Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ որոշեց մերժել փաստաբանների միջնորդությունը և կրկին կալանավորել պատերազմում զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին (Հակոբյան): Այս անգամ տիկին Գայանեն կալանքի տակ կմնա 1.5 ամիս ժամանակով: Այսպիսով, փաստորեն Մարտիրոսյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը չեղյալ է համարվում:
Գայանե Մարտիրոսյանը, հիշեցնենք, մեղադրյալ է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առևանգելու գործով:
Այսօր դատարանում այդ գործով նախնական դատական նիստն էր, որի ժամանակ Մարտիրոսյանի փաստաբանները միջնորդեցին փոփոխել փախանման միջոց տնային կալանքը: «Տնային կալանքը մեզ չի բավարարում։ Պաշտպանական կողմը քրեադատավարական գործիքակազմն ունի առաջին ատյանի դատարանում բարձրացնելու այդ հարցը՝ առավել թեթև խափանման միջոցի փոխելու կամ ընդհանրապես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ»,- դատարանում միջնորդությունը ներկայացնելիս ասաց Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նրա խոսքով, այս գործով կալանքն ընդհանրապես իրավաչափ չէ: Ինչ վերաբերում է տնային կալանքին, ապա, ըստ փաստաբանի, դա նույն կալանքն է, պարզապես անձը բնակվում է իր տանը, իսկ դատարան գնում է հատուկ գումարտակի ուղեկցությամբ:
Դատարանում այսօր ելույթ ունեցավ նաև տուժող Աշոտ Փաշինյանը: Նա պնդեց, որ Գայանե Մարտիրոսյանը հանցանք է գործել և նշեց, որ նախկինում ևս Գայանե Մարտիրոսյանը հանրության համար վտանգավոր վարքագիծ է դրսևորել՝ հիշեցնելով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը, երբ զոհված զինծառայողների ծնողները խաղաղ ակցիա էին իրականացնում, իսկ ոստիկանության ծառայողները խոչընդոտեցին այն՝ բռնությամբ նրանց բերման ենթարկելով ոստիկանության բաժիններ:
«Իմ մոտեցումն այն է, որ տնային կալանքը կարող է մեղմ համարվել այս դեպքի համար՝ նաև հաշվի առնելով այն, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն: Ինչո՞ւ տնային կալանքը պետք է փոխվեր, որ մի հատ էլ էսօր նստեինք, քննարկեինք կալանքը փոխելու մասին», -դատարանում իր կարծիքը հայտնեց Աշոտ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Գայանե Մարտիրոսյանը «Որդիների կանչ» կազմակերպության անդամ է ու վկայակոչեց այդ կազմակերպության անդամների մի շարք հայտարարություններ, որոնք պարունակել են սպառնալիք, օրինակ՝ մանկապարտեզներ պայթեցնելու մասին:
«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը, որը երբեք ոչ մի մոր չեմ ցանկանա՝ նույնիսկ Աշոտի մորը»,- դատարանի դահլիճում իր հերթին հայտարարեց Գայանե Մարտիրոսյանը: Նրա խոսքով Եռաբլուրը սրբավայր է. «Պետք չէ վախենալ Եռաբլուրից, որովհետև այն սրբավայր է, աղոթատեղի։ Իսկ առևանգում ու նման բաների համար մարդիկ համապատասխան տեղ են տանում ու ավելի լավ են պատրաստվում։ Ես ուղղակի հանդիպել եմ Աշոտին, միգուցե էմոցիոնալ է եղել, դեմ չեմ, որովհետև այս թեման է։ Բայց իմացեք, որ ես երբևիցե չեմ ցանկանա ոչ մի մոր նման բան, երբևէ չեմ ցանկանա, ինձ թույլ չեմ տա։ Եթե ոմանք մոռանում են՝ ինչ եմ տվել այս երկրին, իմ հոգեվիճակն ինչպիսին է, ես ուղղակի ինձ թույլ չէի տա զուտ բարոյական տեսանկյունից»։
1.5 ամսով կալանավորելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը զարմացրեց դահլիճին: «Դուխներդ չգցեք, լսո՞ւմ եք», -դիմելով դատարանում հավաքված մարդկանց հայտարարեց Գայանե Մարտիրոսյանը: Նա ուղեկցող գումարտակի ոստիկանին խնդրեց գրկել դստերը, նոր գնալ կալանավայր, սակայն նրան թույլ չտվեցին: «Վարչապետի կողմից կա ուղղակի ազդեցություն դատարանի վրա, ինչը ապացուցվեց այս նիստի ընթացքում»,-նշեց փաստաբանը:
Ի դեպ, Աշոտ Փաշինյանը և մեղադրող դատախազը դատարանի դահլիճ մուտք գործեցին և դուրս եկան այն դռնից, որով մտավ ու դուրս եկավ դատավորը:
Արդեն դատարանից դուրս լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտ Փաշինյանը պատասխանելով հարցերին, հայտարարեց, որ սկզբում ինքն իր կամքով է նստել Գայանե Մարտիրոսյանի մեքենան և դա չի կարող համարվել առևանգում: Նաև հավելեց, որ առևանգումը սկսվել է այն պահից, երբ խնդրել է կանգնեցնել մեքենան, քանի որ ինքը չի ցանկանում գնալ Եռաբլուր, իսկ Գայանե Մարտիրոսյանը չի կանգնեցրել, ինչից հետո միայն ինքը դուրս է թռել մեքենայի միջից:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: