«Դժվար չի գյուղում ապրելը»,-ասում է Բարձրավան գյուղի բնակիչ 53-ամյա Խանում Մաթևոսյանը ու անմիջապես հավելում. «Եթե դժվար էլ է, բայց չէ՞ որ բոլոր դժվարությունները մարդու համար են, ձգտում ենք հաղթահարել դրանք»:
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Բարձրավանը այն գյուղերից մեկն էր, որը շրջափակման մեջ էր հայտնվել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղուն տիրանալուց հետո:
Գորիս-Կապան մայրուղու Ադրբեջանի հսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատվածը շրջանցող ճանապարհներ կառավարությունը սկսել էր կառուցել միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը մաքսային հսկողություն սահմանեց և ճանապարհի այդ հատվածները փակվեցին հայկական կողմի համար (2021-ի նոյեմբերի 11-ին)։ 2022-ի ձմեռը ծանր էր Գորիսի ու Կապանի մի քանի գյուղերի՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ ևն համար. ճանապարհները ձյան տեղումների հետևանքով գրեթե անանցանելի էին, և բնակչությանը հաց հասցնելը խնդիր էր դարձել:
Այժմ Բարձրավան կարելի է հասնել ոչ ասֆալտապատ, գրունտային ճանապարհով, որը կտրել-անցնելու համար պետք է հաղթահարել փոշու խիտ պատնեշը։ Գյուղից Գորիս անվճար տրանսպորտ է գործում, որն էլ սակայն մինչև հարևան Որոտանից հասնում է Բարձրավան, արդեն կանգնելու տեղ չի ունենում:
Գյուղի միակ դպրոցի ուսուցիչները մինչև վերջերս Բարձրավան հասնում էին զինվորական «Ուրալով», սակայն այժմ «թարմ գազելով» են գալիս՝ շաբաթական երկու անգամ: Դպրոցի ուսուցիչներից երկուսն են միայն Բարձրավանից և նրանցից մեկն էլ հենց 53-ամյա Խանում Մաթևոսյանն է:
Տիկին Խանումը 35 տարի է՝ Բարձրավան հարս է եկել Սյունիքի Շինուհայր գյուղից՝ տասնյակ կիլոմետրեր կտրել-անցնելով: «Ջահել աղջիկ էի, սիրեցի էկա, ինչ անեմ», -ժպտում է նա: Ամուսնուն կորցրել է տարիներ առաջ: Բարձրավանի իրենց տանն ապրում է սկեսրայրի, որդու ու նրա ընտանիքի հետ: Պատերազմը մեծ հարված է հասցրել որդու ընտանիքին՝ կորցրել են Շուռնուխում տարիներ առաջ գնած ու հիմնովին վերանորոգած տունը, որն այժմ մնացել է ադրբեջանցիների օկուպացրած հատվածում:
53-ամյա կինը դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին է, համատեղությամբ՝ զբաղվում է հողագործությամբ. տան դիմաց փոքրիկ դաշտում կարտոֆիլ, լոբի է աճեցնում: «Ամեն ինչով էլ զբաղվում եմ», -ծիծաղում է նա:
Վերջերս էլ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ICRC/ԿԽՄԿ) առաջարկությամբ ազնվամորու տնկիներ է դրել և հույս ունի լավ բերք կունենան. «Ազնվամորին առաջարկեցին, ընդունեցի, համ էլ գյուղում, իմ շրջապատում շատ ցանկացողներ կան, մտածեցինք իրացման խնդիր չենք ունենա: Հաջորդ տարի գարնանը մեծ քանակի բերք ենք սպասում»:
Բացի դաշտային աշխատանքներից, կենդանիներ էլ են պահում, կաթնամթերք ստանում. «Լավ պանիր ունենք, կարաք ռեկլամ անեք, գան տանեն»:
Բարձրավանի դպրոցն այս տարի ութ աշակերտ է ունեցել: Գյուղի միակ շրջանավարտը պատերազմի հետևանքով Արցախի Իշխանաձորից տեղահանվածներից է: «Միջոցառում ենք արել, իրան բարի ճանապարհ մաղթել», -ասում է ուսուցչուհին: Մեկը դպրոցն է ավարտել, մեկ այլ երեխա էլ սեպտեմբերին կգա առաջին դասարան. Բարձրավանի դպրոցում աշակերտների թիվը կպահպանվի նաև հաջորդ ուսումնական տարվա համար:
Գյուղի երկարամյա բնակիչը հիշում է՝ 91-92 թվականներին է Բարձրավանը շատ երեխա տեսել. «Կար մի պահ, որ գյուղի դպրոցը 50 աշակերտ է ունեցել: Բայց գնալով նվազեց ծնունդների թիվը: Գյուղում ծնունդ չկա, կան ջահելներ, որոնք դեռ չեն ամուսնացել: Երիտասարդների համար զբաղվելու բան չկա»:
Պատերազմից հետո Բարձրավանից որևէ ընտանիք դուրս չի եկել, բոլորը շարունակում են ապրել այստեղ:
36-ամյա Ծաղիկ Հարությունյանը իր զույգ երեխաներից մեկի մահից հետո հանգստությունը գտել է ծաղիկներ աճեցնելու մեջ: «Հողի հետ աշխատում էի, ծաղիկներս մշակում, զգացի, որ հանգստանում եմ: Դա շատ օգնեց ինձ», -ասում է Ծաղիկը:
Ծաղիկը ծաղիկներն աճեցնում է սեփական տան բակը գեղեցկացնելու համար, սակայն եղել են մարդիկ, ովքեր նաև գնել են դրանք: «Մարդիկ կային, եկան տեսան կալաներս՝ ծաղկած, սիրուն, դուրներն եկավ, առան տարան», -ասում է Ծաղիկը:
Ազնվամորու աճեցման ԿԽՄԿ-ի ծրագրի շահառուներից է, հողամասի փոքր տարածքում ազնվամորու տնկիներ է տնկել, սպասում է, որ լավ բերք կունենա: «Գյուղում կային մարդիկ, որ Շուռնուխուց էին առնում մալինա, հենա կգան մեզանից կառնեն, էլ չեն հասնի Շուռնուխ», -ասում է Ծաղիկը:
ԿԽՄԿ-ն այս ծրագրի շրջանակներում 14 ընտանիքի հատկացրել է ազնվամորու տնկիներ ու կալիֆոռնիական որթեր՝ գոմաղբը հարստացնելու ու արդյունավետ պարարտանյութ ստանալու համար: Բացի այդ, բնակիչների համար ազնվամորու մշակման դասընթաց են անցկացրել: Հաջորդ փուլում նախատեսում են կաթիլային ոռոգման համակարգ ներդնել:
«Մինչ ծրագիրը սկսելը շուկայի որոշակի ուսումնասիրություն ենք կատարել Գորիսում և պարզվել է, որ ազնվամորու պահանջարկ Գորիսում շատ կա: Եվ բացի այդ, ազնվամորին բարձրարժեք բույս է: Մեր աջակցության իմաստն այն է, որ կամաց-կամաց շատացնեն ու հենց ունենան մեծ քանակ, հնարավոր լինի մեծ շուկաներ գրավել: Շուտով ճանապարհները որ բարեկարգվեն, ավելի հեշտ կլինի ապրանքը հասցնել շուկա: Հույս ունենք, որ սա լավ սկիզբ կլինի մարդկանց հավելյալ եկամուտ ունենալու, նաև գյուղում պահելու համար», -ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: