոչ արել Ադրբեջանին մշակել դրական օրակարգ, «որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ «Մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում և վերանորոգում»:
Հայ-ադրբեջական հարաբերությունների, այդ թվում Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունները հայտնվել են մի կետում, երբ Հայաստանը, հատելով բոլոր կարմիր գծերը, առավելագույն զիջումների է համաձայն: Սակայն Բաքվի կողմից չեն արվում նույնիսկ փոքր քայլեր։ Ռուսական՝ եռակողմ ձեւաչափով այդպես էլ նախատեսված էր․ Հայաստանը կորցնում է ամեն ինչ, Ադրբեջանը ստանում է ամեն ինչ, ռուսները վերահսկում են տարածաշրջանը։
Բաքուն կուռ, բայց հանգիստ դիրքորոշում է ցուցաբերում, համարելով, որ ժամանակը ամեն ինչ կհարթի՝ արցախցիները կհամակերպվեն Լաչինի միջանցքի անցակետի հետ, 2025 թվականին ռուսական զորքերը դուրս կգան, Հայաստանը կդադարի ֆինանսավորել Արցախի բյուջեն, Արեւմուտքը կհանգստանա, եւ ամեն ինչ կավարտվի։
Սակայն աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին, հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը տեղափոխվում է նաեւ Կովկաս։ Արեւմուտքը փորձում է կոտրել տարածաշրջանում Ռուսաստանի մոնոպոլ ազդեցությունը եւ թույլ չտալ, որ հեռացող Ռուսաստանը Կովկասը «նվիրի» Թուրքիային, որի հետ 100 տարի առաջ կիսել է այն։
Այդ համատեքստում, ի հակառակ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիմակայությանը, Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ է բացում Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում: Արդյո՞ք Թուրքիայի նոր արտգործնախարարը դժգոհություն է հայտնել այդ առթիվ։
«Պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է,- Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը և հավելել, -Ռուսաստանի ԱԳ նախարարը անընդմեջ շարունակում է իր իմպերիալիստական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան»:
Հիշեցնենք՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «սահմանների ամբողջական վերահսկողությունը, սահմանային ծառայությունների վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը»։ Երեւանը, փաստորեն, հրաժարվում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի ծառայությունից, ինչն արդեն Մոսկվայում մեծ աղմուկ է բարձրացրել։ Բայց ի՞նչն է լինելու նոր անվտանգության համակարգի հիմքը․ միջազգային-արեւմտյա՞նը, թե՞ թուրքականը։
Նաիրա Հայրումյան